Նորք Մարաշում վնասազերծված «զինված» խմբի գործով դատական նիստին այսօր դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը՝ բոլոր ամբաստանյալների նկատմամբ կիրառված մերձավոր ազգականների հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի արգելքը վերացնելու վերաբերյալ:
Այսօր հետազոտվեցին լրացուցիչ հարցաքննության արձանագրություններ, խուզարկության հանձնարարություններ, զինված խմբի վարձակալած բնակարանից հայտնաբերված իրեր:
Հետազոտվեց նաեւ Մինասյանի հարցաքննության արձանագրությունը, որի համաձայն նա խմբի անդամ այլ աղջիկների հետ Հանրային հեռուստաընկերություն է մտել «Երգ երգոց» հաղորդման նկարահանմանը մասնակցելու համար:
Դատական հաջորդ նիստը նշանակվեց փետրվարի 23-ին:
Հիշեցնենք, որ Նոր Նորքի զինված խմբի անդամներին մեղադրանք էր առաջադրվել ապօրինի կերպով մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և կրելու համար:
Ըստ մեղադրական եզրակացության նրանք նպատակ են ունեցել Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել, այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրանց կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ