Եթե նախկինում ՀՀ նախագահի թեկնածուներն օրենքով սահմանված կարգով համապատասխան փաստաթղթերը ներկայացնում էին ԿԸՀ, որն էլ գրանցում կամ էլ մերժում էր թեկնածուների գրանցումը, ապա այժմ, սահմանադրական բարեփոխումներով պայմանավորված, այլ կարգ է սահմանված: ԿԸՀ-ն այլեւս խաղի մեջ չէ, ԱԺ-ն է նախագահի թեկնածուներին «դատող» մարմինը:
Նախկինում, ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն, նախագահի թեկնածուն ներկայացնում էր նախագահի թեկնածու գրանցվելու համար պահանջվող հետեւյալ փաստաթղթերը (ըստ օրինակելի ձեւի)՝ տվյալ կուսակցության՝ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին որոշումը, տեղեկանք թեկնածուի` վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու եւ վերջին տասը տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին, թեկնածուի գրավոր հայտարարությունը ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համաձայնության մասին, թեկնածուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, թեկնածուի լիազոր ներկայացուցչի տվյալները, կուսակցության կանոնադրությունը, ԿԲ-ում ընտրական գրավի վճարման անդորրագիրը (2013-ին ընտրագրավը նվազագույն աշխատավարձի 8 հազարապատիկի չափով էր):
ՀՀ չորրորդ նախագահն ընտրվելու է այլ կարգով, այլ են նաեւ նրան ներկայացվող փաստաթղթային պահանջները: Ըստ ՀՀ ԱԺ աշխատակարգի, որն էլ սահմանում է ԱԺ-ի կողմից ընտրվող պաշտոններում առաջադրման համար փաստաթղթերի ցանկը, ՀՀ նախագահի թեկնածու առաջադրելու մասին պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի գրավոր դիմումին կցվում են թեկնածուի՝ անձը հաստատող փաստաթղթի պատճենը, վերջին վեց տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վերջին վեց տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանքը, հայերենին տիրապետելու հանգամանքը հավաստող փաստաթղթի պատճենը, կենսագրությունը, ինչպես նաեւ պաշտոնում ընտրվելու համար գրավոր համաձայնությունը: Ինչպես տեսնում ենք, ոչ միայն մշտական բնակության տարիներն են կրճատվել՝ 10-ից դառնալով 6, այլ նաեւ վերաձեւակերպվել է ՀՀ քաղաքացիության պահանջը՝ «այլ պետության քաղաքացիություն չունենալու» հանգամանքն այժմ ձեւակերպված է «միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու» ձեւով:
Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում