«Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցչի արձագանքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Ենի Ադրբեջան» կուսակցության 6-րդ համագումարում հնչած հայտարարությանը, մեզ մոտ տարակուսանք է առաջացրել»,- ԱՊԱ գործակալությանն ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունը:
Հիշեցնենք, երեկ Մարիա Զախարովան, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Երևանը «բուն ադրբեջանական տարածք է, և պատմական հողերը վերադարձնելը Ադրբեջանի ռազմավարական նպատակն է», ասել էր. «Նշված հայտարարությունը ակնհայտորեն չի նպաստում լարվածության թուլացմանը»:
«Հաշվի առնելով ռազմավարական գործընկերական կապերը, ինչպես նաև Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարձր մակարդակով երկխոսությունը, մենք ճիշտ չենք համարում նման դիրքորոշում մեր պետության ղեկավարի խոսքերի նկատմամբ»,- ասել է Հաջիևը:
Նրա խոսքով՝ Ալիևի վարած քաղաքականությունը «նպաստում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովմանը, տարածաշրջանային համագործակցության ուժեղացմանը և պոտենցիալ տարածաշրջանային ռիսկերի նվազեցմանը»:
«Ենի Ադրբեջան» կուսակցության 6-րդ համագումարում երկրի նախագահը խոսում էր ոչ թե Ադրբեջանի պատմական հողերը վերադարձնելու, այլ ադրբեջանցիներին իրենց պատմական հողեր վերադարձնելու մասին: Պետության նախագահի ելույթը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով, այդ թվում ռուսերենով և տարածվել մամուլում»,- ասել է Հաջիևը:
Հաջիևը նշել է, որ որևէ հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս պետք է «հստակ իմանալ դրա էությունը, բառերը կոնտեքստից դուրս չհանել և պետք է հենվել ոչ թե հայկական ԶԼՄ-ների, քաղաքական գործիչների սուբյեկտիվ կարծիքների և ապատեղեկատվության վրա, այլ իրական սկզբնաղբյուրների»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ