Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի անտառը տավուշցիների ձեռից գնո՞ւմ է

Փետրվար 16,2018 23:15

Փետրվարի 15-ին Տավուշի մարզպետարանում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը: Ներկա են եղել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, մարզպետարանի, մարզի անտառտնտեսությունների, բնապահպանական պետական տեսչության ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզում փայտի պատրաստմամբ զբաղվող գործարարներ:

Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը, խորհրդակցության օրակարգում բնափայտի մթերման եւ իրացման աշխատանքները կազմակերպելու նպատակով ընդունված նոր կարգի իրազեկման հարցն է եղել:

«Հայանտառի» տնօրենը հայտնել է, ուր դաշտը կանոնակարգելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին ամրակցված անտառներում 2018 թվականին իրականացվելիք 90 596 խմ բնափայտի մթերման եւ իրացման աշխատանքները կազմակերպելու համար «Հայանտառ» ՊՈԱԿ-ն առաջիկայում հայտարարելու է «Արմատի վրա կանգուն ծառի առուվաճառքի», ինչպես նաեւ՝ «Ծառայությունների՝ անտառտնտեսական աշխատանքների կատարման» աճուրդներ եւ մրցույթներ՝ յուրաքանչյուր անտառհատման տոմսի համար առանձին լոտով։ Տավուշի մարզին հատկացված նախնական չափաքնակը կազմում է 36 000 խմ: Հատատեղերը բաժանված են առանձին լոտերի:

Յուրաքանչյուր լոտի համար աճուրդ է հայտարարվելու, եւ այն ընկերությունները, որոնք զբաղվում են փայտանյութի շահագործմամբ եւ վաճառքով, տվյալ հատատեղը ձեռք բերելու համար պետք է դիմում գրեն, մասնակցեն աճուրդին: Յուրաքանչյուր լոտ ունենալու է իր անձնագիրը, որտեղ մանրամասն ներկայացված են լինելու տվյալ հատատեղը բնութագրող որակները, եւ ըստ դրանց սահմանվելու է գինը:

Խորհրդակցության մասնակիցները մեզ հայտնեցին, որ իրենք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Մանուկյանին հարցեր են տվել անտառներից օգտվելու նոր կարգի վերաբերյալ: Նրանք մտավախություն են հայտնել, որ Երեւանից եկած գործարարները կշահեն անտառահատումների աճուրդները, դրա հետեւանքով սահմանամերձ մարզում վաճառվող վառելափայտի գները կբարձրանան, մարզի բնակիչները չեն կարողանա օգտվել Տավուշի անտառների փայտից: Խորհրդակցության մասնակիցները հայտնեցին, որ Մ. Մանուկյանի պատասխանները չփարատեցին իրենց ունեցած մտահոգությունները:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Լուսանկարները`Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728