ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է «Որսակ» հայ որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներին՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպմանը մասնակցել են նաև Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտեմ Թարզյանը և նախարարության այլ պատասխանատուներ։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ որսորդական հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, որսորդ-լրագրող Էդուարդ Սարիբեկյանը հայտնել է, որ իրենց նպատակը հայրենի բնությունը սիրող որսորդների իրավունքները պաշտպանելն է և որսի սահմանված օրինական կարգի ու որսորդական էթիկայի խախտմամբ որս իրականացնողների դեմ պայքարելը։ Հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մասնավորապես բարձրացրել են որսի կանոնների խախտմամբ կատարվող ձկնորսության հիմնախնդիրը, ներկայացրել դրա դեմ պայքարի առաջարկներ, ինչպես նաև այն կանխելու նպատակով բնապահպանական գերատեսչության հետ համատեղ միջոցառումներ իրականացնելու պատրաստակամություն հայտնել։
Հանդիպմանը քննարկվել են նաև ապօրինի որսորդության դեմ տեսչական մարմնի վերահսկողական գործառույթների ուժեղացման, ինչպես նաև որսի թույլտվությունների գործընթացի կանոնակարգմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև որսորդների շրջանում որսի կանոնների վերաբերյալ էկոկրթական միջոցառումներ անցկացնելու և իրազեկվածությունը բարձրացնելու մեխանիզմներին։
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Եղիշ Տերտերյանը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործառույթների առանձնահատկությունները և լիազորությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով կատարվող քայլերը։
Նախարար Արծվիկ Մինասյանը, լսելով ներկայացված մտահոգությունները և փաստարկները, նկատել է, որ բարձրացված հարցերն առաջին հերթին օրենսդրական կարգավորման կարիք ունեն, ինչի ուղղությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն արդեն սկսել է աշխատանքները։ Նախարարը գերատեսչության պատասխանատուներին հանձնարարել է մշակվող լուծումների վերաբերյալ տեղեկացնել հասարակական կազմակերպության անդամներին և քննարկել նրանց ներկայացրած առաջարկները։ Ա. Մինասյանը կարևորել է բնապահպանական խնդիրների լուծման գործընթացում հասարակական լայն շերտերի աջակցությունը և առաջարկել որսորդական հասարակական կազմակերպության բարձրացրած հարցերի լուծման նպատակով ձևավորել միասնական հարթակ, որտեղ կսահմանվեն համագործակցության ուղղությունները և որի շրջանակներում հանդիպումները կլինեն պարբերական և գործնական քայլերին միտված խնդրադրումներով։
ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն