Վարչական դատարանում իրավապաշտպան գրասենյակի
հայցի քննությունը նշանակվել է մարտի 19-ին
«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» Վանաձորի գրասենյակի անցյալ տարվա 401 տեղեկատվական հարցումներից ժամանակին ստացվել են 305-ի պատասխանները:
Գրասենյակի պաշտոնական կայքի համաձայն, ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2017-ին ամենապարտաճանաչ կառույցներն են ՀՀ ոստիկանությունն ու նրա ստորաբաժանումները, սոցիալական եւ առողջապահական, ինչպես նաեւ արդարադատության ոլորտի կառույցները: Ոստիկանությանը ներկայացված 30 հարցումներից 29-ի պատասխաններն ստացվել են ժամանակին. «2017թ.-ին ժամանակին ներկայացված պատասխանների թվով նրանց շարքը համալրել են ՀՀ դատախազությունն ու տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները»: ՀՀ դատախազության ուշացած պատասխանների թիվն աճել է, ըստ գրասենյակի 7 հարցման պատասխանների, իսկ 2-ին ընդհանրապես պատասխան չի տրամադրվել:
Ինչպես 2016թ.-ին, այնպես էլ 2017-ին «առաջատարը» ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Վանաձորի գրասենյակի տեղեկացմամբ, 2017թ.-ին ներկայացված 28 հարցումներից ՊՆ-ն ժամանակին պատասխանել է դրանցից միայն 8-ին:
Հարցումներին չպատասխանելու գործերից մեկի դատաքննությունը տեղի ունեցավ օրեր առաջ:
Փետրվարի 5-ին ՀՀ վարչական դատարանում, Արթուր Ծատուրյանի նախագահությամբ, մինչ օրս երկու նախնական նիստ եւ չորս դատաքննություն է տեղի ունեցել:
Անցյալ տարվա մարտի 3-ի հայցով ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է զինվորական ծառայության սահմանափակումների բնութագրի, թույլատրվող ֆիզիկական վարժությունների եւ զինծառայողների պաշտոնների նշանակման սահմանափակումների վերաբերյալ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014 թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկի պատճենը: Ըստ հայցվորի, պաշտպանության նախարարությունն ավելի վաղ մերժել է տրամադրել տեղեկատվությունը՝ պատճառաբանելով, թե պետական գաղտնիք է: Դատական նիստերից մեկի ժամանակ՝ 2017թ. հուլիսի 20-ին, ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ ձեռնարկը ՀՀ ՊՆ 04.08.2013թ. 410-Ն հրամանի հավելվածի տեսքով հասանելի կլինի նաեւ «arlis.am» համակարգում, սակայն այդպես էլ չհրապարակվեց: 2017թ. դեկտեմբերի 21-ին հայցվորի տեղեկացմամբ, դատարանը վճռի հրապարակման օր էր նշանակել, սակայն դատարանը հայտարարում է դատաքննությունը վերսկսելու մասին:
Փետրվարի նիստի ընթացքում դատարանին հետաքրքրում էր, թե ինչու է հայցադիմումին կից ներկայացվել նաեւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2014 թ. հոկտեմբերի 23-ի տեղեկատվության հարցումը եւ ՀՀ պաշտպանության նախարարության պատասխանը։
Իրավապաշտպան գրասենյակի Երեւանի ներկայացուցչության իրավաբան Տաթեւ Սիրադեղյանը նշել էր, որ հարցումը ներկայացվել է որպես ապացույց այն մասին, թե ինչ բովանդակություն ունի ձեռնարկը։ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է. «Օրենսդրական փոփոխությունների շրջանակներում մշակվել են կառավարության որոշումներ, որոնցով զինվորական ծառայության սահմանափակումների բնութագիրը, թույլատրվող ֆիզիկական վարժությունների ցանկը պետք է հրապարակային բնույթ կրեն» եւ տրամադրել է դրանց մշակված տարբերակները։ Այն չի գոհացրել հայցվոր կազմակերպությանը, քանի որ, ըստ նրանց, ներկայացվածը ընդգրկում է նոր իրավական ակտերի բովանդակությունը, իսկ իրենց պահանջը ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 2014թ. հունվարի 15-ի հրամանով հաստատված ձեռնարկն է: Դատարանն առաջարկել է ՊՆ ներկայացուցչին դատարանին ներկայացնել գաղտնի հրամանի այն հատվածը, որը ապացուցում է հրամանի գաղտնի լինելը։ Ի դեպ, եթե նախարարությունն, այդուհանդերձ, որոշի, որ այն հնարավոր չի տրամադրել դատարանին պատճենի տեսքով, հրամանի այդ հատվածը կհետազոտվի դռնփակ դատական նիստում։
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ»
16.02.2018