Լրահոս
Օրվա լրահոսը

«Կներեք, ո՞ւմ քամակն եք պահում». Լեւոն Զուրաբյանը`«Ծառուկյան» դաշինքին

Փետրվար 16,2018 21:40

«Որեւէ երկրում, եթե նախագահ է ընտրվում, բոլոր քաղաքական կարեւորագույն հարցերի շուրջ այդ մարդու հայացքները հայտնի են լինում: Արմեն Սարգսյանի հայացքները հայտնի չեն»,- այսօր մամուլի ասուլիսում, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան ասաց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը` հիշեցնելով, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո իրենք այդ մասին հայտարարել են:

Լեւոն Զուրաբյանը վերահաստատում է իրենց մոտեցումը`Հայաստանում ստեղծված է քաղաքական արատավոր համակարգ, որը լեգիտիմ չէ: Ասում է`Արմեն Սարգսյանն էլ իր պաշտոնում լեգիտիմ չի լինելու:  Եվ եթե այդ արատավոր համակարգում մեկ-երկու լուսավոր կամ «լուսավոր դեմք» հայտնվեն`դա ոչինչ չի փոխելու. «Նրանք լեգիտիմացնելու են ռեժիմը: Մենք դա համարում ենք անպատվաբեր գործ»:

Հարց հնչեց այն մասին, որ ակտիվորեն քննարկվում տարբերակ, որ ՀՀ հաջորդ վարչապետ լինելու է Սերժ Սարգսյանը: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ դեռ 2015-ին, ղեկավարելով «ոչ»-ի շարժումն իրենք ասում էին, որ այդպես էլ լինելու է եւ Սերժ Սարգսյանը չի պահելու իր խոստումը`նախագահ, վարչապետ կամ ԱԺ նախագահ չլինելու մասին:

Aravot.am-ը նկատեց`Սերժ Սարգսյանն առաջնորդվում է Լեւոն Տեր-Պետրոսյանի ուղով`ազգովին կխնդրենք`կմնա: Լեւոն Զուրաբյանը համամիտ չէ: Ասում է`սահմանադրական կարգն էլ դա թույլ չի տալիս: Ասում է`Սերժ Սարգսյանն ազգի խնդրանքի կարիքը չունի, պետք է հայցի իր կողմից նշանակված-ընտրված խորհրդարանի խնդրանքը:

Հարց հնչեց նաեւ թանկացումների մասին եւ դրա դեմ փողոցային պայքարի արդյունավետության: «Հայաստանում թանկացումներն ունեն մեկ պատճառ`դա մրցակցության ոչնչացումն է: Եթե մենք պետք է քանդեինք սովետական սոցիալիստական համակարգն, անցնեինք կապիտալիզմի եւ թույլ չտայինք այդ մրցակցությունը, պետք չէր այդ գործն անել»,- ասաց նա`հավելելով, որ ՀԱԿ-ը խորհրդարանում միշտ բարձրացնում էր կոռուպցիայի հարցը:

«Եթե ձեւեր են թափելու, թե թանկացումները հետեւանք են վատ հարկային օրենսդրության, դա ծիծաղելի է: Իշխանությանը հենց դա էլ պետք, որ ունենա այնպիսի ընդդիմություն, որը զարգացումները կտանի ոչ իրական ճանապարհով»,- հայտարարեց Լեւոն Զուրաբյանը: Հիշեցնենք, հարկային օրենսգրքի փոփոխությունների մասին խորհրդարանում խոսում է «Ծառուկյան» դաշինքը, որի իրավանախորդը`ԲՀԿ-ն, ժամանակին ՀԱԿ-ի լավագույն բարեկամների եւ դաշնակիցների ցանկում էր:

«Կներեք, ո՞ւմ քամակն եք պահում»,- հարց հնչեցրեց ՀԱԿ փոխնախագահը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728