Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանված պաշտոնյայի գործով դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ

Փետրվար 16,2018 17:02

Արմավիրի ընդհանուր իրավասության դատարանը Արմավիրի մարզպետի սպանված խորհրդականի սպանության գործով  այսօր շարունակեց քննարկել պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությունը՝ կրկնակի փորձաքննություն նշանակելու մասին: Պաշտպանական կողմը պնդում է, որ սպանությունը կատարվել է  աֆեկտի տակ եւ միջնորդում է համապատասխան փորձաքննություն նշանակել:

Միջնորդությանը առարկեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը՝ սպանվածի եղբայր  Արամ Սիմոնյանը. «Ես դեմ եմ նման միջնորդությանը, հասկանում եմ աֆեկտ ասված հասկացությունը, հասկանում եմ պաշտպանի մտածածն ու նպատակը, բայց առարկում եմ, քանի որ փորձագետները գրել են, որ աֆեկտ չի եղել: Բացի այդ, երբ հարեւանի շան ոտքը տրորում են, առաջին հերթին հարեւանից ներողություն են խնդրում, ոչ մի ներողություն չի եղել, սա եղել է  խմբակային սպանություն, խնդրում եմ մերժել, որովհետեւ հիմքեր չկան»:

Մեղադրող դատախազը վաղաժամ համարեց պաշտպանական կողմի միջնորդությունը. «Դեռեւս չհետազոտված ապացույցների պարագայում գտնում եմ, որ վաղաժամ է, խնդրում եմ, որ դատարանը հետաձգի միջնորդության  քննարկումը»:

Պաշտպանական կողմն էլ ասաց, որ ներկայացրել է միջնորդության բոլոր հիմնավորումները. «Գտնում եմ՝ մեղադրողի կարծիքն անհիմն է, ինչո՞ւ է անհապաղ փորձաքննությունը, որովհետեւ  եթե հաստատվի, որ իրեն մեղսագրվող արարքը կատարել է  աֆեկտի վիճակում, իմ պաշտպանյալը ենթակա է ավելի մեղմ պատասխանատվություն ենթադրող հոդվածի»:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ` պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշում ընդունելու:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728