Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների ալյանսի (ALDE) փոխնախագահ Հենրիկ Բախ Մորտենսեն եւ Կոնգրեսի փոխնախագահներ Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն այսօր կայացած համատեղ մամուլի ասուլիսում տեղեկացրեցին, որ պայմանավորվել են ԵՄ-Հայաստան-Վրաստան- ԵԱՏՄ համագործակցության ուղղություն ստեղծել:
Համագործակցության ստեղծման եւ զարգացման համար անհրաժեշտ քայլերը դեռ կուսումնասիրվեն: Թե ինչո՞վ է պայմանավորված այս անհրաժեշտությունը, Լեւոն Զուրաբյանը բացատրեց. «Անկախության գլխավոր արժեքն այն է, որ մենք ցանկանում ենք հարաբերություններ ունենալ բոլորի հետ: Մենք չենք ցանկանում ճամբարավորվել, դառնալ ինչ-որ մի ճամբարի անդամ եւ հարաբերություններ չունենալ այլ ճամբարի հետ: ՌԴ-ի եւ Արեւմուտքի միջեւ հասունացող հակամարտությունը, որը հասել է սառը պատերազմի, լուրջ խնդիր է ստեղծում Հայաստանի եւ Հայաստանում ազատ առեւտրի զարգացման համար»:
ՀԱԿ փոխնախագահները եվրոպացի գործընկերոջը տեղեկացրել են, որ Հայաստանում մարդու իրավունքներից եւ ազատությունից զատ, ազատ ձեռնարկատիրությունն ու ազատ առեւտրի զարգացմանը խանգարում են դրսից` արցախյան խնդրի չլուծվածությունը, Թուրքիայի եւ Ադրբեջանի շրջափակումը: Դրան ավելացել է ՌԴ-ի եւ Արեւմուտքի մրցակցություն-հակամարտությունը:
Վրաստանը ստորագրել է ԵՄ ասոցացման համաձայնագիրը եւ լուրջ մտադրություններ ունի նաեւ Եվրոատլանտյան դաշինքին անդամակցելու: Հայաստանը, անվտանգության նկատառումներից, անդամացել է ԵԱՏՄ-ին: Ըստ Լեւոն Զուրաբյանի, այս իրողությունների արդյունքում առաջացած մաքսային խնդիրները սկսել են «խփել» նաեւ հայ-վրացական առեւտրին, որը զարգանում էր:
Իսկ ներսից, ըստ բանախոսի, Հայաստանում ազատ առեւտրին եւ ձեռնարկատիրությանը խանգարում են վերից վար կոռումպացված ռեժիմը, մոնոպոլիզացիան. «Ստեղծվել են մաֆիոզ կլաններ, իմպորտի ոլորտներն իշխանությունները բաժանել են իրենց մերձավորների միջեւ: Ստեղծվել է հանցավոր սիմբիոզ. այդ մարդիկ օգտվում են ապօրինի շահույթներից եւ օգնում են իշխանության վերարտադրությանը»:
Լեւոն Զուրաբյանը հիշեց եւ երախտագիտություն հայտնեցեց Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների ալյանսին`2008-ի շարժման ժամանակ ՀԱԿ-ին ցուցաբերած աջակցության համար:
Նա նկատեց, որ այդ քաղաքական ուժը միակն էր, չխուսափեց եւ հրապարակային հայտարարություն արեց Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, մի քանի անգամ ՀՀ իշխանություններից պահանջեց ազատ արձակել քաղբանտարկյալներին եւ դատապարտեց մարտ 1-ի ոճրագործությունը:
Եվրոպայի լիբերալների եւ ժողովրդավարների ալյանսը Եվրոպայի երրորդ հզոր քաղաքական ուժն է: Նրան անդամակցում են 40 երկրներից 60 կուսակցություններ: ՀԱԿ-ը այս կառույցին անդամակցում է 2010 թվականից: Լիիրավ անդամ է:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ