Փետրվարի 14-ից 17-ը Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքում, Եվրամիության և Ավստրիական զարգացման գործակալության աջակցությամբ, ընթանում է Եվրոպայում ամենամեծ Օրգանական սննդի և խմիչքի մասնագիտացված 29-րդ ցուցահանդեսը (BIOFACH 2018), որին Հայաստանից ներկայացված են հայկական 10-ից ավելի ընկերություններ:
Բացման արարողությանը ցուցահանդեսի մասնակիցներին և հյուրերին ողջունեցին Բավարիայի ներքին գործերի, քաղաքաշինության և տրանսպորտի նախարար Յոախիմ Հերմանը՝ ներկայացնելով Բավարիայի վարչապետ Հորստ Զեհոֆերի ուղերձը, Նյուրնբերգի քաղաքապետ Ուլրիխ Մալին և Սննդի ու գյուղատնտեսության հարցերով Գերմանիայի Դաշնային նախարարի տեղակալ Հերման Օնկո Այկենսը: Բացման արարողությանը մասնակցեց նաև ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Փետրվարի 15-ին Հայկական տաղավար այցելեց ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով ՀՀ գյուղատնտեսության փոխնախարարի ուղեկցությամբ շրջայց կատարեց տաղավարով և ծանոթացավ հայկական արտադրողների ներկայացված արտադրանքին: Քննարկվեցին օրգանական սննդամթերքի ոլորտում հայ-գերմանական համագործակցության առավել խորացման հեռանկարները և այդ ուղղությամբ ջանքերի համադրման հնարավորությունը:
ՀՀ ԱԳՆ