Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստել եմ, թե «Իգլա»-ն Վրաստանից է, որ գինը բարձր լինի». հերթական աղմկոտ խոստովանությունը՝ «Իգլա»-ի գործով

Փետրվար 16,2018 17:07

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Հայաստան «Իգլա» բերելու եւ փողերի լվացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ, ինչպես հայտնեցինք, «Իգլա» վաճառողը՝ գործով մեղադրյալ, Էջմիածնի նախկին քաղաքապետի որդի Ռոբերտ Աղվանյանը հաստատեց այն, ինչ Բաբայանն էլ նախկինում պնդում՝ զենքը Վրաստանից չի բերվել, այլ եղել է Հայաստանում: Դատավորների հարցերին ի պատասխան Ռոբետ Աղվանյանը շարունակեց պատմել կատարվածը՝ ասելով, որ իր տանը գտնելով դեռեւս Արցախյան պատերազմի տարիներից մնացած «Իգլա»-ն՝ ցանկացել է այն վաճառել: Նրա հարցաքննությունից պարզ դարձավ, որ վաճառելիս ստել է ու ասել, թե  Վրաստանից է զենքը բերվել, որպեսզի ավելի թանկ գնով վաճառի:

Դատավորներից մեկը հետաքրքրվեց.

-Չէի՞ք գիտակցում այդ զինատեսակի բարձր վտանգավորությունը: Ի վերջո, իմացել եք, որ տարիներ շարունակ այն ձեր տանն է եղել: Երեւի կռահում էիք, որ դրանով հնարավոր է «թռչող ապարատներ» խոցել:

-Կռահեի՝ չէի տա…Չեմ մտածել այդ մասին,-պատասխանեց Աղվանյանը:

-Մենակ գումար աշխատելու մասի՞ն էիք մտածում, պարտքեր ունեի՞ք:

-Դա կարեւո՞ր է, չէի աշխատում…

Ապա Աղվանյանը նշեց՝ երբ Վրաստանում ձերբակալվել է, հասկացել է, որ զենքի վաճառքի փորձ կատարելով՝ սխալ է գործել. «Զանգել եմ Հայաստան, իմ սխալը հասկացել եմ ու ասել, որ զենքը նվիրում եմ բանակին…Ես ոչ մեկի վրա  ցուցմունք չեմ տվել: Քանի ես Վրաստանում ձերբակալված էի, գրողը գրել է ինչ ցուցմունք որ պետք է»:

Ռոբերտ Աղվանյանը հայտնեց, որ այս գործով ազատության մեջ գտնվող մեղադրյալին՝ Հրաչյա Մայիլյանին, զենքը վաճառել է 4000 դոլար կանխավճարով, իսկ հետո նրանից իմացել, որ գնորդը հրաժարվում  է զենքից, քանի որ պակասող մասեր կան. «Մայիլյանը տարավ Հայաստանի գյուղերից մեկում պահեց, հետո ասեց, որ գնորդը հրաժարվում է: Հետո չիմացա ինչ եղավ, քանի որ ինձ Վրաստանում ձերբակալեցին»:

Վերաքննիչ բողոքի քննության հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 26-ին ժամը 12-ին: Հիշեցնենք՝ ազատամարտիկ Սանասար Գաբրիելյանը, որը եւս մեղավոր է ճանաչվել այս գործով, Արմեն Պողոսյանի միջոցով ստացել է Հրաչյա Մայիլյանի մոտ գտնված «Իգլա»-ի լուսանկարները, կարծիք հարցրել Սամվել Բաբայանից, որն էլ ասել է, որ պակասող մասեր կան, այդ պատճառով Գաբրիելյանը, որն ապրիլյան ռազմական գործողություններից հետո ցանկացել է զենք նվիրել բանակին, հրաժարվել է այն գնելուց: Հրաչյա Մայիլյանն էլ, ըստ գործում առկա նյութերի, գնորդին՝ Սանասար Գաբրիելյանին «կորցնելուց» հետո դիմել է ԱԱԾ ու պատմել կատարվածը: Սամվել Բաբայանն ու Սանասար Գաբրիելյանը նրան ԱԱԾ գործակալ են համարում, որի ցուցմունքով իրենց վրա «գործ են սարքել», որպեսզի չեզոքացնեն քաղաքական դաշտից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. manvel says:

    Ի սկզբանե ել պարզ էր, որ հաշվեհարդար են տեսնում Սամվել Բաբայանի նկատմամբ:Նույնիսկ եթե այս կա արժեր որ ազգային հերոսին ,պատերազմը հաղթանակած հրամանատարին բանտ տանեին? Տնային կալանք թող տային:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728