Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանն այսօր բավարարեց Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի սպանության գործով պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ սպանության մեջ մեղադրվող կնոջ նկատմամբ դատահոգեբանական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը պնդում է, որ սպանության մեջ մեղադրվող կինը հանցանքը կատարել է աֆեկտի վիճակում:
Դատարանն այսօր խորհրդակցական սենյակից վերադառնալով հայտնեց, որ բավարարում է միջնորդությունը, դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամկետով, մինչեւ կստացվեն փորձաքննության պատասխանները:
Հիշեցնենք, որ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին:
Ըստ մեղադրական եզրակացության` Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ.-ից ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:
Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, երբ նա տանը ամուսնու հետ միայնակ է եղել, վերջինս չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը, վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:
Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին, և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:
Այսինքն Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով»:
Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով :
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ