Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հաճախ եմ խաղադրույք անում, բայց ինքս ձգտում եմ բոլորին հետ պահել դրանից»

Փետրվար 16,2018 22:03

«Խաղամոլներից շատերը միջոցների բացակայության դեպքում դիմում են ինքնավնասման, կան նաև այդ հողի վրա ինքնասպանություն գործողներ», ասում է հոգեբան Ս. Սարգսյանը:

Խաղատների աշխատակիցները պատմում են, որ ամենափոքր խաղադրույքը հիմնականում 1000 ՀՀ դրամն է, իսկ ամենամեծը՝ դժվարանում են նշել, ասում են, որ այն կարող է կազմել միլիոններ:

«Խաղամոլությունը ոչ քիմիական կախվածություն է. կարելի է ասել, որ այս դեպքում գիտակցությունը պարտվում է էմոցիաներին»,  բացատրեց Կանանց իրավունքների կենտրոնի հոգեբան Աիդա Առաքելյանը:

«Ինձ ոչ մեկը չի դրդել խաղադրույք կատարել: Ուղղակի հետաքրքիր էր, թե ինչ է կատարվում մարդու հետ, և ինչ նոր էմոցիաներ է նա ունենում: Ես հաճախ եմ խաղադրույք անում, բայց ինքս ձգտում եմ բոլորին հետ պահել դրանից», Aravot.am-ի հետ զրույցում պատմեց Է.-ն:

«Խաղադրույք կատարելու համար շատ պատճառներ կան, օրինակ, մեկը պարտք ունի ու ամբողջական գումարից մի քիչ պակասում է: Նա մտածում է, որ այդ գումարը կարող է լրացնել, եթե հաջող խաղադրույք անի, մյուսը դա անում է ուղղակի հաճույքի համար: Խաղադրույք կատարող ցանկացած մարդ, եթե խաղամոլ է, և՛ ագրեսիվ է, և՛ սնահավատ, ու շատ նման է թմրամոլի», պատմում է խաղատներից մեկի տնօրենը:

«Խաղամոլները մեծամասամբ տղաներ են, բայց հիմա շատ են հանդիպում նաև կին խաղամոլներ», պատմեց Vivaro-ներից մեկի աշխատակիցը:

Խաղամոլությունը հիվանդություն է, որը բուժելու համար նախ պետք է այն ախտորոշել: Հոգեբանների մեծ մասը նշում է հետևյալ հիմնական ախտանիշները.

  • Կրկնվող բնույթ. անձը պարբերաբար ցանկություն է ունենում խաղալու: Խաղից հետո որոշակի շրջան ցանկությունը կարող է կորել, հետագայում առաջանալ ինքնաբերաբար կամ սթրեսի արդյունքում:
  • Փախուստ իրականությունից. անձը ցանկանում է փախչել իրականությունից և մոռացության հանձնել բացասական հույզերը:
  • Խաղի մեծ արժեքավորում. արդյունքում անձը կարող է զոհաբերել ամեն ինչ /գույք, հարաբերություններ, աշխատանք և այլն/:
  • Չեղարկման սինդրոմ. երբ ցանկությունն իրականացնելու միջոցներ չկան, առաջանում է տագնապայնություն, լարվածություն և վերջինիցս հնարավորինս արագ ազատվելու ցանկություն:
  • Չափաբաժնի մեծացում. աստիճանաբար խաղում է ավելի մեծ խաղադրույքներով:
  • Վնաս ինքն իրեն և միջավայրին. չնայած անձը որոշում է դադարեցնել խաղալը, չի կարողանում հավատարիմ մնալ սեփական որոշմանը:
  • Անվերահսկելիություն. անձը չի կարողանում ինքնուրույն ղեկավարել իր վարքը տվյալ իրավիճակում:

 

«Կան հիվանդներ, ովքեր խնդիրը նկատելուց հետո ինքներն են գնում բժշկի մոտ: Նրանց բուժելու համար կարելի է նրանց զբաղեցնել այլ աշխատանքով, այնպես, որ չմտածեն խաղալու մասին, ինչպես նաև կարելի է անցկացնել թե՛ խմբակային, թե՛ անհատական դասընթացներ: Հոգեբանը կարող է օգնել այս մարդկանց, բայց բուժման արդյունավետությունը մեծամասամբ կախված է հիվանդության ծանրությունից»,- ասում է հոգեբան Ս. Սարգսյանը:

 

Շուշաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիագրամի տվյալները՝ psylife.am-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728