«Ամերիկայի ձայն». Վիզաների խարդախությունը ոչ միայն քրեական հանցանք է. այն նաեւ խոչընդոտում է երկրների միջեւ մշակութային համագործակցությունը, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է Միացյալ Նահանգների Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյա:
«Մի քանի վատ խնձոր վնասում է մյուս բոլորին», – ամերիկյան ասացվածքով է արձագանքում օրեր առաջ մի շարք հայերի դեմ հարուցված քրեական գործին ԱՄՆ-ի Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավար, գլխավոր դատախազի օգնականի պաշտոնակատար Ջոն Քրոնանը. «Մշակութային գործիչների P-3 վիզան ամերիկյան կողմի համար մյուս երկրների մշակույթին ծանոթանալու հրաշալի հնարավորություն է»:
Սակայն, երբ մշակութային գործչի վիզա ստանալու գործընթացում կեղծիքներ են բացահայտվում, դա վնասում է մշակութային կապերին, նշում է պաշտոնյան.
«Խնդիրն այն է, որ այն գործիչների նկատմամբ, ովքեր իրականում նախատեսում են ԱՄՆ-ում իրենց մշակութային տաղանդը ներկայացնել, հնարավոր է նման դեպքերից հետո թերահավատություն եւ կասկած դրսեւորվի, որովհետեւ ենթադրաբար մյուսները ստել են»:
Հայերին ներկայացված մեղադրանքի շուրջ զրույցի ընթացքում Ջոն Քրոնանը կրկնում է «ենթադրաբար» բառը, հիշեցնելով, որ մինչ անձի մեղքը դատարանով չի ապացուցված, անձը մեղավոր չէ.
«Տիկին Բոյաջյանը մեղադրվում է միջազգային ներգաղթային խարդախություն ղեկավարելու մեջ, որի ընթացքում կեղծիքի միջոցով անձանց ապօրինի օգնում էին P-3 վիզաներ ստանալ»:
Մեղադրանքի համաձայն, Հայաստանի մի շարք քաղաքացիներին կեղծ ներկայացնում էին որպես հայկական ազգային երաժիշտներ եւ պարողներ, լուսանկարում եւ վարժեցնում՝ ինչպես ստել ԱՄՆ-ի հյուպատոսական ծառայության աշխատակիցների հետ հարցազրույցի ընթացքում.
«Յուրաքանչյուր անձ ենթադրաբար, վճարում էր մեղադրյալներին 3-15 հազար դոլար»:
Հիշեցնենք, որ հիմնական մեղադրյալ Ստելլա Բոյաջյանը «Ամերիկայի Ձայն»-ի հետ հեռախոսազրույցում հայտնեց, որ իրեն մեղավոր չի համարում, սակայն, չնայած մեր խնդրանքի, դեռեւս զերծ է մնում հարցազրույց տալուց:
Անդրադառնալով մյուս մեղադրյալ, ենթադրաբար Հայաստանում գտնվող Դիանա Գրիգորյանին, Ջոն Քրոնանը հիշեցրեց, որ նրա նկատմամբ ԱՄՆ-ը հետախուզում է հայտարարել. «Միացյալ Նահանգներն ու Հայաստանը չունեն «Հանձնման մասին» պայմանագիր, սակայն, գիտակցելով դա, մենք միեւնույն է փորձելու ենք օգտագործել հնարավոր բոլոր միջոցները, որպեսզի նա կանգնի Միացյալ Նահանգների դատարանի առջեւ»:
Արդարադատության նախարարության քրեական բաժանմունքի ղեկավարն ընդգծում է՝ վիզաների եւ ընդհանրապես ներգաղթի հետ կապված հանցագործությունները ԱՄՆ-ի իշխանությունների ուշադրության կենտրոնում են՝ չէ որ կեղծիքով ստացված մուտքի վիզան ճանապարհ է բացում ամենատարբեր հանցագործներին:
Արման ԹԱՐՋԻՄԱՆՅԱՆ