Փհենչհանում Հայաստանի ազգային հավաքականի անդամ դահուկորդ Միքայել Միքայելյանն այսօր Ձմեռային օլիմպիական խաղերում ավարտվել է ելույթները: Նա 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցրել է 83-րդ հորիզոնականը: Մեր օլիմպիականը մեկնարկած 119 մասնակիցներից իրենից հետ է թողնել տարբեր երկրների 36 մրցակցի: Չնայած դրան, նա այնքան էլ գոհ չէ իր մրցելույթից:
Եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը հարցազրույց է տվել Փհենչհանում գտնվող մարզական լրագրող Խաչիկ Չախոյանի եւ ֆոտոլրագրող Ասատուր Եսայանցի հետ, ինչը մեր գործընկերները տրամադրել են Aravot.am-ին.
«Այս օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից: Չնայած այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի: Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Ասատուր Եսայանցի
Փհենչհան-Երեւան