Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետը` «ՀիմնաՏավուշի» անասնաֆերմայի «ֆրանսիական դուխիի» մասին

Փետրվար 16,2018 22:50

«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում, միջպետական ավտոճանապարհի մոտ, անասնապահական ֆերմայում պահվող կովերից, նույն վայրում գտնվող պանրի արտադրամասում պանիր, այլ կաթնամթերք է արտադրում:

Այդ կաթնամթերքն արտահանվում է Ռուսաստանի դաշնություն: Տավուշի մարզի խանութներում «ՀիմնաՏավուշի» արտադրած պանիրը, այլ կաթնամթերքը չեն վաճառվում: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայից եւ պանրի արտադրամասից գարշահոտը տարածվում է միջպետական ավտոճանապարհին, այդ ճանապարհին երթեւեկողներին մեծ տհաճություն պատճառելով:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նա հայտնեց, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Տավուշի մարզի գյուղերում մինչ այժմ 7 փոքր անասնաֆերմա է ստեղծել, ոռոգման ջրագծեր կառուցել, տավուշցի այգեգործներին պտղատու ծառերի տնկիներ է տրամադրել: Այժմ հիմնադրամը բիզնես ծրագիր է իրականացնում, բարձրորակ կաթնամթերք արտադրում, արտահանելով Ռուսաստան:

Հովիկ Աբովյանը տեղեկացրեց, որ փետրվարի վերջին կկայանա հիմնադրամի աշխատանքային ժողով, որի ժամանակ կքննարկեն, թե 2018 թվականին «ՀիմնաՏավուշը» ինչ ծրագրեր է իրականացնելու:

Հիմնադրամը ֆինանսավորվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Ֆրանսիայի Օ-Դը –Սեն նահանգի կողմից, նրանք են որոշում, թե ֆինանսներն ինչ նպատակներով են ծախսվելու: Հ.Աբովյանի խոսքերով` «Հայաստան » համահայկական հիմնադրամը եւ Օ-դը-Սեն նահանգը նվազեցրել են «ՀիմնաՏավուշի» ֆինանսավորումը, 2017թ. «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի բյուջեն ուղղված էր տնտեսության ուժեղացմանը, որպեսզի բիզնեսի միջոցով հիմնադրամը ինքնաբավ դառնա եւ բիզնեսից ստացված շահույթներով մարզի գյուղատնտեսական զարգացման ուղղված ծրագրեր իրականացնի:

Հիմնադրամի տարածած գարշահոտի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան մարզպետն ասաց, որ համայնքային խնդիր է: Առարկեցինք, որ նշված անասնաֆերման գտնվում է Լուսաձորի տարածքում, սակայն՝ միջպետական ավտոճանապարհի եզրին, դա համայնքային խնդիր չէ:

Մարզպետն ասաց, որ չնայած ինքն էլ զգացել այդ հոտը, սակայն բնակիչներից այդ առթիվ բողոքներ չի ստացել: Նրան տեղեկացրինք, որ Տավուշի մարզի բնակիչներն այդ կապակցությամբ դժգոհել են: Հ. Աբովյանն ասաց . «Ցավոք սրտի, անասնագոմից ֆրանսիական դուխիի հոտ չի գալիս, որքան էլ կովերը ֆրանսիական լինեն»:

Հավելենք, որ Լուսաձորի վարչական տարածքում, միջպետական ավտոճանապարհին այժմ շարունակում է գարշահոտ տիրել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728