«Ստեղծված է պայթյունավտանգ իրավիճակ: Իսկապես, մենք մոտենում ենք մի հանգուցալուծման, որը կամ լինելու է պատերազմի միջոցով, կամ լինելու է կարգավորման միջոցով»,- այսօր, Aravot.am-ի հարցին այսպես պատասխանեց ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը: Խոսքը արցախյան հակամարտության մասին է:
Լեւոն Զուրաբյանն ասաց`մենք ամեն ինչ անելու ենք եւ հույս ունենք, համենայնդեպս, մեր գործունեությունը սրան է ուղղված եղել, որ հնարավորինս շուտ, մեր երկրները կգնան հակամարտության կարգավորմանը`խաղաղության հաստատման ճանապարհով:
Պարոն Զուրաբյանից հետաքրքրվել էինք ամերիկյան հետախուզության հրապարակած զեկույցի մասին, որում խոսվում է 2018-ին արցախյան հակամարտության գոռում ռազմական գործողությունների վերսկսման վտանգի մասին:
Մատնանշվում է, որ ՌԴ-ն զինում է կողմերին, բայց որ ԱՄՆ-ի բարեկամ-դաշնակից Իսրայելը նույնպես Ադրբեջանի զենքի հիմնական մատակարարներից է, զեկույցում խոսք չկա:
Լեւոն Զուրաբյանն ասում է`ՀԱԿ-ը երբեք գնահատական չի տվել գերտերությունների քայլերին, դա քաղաքական ուժերի խնդիրը չէ. «Պետք է հասկանանք, որ գոյություն ունեն քաղաքական իրողություններ, որոնք պետք է հաշվի առնենք, այլապես կձախողվենք: Քաղաքական ուժերի խնդիրն այդ իրողությունները, շահերի բաշխումն ու բախումը ճիշտ գնահատելն է եւ կատարել գործողություններ, որոնք ի նպաստ կլինեն Հայաստանի անվտանգությանը, դրա ամրապնդմանը, ժողովրդավարության ու տնտեսության զարգացմանը»:
Հիշեցնում է`անցած խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ի գլխավոր ուղերձը. «Ինքներս ենք ասել, որ Հայաստանի վրա կախված է չլուծված հակամարտության վերսկսման վտանգ: Անպայման պիտի ամերիկյան ինչ-որ մի հետախուզական ծառայություն դրա մասի զեկույց տպի, որ սկսենք խոսե՞լ դրա մասին»:
Հետաքրքրվեցինք`իր կարծիքով ՀՀ իշխանություններն իրավիճակի ճիշտ գնահատումներ անո՞ւմ են, համապատասխան քայլեր կիրառո՞ւմ են: Ասաց`չգիտեմ, քանի որ բանակցությունները սովորաբար գաղտնի են լինում: Այդպես էր նաեւ ՀՀՇ-ի իշխանության ժամանակ: ՀԱԿ-ն, ամեն դեպքում, իր հստակ դիրքորոշումն ունի եւ ամեն ինչ անելու է, որ գնանք դեպի կարգավորում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ