Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Aravot.am-ի զրույցում խոսեց Արցախյան շարժման սկզբնավորման օրերի մասին:
Պատմում է, որ այդ օրերին զարմանահրաշ մթնոլորտ էր տիրում, կարծես թե ամբողջ մի ազգ մի շունչ, մի հոգի էր դարձել: Մարդիկ պատրաստ էին ամեն ինչով նպաստելու համազգային նպատակի իրագործմանը:
«Եվ ինչն էր հետաքրքիր, որ մարդիկ ազնվացել էին վերին աստիճանի: Օրինակ, երբ հանրահավաքների վայրերում սնունդ էին բերում, մարդիկ այնքան էին հոգատար, որ մտածում էին, թե իրենցից ավելի սոված ծարավ մարդիկ կլինեն և ուտելիքը այդպես պտտվում էր:
Ես հուզվում էի, որովհետև դա իմ սպասած հայ ազգն էր` ազնիվ, բարի, մաքրամաքուր: Այն տպավորությունն էր, որ կարծես Սուրբ հոգին իջել էր և տարածվել բոլորի հոգիներում: Սա խոսում է այն մասին, որ մեր նպատակը իրոք ազնիվ էր և Աստված մեզ հետ էր: Հետո սկսվեց պատերազմը և ամբողջ ազգը մեկ դարձավ: Այդ օրերին մի ծանրագույն վիճակ էր բոլորի մոտ, սակայն պատրաստ էին հանուն Արցախի ազատագրության նպատակի ամեն ինչ զոհել: Սա էր մեր մթնոլորտը»,- ասում է նա:
Արցախի թեմի առաջնորդը գտնում է, որ արցախահայության պայքարը ավելի խոր արմատներ ունի: Արցախյան շարժումը, ըստ նրա, սկսել է դեռ 1714 թվականին` Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի և Արցախի 5 մելիքների համատեղ գաղտնի ժողովից հետո: Այնուհետև, արդեն խորհրդային ժամանակներում, ամեն տասնամյակը մեկ նոր դրսևորումներ եղան: Առաջին ծիլը եղավ 1948 թվականին, բայց Ստալինի կառավարման տարիներն էին և դժվար էր հետևողականորեն շարունակել: Հետո 1957 թվականին, երբ Վազգեն Ա կաթողիկոսը Կրեմլում բարձրացրեց Արցախի ու Նախիջևանի հարցը:
Այնուհետև 1965-ին և 1977-ին: Եվ վերջապես 1988-ին արդեն շարժումն պոռթկաց. «Պետք է նշեմ, նաև որ 1987 ամռանը Չարդախլու գյուղում, երբ Ադրբեջանի Շամխորի ռայկոմի քարտուղարը փորձում էր գյուղի հողերի կեսը տալ ադրբեջանցիներին, որպեսզի նրանք բազմանան և զավթեն գյուղը, տեղի հայությունը ոտքի ելավ: Սկսվեցին ահավոր հալածանքներ և գյուղը 6 ամիս շրջափակման մեջ էր; Հետագայում ադրբեջանցիները այս նույն մեթոդը նաև կիրառեցին Արցախում»:
Դավիթ ԱԲԱՂՅԱՆ