Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնական եւ պոպուլիստական ստերը

Փետրվար 17,2018 10:00

1996 թվականի սեպտեմբերի 25-ին ԱԺՄ-ականներն առաջնորդեցին ընտրությունների արդյունքներից դժգոհ ամբոխը դեպի խորհրդարան, եւ արդյունքում ծեծի ենթարկվեցին ԱԺ նախագահն ու փոխնախագահը: Հաջորդ օրը իշխող կուսակցության պատգամավորները, ակնհայտորեն «աչոկ հավաքելու» նկատառումներոով, ուղիղ եթերում ծեծեցին իրենց ընդդիմադիր գործընկերներին խորհրդարանի նիստի ժամանակ: Հետագա օրերին մարդիկ, տեսնելով ինձ փողոցում, զրույցի էին բռնվում՝ «տեսա՞ր, ինչ արին էդ ՀՀՇ-ականները, բա կարելի՞ է նիստի ժամանակ դեպուտատներին ծեծել»: Թե ինչ էր դրան նախորդել, ոչ մեկին առանձնապես չէր հետաքրքրում: Ճիշտ է, «ապստամբության իրավունքի» մասին այն ժամանակ դեռ չէր խոսվում, բայց խորհրդարանի ղեկավարներին ծեծելը համարվում էր միանգամայն բնականոն:

Ճիշտ նույն ձեւով 1990 թվականին կոմունիստական Գերագույն խորհրդի ղեկավար Հրանտ Ոսկանյանի գլուխը ջարդելը նույն ՀՀՇ-ականներն ու նրանց համակիրներն էին համարում բնականոն: Հիշում եմ՝ երբ այն ժամանակ ես մի կնոջ ուզում էի համոզել, թե գլուխ ջարդելը լավ բան չի, նա անկեղծորեն զայրացավ՝ «ի՞նչ Ոսկանյան, Ոսկան-օղլո՛ւ, սրանք բոլորը թո՛ւրք են», եւ սկսեց ինձ կասկածել կոմունիստներին համակրելու մեջ: Հայաստանում իշխանության նկատմամբ լայն զանգվածների վերաբերմունքը, այսպես ասենք, ունի իր յուրահատկությունները: Որքան ինձ հիշում եմ (մոտավորապես 1970-ականների սկզբից), դա այդպես է:

Եվ այսպես, ՀՀՇ-ականները եւ նրանց համակիրները հիշում են 1996 թվականի սեպտեմբերի 25-ը, ԱԺՄ-ականները եւ նրանց հետ միասին ժողովրդական լայն զանգվածները հիշում են սեպտեմբերի 26-ը: Իսկ ով հիշում ու դատապարտում է թե՛ մեկը, թե՛ մյուսը, նրանք երկու կողմի համար էլ ամենավատ անձնավորություններն են` «համ նալին են խփում, համ մեխին»:

Նույնը կարելի է ասել մեր նորագույն պատմութան գրեթե բոլոր իրադարձությունների մասին, ընդհուպ մինչեւ ՊՊԾ գնդի զինված գրավումը կամ թեկուզ ավագանու նիստում տեղի ունեցած վերջին միջադեպը:

Կա իրադարձության երկու տիպի մեկնություն՝ պոպուլիստական եւ պաշտոնական՝ երկուսն էլ հեռու են իրականությունից, երկուսն էլ պետք է բաժանել երկուսի, իսկ այնուհետեւ երկու կեսերը միացնել իրար:

Ծայրահեղ նիհիլիզմը, քաղաքացիական գիտակցության իսպառ բացակայությունը ժողովրդի մեղքը չի՝ դա քաղաքական եւ մտավոր վերնախավի մեղքն է՝ վերնախավի, որն առաջնորդվում է ոչ թե սկզբունքներով (օրինակ` ցանկացած բռնության մերժմամբ), այլ նպատակահարմարությամբ՝ մերթ հաճոյանալ ժողովրդին, մերթ ներփակվել պաշտոնական անհաղորդ, կյանքից կտրված «ամրոցի» մեջ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կա երեք տեսակի իշխանություն՝ պետական իշխանություն, կազմակերպված հանցավոր խմբակցություն եւ ժողովուրդ, առաջին երկուսը ունեն գործող ներքին հզոր օրենքներ, այնտեղ կաշառակերությունն ու անկարգապահությունը խստորեն ու արդյունավետ պատժվում է, իսկ ժողովուրդը չունի ոչ ներքին օրենքներ, ոչ էլ պատժիչ կամ ուղղիչ կառույցներ, որ ասենք տասը հազարականների հախից գան այնպես, որ երկրորդ անգամ դրանց մտքով էլ չանցնի կաշառք վերցնեն: Եթե ժողովուրդը առաջին երկուսի նման գործող օրենքներ ունենար ու ինքնամաքրողական կառույցներ՝ մենք ազգ կդառնանք ու էլ դարդ ու ցավ չէինք ունենա, առաջինին կազատեինք ուրիշների քմկը մտնելու անսկզբունք ու թուլամորթ քաղաքականությունից, իսկ երկրորդին կուղարկեինք գործնական ուղեւորության թշնամի երկրների բռնատիրական համակարգը ոչնչացնելու ու տեղական ժողովուրդներին ազգ դառնալու հնարավորություն տալու համար:

  2. Avag says:

    “քաղաքական եւ մտավոր վերնախավ “-ը հենց նույն ժողովրդի ծնուննդ է;
    Այսինքն չկա մեղավոր:
    Կա իրականություն, ու պետք է էտ իրականությունում մարդ ապրի, այլ ոչ թե իր մոգոնած իրականությունում

  3. samvel says:

    Ամբողջովին համաձայն եմ Avag-ի հետ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728