Մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարների տարեկան հաշվետվությունների շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի հետ: Խորհրդակցության ժամանակ վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը նախ ներկայացրել է 2017թ. կատարված աշխատանքների հաշվետվությունը, այնուհետ նաև 2018թ. ծրագրերը: Խոսելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված աշխատանքների մասին՝ Արմեն Սարգսյանը զեկուցել է, որ նախանշված բոլոր ուղղություններով ծրագրերն իրականացվել են ամբողջությամբ ու սահմանված ժամկետներում: Ըստ այդմ, Շենգավիթ վարչական շրջանում հետևողական աշխատանքներ են տարվել բակերի ու այգիների բարեկարգման, բնակելի ֆոնդի պահպանման, վթարային շքապատշգամբների, կրթամշակութային օջախների նորոգման ու հիմնանորոգման, սոցիալական աջակցության, ինչպես նաև կանաչապատման ու ոռոգման նոր համակարգի ընդլայնման ուղղությամբ: Ամբողջովին լուծվել է վարչական շրջանի ևս 40 փողոցների և նրբանցքների, ինչպես նաև շուրջ 70 բակային տարածքների արտաքին լուսավորության խնդիրը: Զեկուցվել է նաև, որ 2017թ. շարունակվել է ակտիվ համագործակցությունն Արցախի շրջանների, ՀՀ մարզերի և արտերկրի գործընկեր քաղաքների հետ:
Ներկայացնելով 2018թ. անելիքները՝ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը, նշել է, որ տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքներից բացի ակտիվ քայլեր են ձեռնարկվում մասնավոր հատվածի հետ համագործակցության զարգացման և ներդրումային գրավչության բարձրացման նպատակով:
«Պարոն քաղաքապետ, 2018թ. ևս քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով կիրականացվեն ծավալուն աշխատանքներ, և վստահեցնում եմ, որ վարչական շրջանի աշխատակազմը պատրաստ է ամենօրյա սրտացավ աշխատանքով այս տարի ևս կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք Երևանի զարգացման հնգամյա ծրագրի մասն են կազմում: Ամենօրյա համագործակցությունը շարունակական կլինի նաև կենսապահովման ոլորտի գործընկեր կառույցների հետ, ինչի արդյունքում այս տարի ևս աշխատանքներ կտարվեն ջրատար նոր համակարգերի կառուցման, բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերում մալուխների կարգաբերման ու մի շարք այլ ուղղություններով», – նշել է Արմեն Սարգսյանը:
Ընդհանուր առմամբ դրական գնահատելով կատարած աշխատանքը՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Շենգավիթ վարչական շրջանում առանձնակի կարևորել է արտադրական ներուժի արդյունավետ զարգացման ապահովումը:
«Մենք պետք է վերականգնենք Շենգավիթ վարչական շրջանի արդյունաբերական ներուժը՝ իրականացնելով այնպիսի ծրագրեր, որոնք կքաջալերեն թե ներդրողներին, թե կապահովեն տնտեսական աշխուժություն: Վարչական շրջանում առկա արտադրական տարածքները պետք է լիարժեք ծառայեն իրենց նպատակին:
Արձանագրելով մեր թիմի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների ծավալը՝ մեր համաքաղաքացիներն այսօր ակնկալում են ավելին, քանի որ համոզվել են, որ մեր թիմը կարո՛ղ է ու կանի՛ ավելին՝ հանուն Երևանի և երևանցու հարմարավետության: Սա շատ բարձր գնահատական է, ու մենք պարտավո՛ր ենք արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները: Համոզված եմ, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով մենք կիրականացնենք բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր համաքաղաքացիներին», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Երևանի քաղաքապետն աշխատակազմի ուշադրությունը հրավիրել է նաև զբոսաշրջության զարգացման նպատակով ենթակառուցվածքների ստեղծմանը:
«Առաջիկա տարիներին մենք պետք է իրականացնենք այնպիսի ծրագրեր, որոնք միտված կլինեն քաղաքային զբոսաշրջության զարգացմանը: Երևանը պետք է ամբողջությամբ և արժանիորեն բացահայտված լինի թե զբոսաշրջիկների, թե հենց քաղաքի բնակիչների համար։ Այդ տեսանկյունից Շենգավիթ վարչական շրջանն ունի բոլոր հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ հենց այստեղ են գտնվում Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը, որոնք Երևանի հազարամյակների պատմության լավագույն վկայությունն են», – նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատկանշել է վերջին տարիներին Շենգավիթ վարչական շրջանում մեկնարկած ու շարունակվող ճանապարհաշինական խոշոր ծրագրերը, որոնք ոչ միայն կարևոր նշանակություն են ունենալու մայրաքաղաքի երթևեկության բեռնաթափման հարցում, այլև առանձնանում են որակով ու աչքի են ընկնում ժամանակակից լուծումներով:
Երևանի քաղաքապետարանի մամլո հաղորդագրություն