Փետրվարի 16-ին Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում անցկացվող Ներդրումային ռուսական 17-րդ ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը երկկողմանի աշխատանքային հանդիպում է ունեցել ՌԴ արտակարգ իրավիճակների նախարար Վլադիմիր Պուչկովի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման հնարավորությունները՝ նաև Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով:
Կողմերը մասնավորապես քննարկել են տեխնիկական աջակցության և վերազինման գործընթացը, արտակարգ իրավիճակներում կանխարգելիչ և հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման վերաբերյալ փորձի փոխանակման և կադրերի վերապատրաստման հնարավորությունները:
Իր խոսքում ՀՀ ԱԻ նախարարը շեշտեց երկու գերատեսչությունների համագործակցության, ինչպես նաև՝ աղետներին համատեղ դիմակայելու և արձագանքելու կարևորությունը: Նախարար Տոնոյանը Վ. Պուչկովին հրավիրեց մասնակցելու Սպիտակի երկրաշարժի օրվա հիշատակմանը նվիրված «Դիմակայուն Հայաստան» խորագրի ներքո անցկացվող միջոցառումներին, որոնք կկայանան սույն թվականի դեկտեմբերի 5-ից 7-ը:
ՌԴ ԱԻ նախարարն էլ պատասխան հրավերով Դ. Տոնոյանին առաջարկեց մասնակցել սույն թվականին կայանալիք «Համալիր անվտանգություն-2018» (Комплексная безопасность – 2018) միջոցառմանը, որի ընթացքում հանրությանն են ներկայացվում փրկարարական աշխատանքների համար նախատեսված տեխնիկական միջոցների նորարարությունները. Վ. Պուչկովը հիշեցրեց նաև հաջորդ տարի Իրկուտսկում անցկացվող Հրշեջների և փրկարարների միջև Ուժային բազմամարտի բաց առաջնության եզրափակչին հրավերի մասին:
ՀՀ ԱԻՆ