Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ ԱՄՆ հետախուզական ծառայությունների հրապարակած զեկույցն անլուրջ է:
Aravot.am-ի դիտարկմանը, գուցե իրավիճակն իրո՞ք վտանգավոր է, քանի որ այն, որ զեկույցում նշված է՝ ԱՄՆ-ն չի բացառում, որ 2018-ին իրադրությունը Լեռնային Ղարաբաղում կարող է է՛լ ավելի սրվել, ըստ էության չժխտեց նաև ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պարոն Մելիքյանն արձագանքեց.
«Փոխնախարարը չի կարող ժխտել. ժխտել նշանակում է ասել, որ վտանգ չկա: Իսկ նման պատասխանատվություն ինքն իր վրա չի վերցնի, ոչ էլ կասի՝ այո, կա հավանականություն, պատերազմ կլինի 2018-ին: Ինչ վերաբերում է զեկույցին, ապա հիմնական շեշտադրումն ու մեթոդաբանությունն է այն, որ իրենք հիմնվում են մի քանի միջազգային կառույցների տարեկան զեկույցների վրա՝ ռազմական ծախսերի մասով՝ համարելով, որ Հայաստանն ու Ադրբեջանն անընդհատ սպառազինությունների մրցավազքի մեջ են: Ենթադրում են, որ 2018-ին հնարավոր են բախումներ, քանի որ զենքի և զինամթերքի առկայությունը կարող է խոսել ռազմատենչ մտադրությունների մասին: Ընդ որում, այնտեղ նշում չկա, որ Ադրբեջանի կողմից դա կարող է լինել: Այսինքն՝ նույն հաջողությամբ համարում են, որ հայկական կողմը կարող է գնալ այդ գործողություններին: Որևէ մեկը դրան ուշադրություն չի դարձնում: Չգիտես՝ ինչու են մտածում, որ Ադրբեջանի մասին է խոսքը: Խոսքն Ադրբեջանի մասին չէ, այլ Հայաստանի ու Ադրբեջանի: Զեկույցում ասվում է՝ հնարավոր է այս ամենը բերի նոր լարվածության»:
Մեր հարցին՝ հնարավո՞ր է ՀՀ-ում, Ադրբեջանում և Ռուսաստանում սպասվող ընտրություններն ազդեցություն ունենան հակամարտության կարգավորման ընթացքի վրա, մանավանդ պատասխանելով այն հարցին՝ ինչպես կարող են ազդել հակամարտության վրա 2018թ. ընտրությունները Ռուսաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանել է, թե հույս ունեն, որ այդ հակամարտությունը կստանա իր լուծումը, Գևորգ Մելիքյանն արձագանքեց.
«Մարիա Զախարովան կոնկրետ հարցի չի պատասխանել: Նա ԼՂ հակամարտության ընթացքը չի կապում ընտրությունների հետ: Ընդամենն ասում է, որ Հայաստանում, Ադրբեջանում և Ռուսաստանում զբաղված են ընտրություններով: Երեք երկրներում որևէ փոփոխություն չի սպասվում կառավարման, անձերի և իշխանությունների առումով: Բոլոր դեպքերում էլ նույն մարդիկ են ղեկին մնալու: Տարիների ընթացքում բանակցային գործընթացը տարբեր պատճառներով ոչ միայն մտել է փակուղի, այլև այնքան է քարացել աշխարհաքաղաքական տեսանկյունից, որ դժվար է առանց ֆորս մաժորի այդ քարացած համակարգի որևէ օղակ հանել: Խնդիրը վերածվել է սիստեմիկ խնդրի: Արդեն մի համակարգ է ստեղծվել, որն ինքն էլ է թելադրում հակամարտության կողմերին այս կամ այն վարքագիծը: Վտանգավոր իրավիճակ է, երբ սիստեմը սկսում է քեզ թելադրել: Մի համակարգ է ձևավորվել, որը ժամանակին չկար. ուղղակի հակամարտություն էր, սակայն կամաց-կամա ց դարձավ սիստեմիկ խնդիր: Իսկ սիստեմիկ հարցում որևէ օղակ փոխելը կարող է լինել ֆորս մաժորի պարագայում, իսկ ֆորս մաժոր կանխատեսել անհնար է: Դա, օրինակ, վերաբերում է Սիրիայում, Դոմբասում ռուսների միջամտությանը և տարատեսակ այլ բաներ, որոնք կանխատեսումից դուրս են»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ