Բայց այս պատմությունը մի աբսուրդ էլ ունի: Հանկարծ ու պարզվի, որ ոչ մի շարժական արագաչափ էլ չկա: Ոստիկանությունը դա հորինել է, որպեսզի վարորդներն ամենուր պահպանեն զգոնությունը, չգերազանցեն արագությունը՝ կարծելով, որ կարող են նկարվել ու տուգանվել:
Դե մոտավորապես այն տրամաբանությամբ, երբ ծնողները երեխաներին մանկապարտեզ են տանում ու ասում, որ հեռադիտակով նայելու են, թե արդյոք խելո՞ք են պահելու իրենց: Եթե նույնիսկ այսպես է, ապա միեւնույն է՝ ոստիկանության այս նորարարության մեջ որեւէ հակաօրինակ, հակասահմանադրական բան չկա, հակառակ պարագայում, երբ Քրիստոսը երկրորդ անգամ գա Երկիր, ու մինչ սկսի Մեծ դատաստանը, մենք պետք է նախ դատենք նրան ու Հորը` նրանց մեղադրելով մեզ գաղտնի հետեւելու համար:
Բայց քանի որ մեր ոստիկանությունը հազիվ թե նման բան մտածած լինի, կնշանակի ճանապարհներին իրոք կան շարժական արագաչափեր, որոնցից պետք չէ զգուշանալ, պետք է պարզապես չշտապել, անգամ Իջեւան, նույնիսկ խոզի միս ուտելու: Ի դեպ, բացի սրանից էլ ինչո՞ւ ենք շտապում, գնում ենք Իլհամ Ալիեւի ակա՞նջը կտրենք, քանի դեռ ոչ մեկը չի կտրել, թե՞ մեր երկրի տնտեսությունն ենք մեր Մերսեդեսներով առաջ տանում, ո՞ւր ենք շտապում, մանավանդ որ, երբ մեզ հարցնում են՝ ինչպե՞ս եք, սովորաբար պատասխանում ենք՝ կամաց-կամաց:
Հենց կամաց-կամաց էլ կսովորենք արագությունը չգերազանցել, հետո ուրիշ բաներ կսովորենք, ապա կսովորենք արագ-արագ սովորել՝ քշել չէ, ապրե՛լ:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այս համարում