Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս էջերում զետեղված հերոսները առանձին-առանձին յուրօրինակ կերպարներ են` իրենց մեծ սխրանքներով». Գոհար Մարտիկյան

Փետրվար 16,2018 22:20

Փետրվարի 16-ին տեղի ունեցավ ռադիոլրագրող, հրապարակախոս Գոհար Մատիկյանի «Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորի շնորհանդեսը: «Ապրելու բանաձևը» Արցախյան պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած հերոսների, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանը պաշտպանելիս զոհված տղաների կյանքի պատմությունն է։ Գրքի 11-րդ հատորը նվիրված է 2016թ. ապրիլյան պատերազմում զոհված արցախցի հերոսներին, ինչպես նաև՝ Արցախի պատերազմում նահատակված Կապանի տարածաշրջանի մարտիկներին։ Միջոցառմանը ներկա էին զոհված հերոսների հարազատներ։

«Ապրելու բանաձև» մատենաշարի 11-րդ հատորը (ինչպես և նախորդ 3 հատորները) կյանքի է կոչվել ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից «Կանանց հանրապետական խորհուրդ» ՀԿ-ին հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում:

Գոհար Մարտիկյանը նշում է, որ ամեն անգամ, երբ ներկայացնում է հերթական հատորը, ասում է, թե դա իր ամենանվիրական հատորն է։ «Այս 11 հատորներում յուրաքանչյուր հերոսի պատմություն առանձնահատուկ է, առանձնահատուկ է նաև ամեն մի հատոր։ Այդ տխուր, բայց և հերոսական պատմությունը կերտելիս, թող զարմանալի չթվա, ես երջանկության զգացում եմ ապրում։ Երջանկության զգացում եմ ապրում այն պատճառով, որ տեսնում եմ՝ այս հատորներում հայի տեսակն է պահպանվում։ Այս էջերում զետեղված հերոսները առանձին-առանձին յուրօրինակ կերպարներ են` իրենց մեծ սխրանքներով»,- նշեց տիկին Մարտիկյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր երախտագիտությունը հայտնեց Գոհար Մարտիկյանին այս շնորհակալ աշխատանքի՝ «Ապրելու բանաձևի» 11 հատորների համար։ «Ուրիշի վիշտը կիսել կարողանալը պարզապես հերոսություն է։ Ես ցանկանում եմ, որպեսզի «Ապրելու բանաձևում» հետագայում տեղ գտնեն մարդիկ, որոնք հերոսանում են կենդանության օրոք և շարունակում են մեր կողքին ապրել։ Մենք շատ ենք խոսում ռազմահայրենասիրական դաստիարակության մասին։ Մեր պատանիներն ու երիտասարդները ռազմահայրենասիրական դաստիարակություն ստանում են ընտանիքում, դպրոցում, բուհում, այն միջավայրում, որտեղ ապրում են։ «Ապրելու բանաձևը» նույնպես մեծ դեր ունի այդ գործում»,- իր խոսքում ասաց պարոն Ավագյանը։

ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհային ծրագրերի համակարգող Գայանե Մանուկյանը նկատեց, որ այսօր մեր հերոսների մասին գրվող յուրաքանչյուր գիրք, ֆիլմ կամ երգ յուրատեսակ հուշարձան է, որ հավերժացնում է նրանց գոյությունը: «Այդ հավերժացումը պետք է մեզ՝ պատմության դասերը չմոռանալու համար: Այդ խոսող հուշարձաններն անհրաժեշտ են նորահաս սերնդին, որը նույնպես ժառանգելու է իր ազգի պատմությունն ու ճակատագիրը: Այս հիշողությունները ներարկում են հպարտություն, որ հայ ենք»,- ասաց Գայանե Մանուկյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728