Լրահոս
Օրվա լրահոսը

Համանախագահների եւ ԵՄ-ի «հավասարակշռված» դիրքորոշումը խրախուսում է Ալիեւին

Փետրվար 17,2018 12:00

«Առավոտ»-ի զրուցակիցն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանը:

– Պարոն Շահնազարյան, հունվարի 30-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ԱԳՆ-ում հայտարարեց, որ արդեն հասունացել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու եւ արդիականացնելու ժամանակը: Ի՞նչ եք կարծում՝ մասնավորապես ո՞ր ուղղություններն ունեն վերանայման անհրաժեշտություն:

– 2007թ. ընդունված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունն արդիականացնելու անհրաժեշտությունը վաղուց էր առաջացել, աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրադարձություններն այնքան դինամիկ են փոփոխությունների ենթարկվում, անընդհատ նորանոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, եւ կարծում եմ՝ այդ փաստաթուղթը պարբերաբար պետք է արդիականացվի: Կարծում եմ՝ նոր հայեցակարգում անհրաժեշտ է առնվազն երկու կետ ներառել: Առաջինը՝ ամրագրել Հայաստանի հավասարակշռված եւ բազմակողմանի արտաքին քաղաքականությունը:

– Կհստակեցնեք՝ ո՞ր ուղղությամբ: Որովհետեւ ընդունված է համարել, որ Հայաստանի կողմից բազմավեկտոր քաղաքականություն առանց այդ էլ տարվում է՝ «եւ-եւ»-ի շրջանակներում:

– Արտաքին այն քաղաքականությունը, որը վարվում է վերջին տարում, դրական եմ գնահատում, սկզբունքներն իրենց արդարացնում են, դրանք պետք չէ փոփոխել: Արտաքին քաղաքականությունը պետք է շարունակվի լինել հավասարակշռված եւ բազմավեկտոր, բայց ավելի ակտիվ եւ նախաձեռնողական: Մասնավորապես, Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները պահպանելով՝ պետք է զարգացնել եւ հավասարակշռել ԵՄ-ի եւ Միացյալ Նահանգների, Իրանի եւ Իսրայելի հետ հարաբերությունները, ինչպես նաեւ խորացնել բազմակողմանի համագործակցությունը Չինաստանի եւ Հնդկաստանի հետ:

Երկրորդ կետը, որը պետք է տեղ գտնի ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունում, կոռուպցիայի դեմ իրական եւ արդյունավետ պայքարն է, որովհետեւ տնտեսության զարգացման մեջ, որքան էլ դրական դինամիկ է նշմարվում, այն բավարար չէ ազգային անվտանգության խնդիրները լուծելու տեսանկյունից:

– Ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու անհրաժեշտությունը պայմանավորում են նաեւ 2016թ. ապրիլյան պատերազմով: Այստեղ ի՞նչ անելիքներ ունենք:

– Շատ ավելի ընդհանուր եմ դիտարկում այդ ամենը: Զինված ուժերի արդիականացման յոթամյա ծրագիրը ընդամենը մի ոլորտ է, բանակը ազգային անվտանգության ապահովման վերջին միջոցն է: Ազգային անվտանգության համակարգը շատ լայն դաշտ է՝ սկսած արտաքին քաղաքականությունից մինչեւ տնտեսություն: Իսկ ապրիլյան պատերազմից մենք դասեր, կարծես, ամբողջապես չենք քաղել, բայց, նախեւառաջ, հավասարակշռված եւ բազմակողմանի արտաքին քաղաքականությունն է կարեւոր՝ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային սրընթաց փոփոխություններին համահունչ:

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային վերջին այցին զուգահեռ ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան. Ադրբեջանի նախագահի կողմից աղմկահարույց հայտարարությունը հնչեց՝ «Երեւանն ու Զանգեզուրը վերադարձնելու» մասին, սահմանում զոհ ունեցանք, համանախագահները կրկին հավասարակշռված հայտարարություն ընդունեցին, որում թեեւ կոչ արեցին կողմերին «զերծ մնալ բորբոքիչ հայտարարություններից եւ սադրիչ գործողություններից», բայց, այնուամենայնիվ, հասցեական չնշեցին, որ Ադրբեջանին են վերաբերում այդ կոչերը: Ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին իրադարձությունները Ղարաբաղյան կարգավորման շուրջ:

– «Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» մասին Ադրբեջանի նախագահի հայտարարությանը պետք է լուրջ վերաբերվել մի քանի պատճառներով: Ալիեւը հայտարարությունն արել է ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների հետ հանդիպումից հետո, երբ նրանք դեռեւս տարածաշրջանում էին: Վստահ եմ, որ ե՛ւ Ալիեւը, ե՛ւ համանախագահները դժգոհ են եղել հանդիպումից: Համանախագահները պնդել են, որ խնդրի խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար երեք սկզբունքների վրա՝ ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման սկզբունքների վրա, ինչը հակասում է Ալիեւի քաղաքականությանը:

Վստահ եմ, որ համանախագահները Ալիեւի առջեւ կրկին դրել են շփման գծում վերահսկողության եւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման պահանջի իրագործման հարցը՝ համաձայն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունների: Ինչպես նաեւ բարձրացրել են կողմերի միջեւ վստահություն ստեղծելու քայլերի անհրաժեշտության հարցը: Այս ամենը չի մտնում Ադրբեջանի ծրագրերի մեջ, եւ վստահ եմ, որ Ալիեւը բարձրացրել է բացառապես տարածքների վերադարձման հարցը:

Այս հանդիպումից հետո արված Ալիեւի վերոհիշյալ հայտարարությունը չպետք է կապել բացառապես նախընտրական գործոնի հետ, իսկ եթե նույնիսկ դա նախընտրական քարոզչական հնարք է, ապա այն վկայում է, որ Ալիեւը ձգտում է էլ ավելի ծայրահեղական տրամադրություններ բորբոքել իր երկրի հասարակության մեջ: Բացի այդ, դա հստակ ուղերձ է համանախագահներին, եւ այդպես է նա պատասխանում վստահության մեխանիզմներ ստեղծելու միջնորդների կոչին:

Հաջորդը՝ Ալիեւն իր հայտարարությամբ փորձում է ազդել հայաստանյան ներքաղաքական իրավիճակի վրա՝ հույս ունենալով, որ Հայաստանում նույնպես արմատական, ծայրահեղ կոչեր կհնչեն, որ, օրինակ՝ անհրաժեշտ է դադարեցնել բանակցությունները: Հետեւաբար թե՛ քաղաքական ուժերը, թե՛ հասարակական կազմակերպությունները, թե՛ փորձագիտական հանրությունը պետք է զերծ մնան նման կոչերից եւ չհայտնվեն Ալիեւի լարած ծուղակում:

Ավելին, Հայաստանը բավական ակտիվ պետք է շարունակի իր հավատարմությունը հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին եւ խաղաղ բանակցություններին, որոնք չեն հակասում հայկական կողմի շահերին: Կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշումը պարզ է՝ տարածքներ՝ Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի դիմաց: Ակնհայտ է, որ Ղարաբաղյան կարգավորումը հնարավոր է բացառապես փոխզիջումներով, եւ շփման գծի փոփոխություն առանց կարգավիճակի հստակեցման՝ էլ ավելի վտանգավոր ու պայթյունավտանգ դրություն կստեղծի, քան այն, ինչ ունենք այսօր: Իսկ Ադրբեջանը, ակնհայտ է, որ ձգտում է տապալել բանակցային գործընթացը, որովհետեւ այն հունով, որով այն ընթանում է, բացարձակապես չի համապատասխանում նրա պատկերացրած քաղաքականությանը:

Ալիեւի քայլը, կարծում եմ, այլ դրդապատճառներ էլ ունի, որի մասին, սակայն, հետո կխոսենք:

Թերեւս, միակ հաշվարկը, որում Ալիեւն առայժմ չի սխալվել, դա միջազգային հանրության կողմից համարժեք արձագանքի բացակայությունն է նրա՝ «Երեւանը եւ Զանգեզուրը վերադարձնելու» հայտարարությանն ի պատասխան: Չկա նման արձագանք ոչ համանախագահների կողմից, ոչ համանախագահող երկրների կողմից, ոչ ԵՄ-ի կողմից: Այդ հայտարարությունից հետո Ադրբեջանի ԱԳ նախարարը Բրյուսելում հանդիպում էր ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, ավելին՝ հայտարարվեց, որ ԵՄ-ն Ադրբեջանի հետ եւս պատրաստվում է ՀԸԳՀ (ԵՄ-ի հետ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիր) ստորագրել, եւ ոչ մի խոսք Ալիեւի վերոնշյալ հայտարարության մասին: Համանախագահող երկրների, ԵՄ-ի նման «հավասարակշռված» դիրքորոշումը խրախուսում է Ալիեւի ռազմատենչ քաղաքականությանը:

Եթե դիտարկենք Ադրբեջանի վերջին 7-8 տարվա արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դեռ մինչեւ 2013 թվականը, երբ Հայաստանը պատրաստվում էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, Ադրբեջանի թիրախում ԵՄ-ն էր՝ «խավիարային դիվանագիտությամբ»: 2013 թվականից, երբ Հայաստանը հայտարարեց, որ անդամակցելու է Մաքսային միությանը եւ Եվրասիական տնտեսական միությանը՝ Ադրբեջանի քաղաքականության թիրախը դարձան Ռուսաստանն ու ԵԱՏՄ անդամ պետությունները: Իսկ Հայաստանի եւ ԵՄ-ի միջեւ ՀԸԳՀ-ն ստորագրելուց հետո Ադրբեջանը սկսեց աշխատել ԵՄ-ի հետ եւ հիմա պատրաստվում է ԵՄ-ի հետ համաձայնագիր ստորագրել:

Այստեղ մեկ կարեւոր հանգամանք. ՀԸԳՀ-ում, որը Հայաստանը ստորագրել է ԵՄ անդամ բոլոր 28 պետությունների հետ, հստակ ամրագրված է, որ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վերոնշյալ սկզբունքների հիման վրա, հիմա Ադրբեջանը պատրաստվում է նման փաստաթուղթ ստորագրել ԵՄ-ի հետ, եւ չափազանց կարեւոր է, որպեսզի թե՛ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը, թե՛ խորհրդարանական դիվանագիտությունը նպատակաուղղված գործունեություն ծավալեն, որպեսզի հնարավորինս արագ՝ ընթացիկ տարում ներկայիս Եվրախորհրդարանը վավերացնի Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ-ն:

Ակնհայտ է, որ Ալիեւը վերջին տարիներին նպատակ ուներ միջազգային հանրությունից պատերազմի իրավունք ստանալ եւ հիմա էլ փորձում է շարունակել այդ քաղաքականությունը՝ մոռանալով 2016թ. ապրիլյան պատերազմում իր ծրագրերի տապալումը եւ դրանից դասեր չքաղելը: Ակնհայտ է, որ այդ քաղաքականությունը արդյունք չէր կարող տալ, իսկ ՀՀ-ի եւ ԵՄ-ի միջեւ ՀԸԳՀ-ն ստորագրելուց հետո Ալիեւի այդ նպատակը վերջնականապես դատապարտված է:

– Փաստորեն, ԵՄ-ում էլ դեմ չեն Ադրբեջանի նման գործընկեր ունենալ, որի ղեկավարը, արեւմտյան բազմաթիվ հրապարակումների համաձայն, թաթախված է կոռուպցիոն գործարքներում:

– Այո: Նման հանդուրժողականությունը խրախուսում է Ալիեւի ներկայիս ռազմատենչ քաղաքականության շարունակմանը: Մեկ օրինակ բերեմ. երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը նման ծայրահեղ հայտարարություններով հանդես եկավ, միջազգային հանրության կողմից խիստ դատապարտող արձագանքներ հնչեցին, ՄԱԿ-ի ԱԽ-ն պատժամիջոցներ ընդունեց:

Ալիեւի հայտարարությունների վերաբերյալ միջազգային հանրության կողմից ցուցաբերվող հանդուրժողական վերաբերմունքն ուղղակիորեն խրախուսում է նրա վարած ռազմատենչ քաղաքականության շարունակմանը: Թե՛ ԵԱՀԿ ՄԽ-ն համանախագահող պետությունների, թե՛ ԵՄ-ի կողմից մինչ օրս համարժեք գնահատական չի հնչել, իսկ համանախագահների համատեղ հայտարարության մեջ «հավասարակշռված» գնահատականները անհասցե էին:

 

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 16.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ruben says:

    1994-1995 թվականներին աշխատել է ազգային անվտանգության պետական վարչության պետի պաշտոնակատար

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728