Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմավիրի մարզպետի խորհրդականի եղբայրը միջնորդեց եղբոր սպանության գործով նիստերը դռնփակ անցկացնել

Փետրվար 16,2018 16:53

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով տուժողի իրավահաջորդը՝ սպանվածի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, այսօր դատարան ներկայացրեց գրավոր միջնորդություն՝ դռնփակ դատական նիստ անցկացնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով ընտանիքի, անձերի անձեռնմխելիությունը: Ըստ նրա՝ նիստի ժամանակ քննարկվելու են այլ անձանց ու վկաներին վերաբերող հարցեր, որոնք ձեռք են բերվել օրինական ու անօրինական ճանապարհով. «Չեմ ուզում եղբորս հիշատակն անեծքների տակ լինի, խնդրում եմ»:

Դատարանը պահանջեց պարզաբանել՝ ինչի մասին է  խոսքը:

«Որոշ վկաներ սուտ ցուցմունք են տվել, սուտ մատնություն է տեղի ունեցել»,- ասաց Արամ Սիմոնյանը՝ մասնավորեցնելով, որ խոսվում է այն մասին, թե Մանուկ Սիմոնյանը սպանել է զոքանչին: Նա ասաց, որ կրիչներ է ներկայացնելու դատարանին, որոնք, ըստ իրեն, շատ կարեւոր նշանակություն ունեն գործի համար. «Հերքում է ամեն ինչ»:

Մեղադրող դատախազը միջնորդության վերաբերյալ ասաց, որ դատարանի հայեցողությանն է թողնում, իսկ պաշտպանական կողմն ասաց, որ տուժողի իրավահաջորդի հիմնավորումն անհասկանալի է ու չհիմնավորված:

Արամ Սիմոնյանը նաեւ դատարանում հայտարարեց, որ եղբոր հետ կատարվածը համարում է  խմբակային սպանություն. նրա խոսքով` իր ազգականներից ոչ ոք չի հարցաքննվել. «Խնդրում եմ օբյեկտիվ լինել, ընթացքում կապացուցեմ, որ խմբակային սպանություն է  եղել… իսկ իմ միջնորդության վերաբերյալ, թող ոչինչ չբացվի, ամեն ինչ մնա դատարանի պատերի մեջ, որ ընտանիքներ չքանդվեն»:

Դատարանը որոշեց հետաձգել Արամ Սիմոնյանի միջնորդության քննարկումը:

Հիշեցնենք, որ Ռուզաննա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել` սպանել է ամուսնուն` Մանուկ Սիմոնյանին:

Ըստ մեղադրական եզրակացության` Ռուզաննա Մկրտչյանը, 1992թ.-ից ամուսնացած լինելով Մանուկ Սիմոնյանի հետ և համատեղ բնակվելով Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 փող. 4-րդ տանը, տարիներ շարունակ հաճախակի բռնության է ենթարկվել նրա կողմից:

Հերթական անգամ, 2017թ. հուլիսի 22-ին` ժամը 10-ի սահմաններում, երբ նա տանը ամուսնու հետ միայնակ է եղել,  վերջինս չնչին առիթն օգտագործելով, տան 2-րդ հարկի իրենց ննջասենյակում կրկին ծեծի է ենթարկել Ռուզաննա Մկրտչյանին: Այնուհետև ննջասենյակից կնոջը դուրս վռնդելուց հետո, պառկելով մահճակալին քնել է: Ռուզաննա Մկրտչյանը ննջասենյակից դուրս գալուց մի քանի րոպե անց ննջասենյակին կից խոհանոցում գտնվելու ժամանակ տեսել է սառնարանի կողքին` հատակին դրված կացինը և անմիջապես նրա մոտ դիտավորություն է առաջացել ննջարանում ամուսնու քնած լինելու հարմար առիթն օգտագործելով կացինով սպանել նրան` տարիներ շարունակ իրեն ծեծի ենթարկելու և նվաստացնելու համար: Ռուզաննա Մկրտչյանը, վերցնելով կացինը և խոհանոցից դեպի ննջասենյակ տանող դռնով մտնելով ներս, մոտեցել է մահճակալին քնած ամուսնուն և նրան ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու` սպանելու նպատակով կացնով մի քանի անգամ հարվածել է Մանուկ Սիմոնյանի գլխին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը կատարելուց հետո, տուն է կանչել որդուն` Նորիկ Սիմոնյանին, և արդեն 2017թ. հուլիսի 23-ին` ժամը 04-ի սահմաններում, ամուսնու «Մերսեդես Բենց» մակնիշի 77 NM 779 հաշվառման համարանիշի ավտոմեքենայով որդու հետ ամուսնու դիակը տեղափոխել և թաքցրել են Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ավտոճանապարհի աջակողմյան ամայի տարածքում` Դալարիկի ձորից շուրջ 30մետր հեռավորության վրա, որտեղից էլ այն հայտնաբերվել է 2017թ. հուլիսի 25-ին ժամը 23:30-ի սահմաններում:
Այսինքն Ռուզաննա Զարիշատի Մկրտչյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 104 հոդվածի 1-ին մասով»:

Հիշեցնենք, որ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով :

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728