Երեւանի քաղաքապետարանի 2017 թվականի բյուջեն կազմել է 81 միլիարդ 994 միլիոն 931 հազար 100 դրամ: 2017-ին այս գումարից, ինչպես տեղեկանում ենք քաղաքապետարանի կայքում տեղադրված բյուջեի հաշվետվությունից, ծախսվել է 65 միլիարդ 84 միլիոն 878 հազար դրամը:
Քաղաքապետարանի տարբեր ոլորտների ծախսերի համար ամբողջ 81,9 միլիարդ դրամ բյուջեից ամենաշատ գումարը՝ 28,2 միլիարդը հատկացվել է կրթության ոլորտին: Բյուջեից հաջորդ ամենախոշոր 13,1 միլիարդը հատկացումը տնտեսական հարաբերություններ դասակարգչով է տրվել :
2017-ին Երեւանի քաղաքապետարանը 9,7 միլիարդ էլ առանձնացրել է բնակարանային շինարարություն եւ կոմունալ ծառայությունների համար: 8,3 միլիարդ էլ նախորդ տարի հատկացվել է, ինչպես բյուջեում է գրված, ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների համար:
Ուշագրավ է, որ Երեւանի քաղաքապետարանը առողջապահությանն ավելի քիչ գումար է հատկացրել, քան հանգստի, մշակույթի եւ կրոնի վերաբերյալ միջոցառումների համար:
Մինչդեռ, հարկ է նշել, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ են գտնվում պոլիկլինիկաները, որոնցից շատերի շենքային պայմանները, մեղմ ասած, անբարեկարգ ու անմխիթար են, որոշները՝ կիսաքանդ, որոշներն էլ բազմաթիվ սարքավորումների կարիք ունեն:
Անցյալ տարի առողջապահությանը տրամադրած գումարը կազմել է 345 միլիոն դրամ, իսկ հանգիստ, մշակույթ եւ կրոն դասակարգչով հատակցված գումարը կազմել է 3,7 միլիարդ դրամ:
Քիչ գումար չի տրամադրվել նաեւ համայնքային պահուստային ֆոնդերին՝ 8,8 միլիարդ դրամ: Երեւանի քաղաքապետարանի բյուջեից ամենաքիչ գումարը հատկացվել է պաշտպանություն ոլորտին՝ 57,6 միլիոն դրամ:
Շրջակա միջավայրի պաշտպանություն ոլորտին քաղաքապետարանի 2017 թվականի բյուջեից 7,5 միլիարդ դրամ է հատկացվել, իսկ սոցիալական պաշտպանություն ոլորտին 1,9 միլիարդ դրամ:
Թե որ ոլորտում այս գումարներն ինչպես են ծախսվել, մանրամասները կներկայացնենք առաջիկայում:
Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի այս տարվա բյուջեն, ի տարբերություն նախորդի, մի փոքր ավելին է՝ 84 միլիարդ 237 միլիոն 969 հազար 800 դրամ է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ