Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երբ մայրն ու 9 տարեկան երեխան նետվում են կամրջից, մենք բոլորս պիտի սթափվենք

Փետրվար 16,2018 16:20

Այսպիսի բաները բոլորիս խղճին են մնում, որովհետև եթե ամեն մեկս նույնիսկ մի քիչ թերանանք սիրո, ուշադրության ու մեկս մեկի բեռը կրելու գործի մեջ, ապա հուսահատությունն ու անելանելիության զգացումը կշատանա: Սերը կպակասի ու վատ բաներ կպատահեն:

Քիչ առաջ մամուլում կարդացի, որ մայրը և 9 տարեկան երեխան նետվել են Դավիթաշենի կամրջից: Երկուսն էլ մահացել են: Մայրը 37 տարեկան էր: Նրանք երկուսն էլ 3 օր, որպես անհայտ կորած, որոնվում էին:

Կարդացի այս լուրն ու տեղս չեմ գտնում:

Այս ինչ հուսահատություն է,  ինչ անելանելի վիճակ, որ ծնողի ու երեխայի կյանքն ավարտվի այսպես: Լավ, ասենք՝ այնքան էինք սառել ու անտարբեր դարձել, որ մեծերի ինքնասպանության փաստին վարժվել էին մեր հոգիները, բա երեխանե՞րը: Ինչո՞ւ պիտի 9 տարեկան երեխայի կյանքն ավարտվի այսպես, վախի, լացի ու հուսահատության մեջ:

Մեր հասարակության մեջ լիքը լավ բաներ կան, որոնք ջերմացնում են շատերի հոգիները, բայց կան նաև մասսայական վատ երևույթներ, որոնք հուսահատության են հասցնում մարդկանց:

Ինչո՞ւ է պաշտոնավորը կաշառք վերցնում: Ինչո՞ւ պատկան մարմինն իր գործը միշտ սիրով չի անում: Ինչո՞ւ բժիշկը չի բուժում մարդուն՝ առանց աչքը նրա գրպանին տանելու: Ինչո՞ւ ուսուցիչը հոգատարությամբ չի դաստիարակում երեխաներին: Ինչո՞ւ են մամուլն ու հեռուստատեսությունը մեր մտքերը թունավորում գարշահոտ սերիալներով ու թեթևսոլիկ հաղորդումներով և մարդկանց հուսահատեցնում՝ Հայ Մարդու վատ կերպար ներկայացնելով: Կարծես ծնողները ձեռ են քաշում երեխաների դաստիարակությունից ու մարդիկ էլ զբաղված են ամբողջ օրը Ֆեյսբուքում բամբասելով, իրենց խաշի սեղանների նկարները կիսելով ու սելֆիներ տարածելով, որպեսզի ընկերները փառք տան իրենց ու ասեն՝ «էս ինչ լավն ես, էս ինչ լավն ես»: … Իսկ խեղճ աղքատը հուսահատվում է:

Մենք դադարում ենք իրար բեռը կրել:

Այսպես է, որովհետև մենք մոռացել ենք իրական սիրո մասին: Մենք մոռացել ենք Աստուծո մասին: Մենք մեզ քրիստոնյա ենք անվանում, բայց Քրիստոսի օրենքով չենք ապրում: Մենք մոռացել ենք, որ մի օր հաշիվ ենք տալու Աստծուն մեր անտարբերության համար:

Պատկան մարմիններ, միգուցե դուք մի ավելի ուրիշ տեսակի արժեքների սատարողը պիտի լինեք: Բժիշկ և ուսուցիչ, միգուցե դուք մի այլ կերպով պիտի մարդ դաստիարակեք ու խնամեք: Մամուլ ու հեռուստատեսություն, միգուցե մարդկանց գլխին զավզակություն և աղբ թափելու փոխարեն, մարդկանց պատմեք հույսի, սիրո և մխիթարության մասին: Մարդիկ, միգուցե մենք հարևանի նկատմամբ հոգատար չենք ու իրար բեռը չենք կրում:

Ծնողներ, հայրեր ու մայրեր, դուք էլ փոքր հասակից ձեր երեխաներին սովորեցրեք ինչպես ճիշտ մեծանալ, ճիշտ ապրել, Քրիստոսի հավատքով ապրել, որ ձեր երեխաները նեղության պահին չհուսահատվեն:

Չգիտեմ, ժողովուրդ, սթափվել է պետք: Մեր շուրջը մեծ ողբերգություններ են կատարվում: Հիմա պետք է մամուլի ու հեռուստատեսության եթերը լցնել այս բաների մասին քննարկումներով ու հարցեր բարձրացնել, թե ինչու են մեր քույրերն ու եղբայրները, մեծ ու փոքր այսպես իրենց կյանքին վերջ տալիս: Որ պատասխաններ գտնենք:

Չգիտեմ, միգուցե մեր երկրին էլ «երջանկության նախարարություն» է պետք, ինչպես, օրինակ, ունեն մի քանի այլ երկրներ: Որը կուսումնասիրի հասարակության չար կրքերը, հիվանդություններն ու լուծումներ կառաջարկի:

Երեկ էլ ԱՄՆ-ում մի աշակերտ զենքով մտավ դպրոց ու 17 մարդ սպանեց: Հունվարի 1-ից սկսած՝ սա արդեն 18-րդ դպրոցական մասսայական սպանությունն է ԱՄՆ-ում: Աշխարհը շատ վտանգավոր ժամանակներ է ապրում: Ճիշտ է, փրկության դուռը բաց է, բայց մարդիկ դրանով չեն մտնում:

Արմեն ՀԱՐԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728