ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կհամագործակցի Սորբոնի համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի հետ
«Մեր օրերում առավել կարեւոր է դարձել լրագրողական կրթությունը, քանի որ այժմ յուրաքանչյուր անձ, որը գրում է համացանցում, իրեն թվում է՝ լրագրող է: Բայց դա ամենեւին էլ լրագրություն չէ»,- «Առավոտի» հետ զրույցում հավաստիացրեց Սորբոնի համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի բաժնի պատվիրակության ղեկավար Էղվե Դեմեյիին:
Տեղեկացնենք՝ «Կարճատեւ խմբագրություն Հայաստանում» վերապատրաստման ծրագրի շրջանակում ԵՊՀ ժուռալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել են Սորբոնի համալսարանի 5 պրոֆեսորներ ու ժուռնալիստիկայի ֆակուլտետի 29 ուսանողներ:
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը տեղեկացրեց՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել ժուռնալիստիկայի ֆակուլտետում համատեղ ստեղծել Ֆրանկաֆոն լրագրողների կենտրոն, մշակել ուսումնական ծրագրեր, խոսվել է դասախոսների վերապատրաստման ծրագրերի, ուսանողների փոխանակման ծրագրերի մասին: Ըստ Նաղաշ Մարտիրոսյանի՝ հնարավոր է ֆրանսիացի գործընկերների հետ ձեռնամուխ լինեն նաեւ ժուռնալիստիկայի վերաբերյալ որեւէ կարեւոր դասագրքի թարգմանության:
Նաղաշ Մարտիրոսյանը հավաստիացրեց՝ լրագրողական կրթության կազմակերպման առումով համագործակցությունը եւ՚ լրատվադաշտի, եւ՚ լրագրողական կազմակերությունների, եւ՚ ներքին ու արտաքին գործընկերների հետ անհրաժեշտ է. «Առավել եւս Սորբոնի համալսարանի ժուռնալիստիկայի դպրոցի հետ համագործակցությունը, որը լուրջ ավանդույթներ ունի լրագրողական կրթության ոլորտում: Համոզված եմ՝ փոխգործակցության այն հեռանկարները, որ բացվելու են առաջիկայում, իսկ նման պայմանավորվածություն արդեն ունենք, կյանքի կոչելիս կրթական նոր որակ պիտի ապահովենք՝ որքան հնարավոր է միջազգային փորձը տեղայնացնելով, բայց պահելով ունեցածը: Մեր ֆրանսիացի գործընկերները նույնպես համոզված են, որ լրագրությունը՝ որպես մասնագիտություն այսօր լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, բայց համոզված ենք, որ երբեք լրագրության զարգացման համար այսպիսի նպաստավոր պայմաններ չեն եղել, որքան հիմա»:
Էղվե Դեմեյիին մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց՝ թվային տեխնոլոգիաների պատճառով այժմ ֆեյք՝ կեղծ տեղեկատվությունն ամենուր է. «Լրագրողը պետք է ունենա այն կրթական հիմքը, որը նրան հնարավորություն կտա ճշգրտված, հավասարակշռված լուրեր հրապարակել»:
Սորբոնի համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի բաժնի դասախոս, ֆրանսիական www.la-croix.com («Խաչ») կայքի տնտեսական բաժնի մեկնաբան Ալեն Գույըմոլը եւս կարեւորեց լրագրողական կրթությունը: Նա օրինակ բերեց. «Համոզվելու համար պետք է նայել սոցիալական ցանցերում հրապարակումները, որտեղ գրում են մարդիկ, որոնք լրագրողական կրթություն չեն ստացել, բայց իրենց թվում է՝ լրագրող են եւ իրենց լրագրողի պես են պահում: Վեբում հրապարակված շատ բովանդակություն ունի ցածր որակ, դուք կարող եք բազմաթիվ կեղծ լուրեր գտնել սոցիալական ցանցերում: Մինչդեռ լրագրողական կրթություն տալիս մենք ուսանողներին կրթում ենք ոչ թե այն սկզբունքով, որ նրանք ունենան նույն կարծիքը, այլ բոլորն առաջնորդվեն նույն կանոններով»:
Սորբոնի համալսարանի տեղեկատվական եւ հեռահաղորդակցության բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի բաժնի ուսանողուհի Ասմա Բուսան 22 տարեկան է: Մեզ հետ զրույցում հայտնեց, որ լրագրող դառնալու՝ իր հիմնական նպատակն էր հասարակությանն օգտակար լինել. «Ես ընտրել եմ լրագրությունը, քանի որ սիրում եմ մարդկանց մասին գրել, ես չէի ուզում զուտ նովելներ գրել, այլ ցանկանում էի պատմել իրական պատմություններ մարդկանց մասին»:
Ասման հավաստիացրեց՝ լրագրության մակարդակը խոսում է երկրում ժողովրդավարության մակարդակի մասին. «Եթե մամուլն ազատ է, ուստի կարելի է պնդել, որ երկրում կա ժողովրդավարություն»:
Սորբոնի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանող Անտուանը Հայաստան այցի արդյունքում պատրաստել է երկու հոդված՝ բնապահպանության եւ կանանց՝ քաղաքականության մեջ ընդգրկվածության մասին: Նա հանդիպել է նաեւ Նիկոլ Փաշինյանին. նրա մասին հոդված կպատրաստի:
Նա վստահեցրեց, որ լրագրողական կրթություն ստացած անձն աշխատանքի տեղավորվելիս ունի առավելություններ. «Ժուռնալիստիկայի ֆակուլտետի շրջանավարտներն ունեն առավելություն, քանի որ մեզ դասավանդում են գործող լրագրողներ, մենք ուսումնառության ընթացքում ուսումնասիրում ենք այնպիսի թեմաներ, ինչպիսիք են լրագրողական էթիկան, մենք ստանում ենք նաեւ տեխնիկական հմտություններ»:
ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Առավոտ»
16.02.2018