Այսօր լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանը 2014-ին ասել էր, որ վարչապետի, ԱԺ նախագահի պաշտոնին ինքը չի հավակնում, ավելին՝ ասել էր, որ մի մարդ երկու ժամկետից հետո չպետք է ղեկավարի:
Փաշինյանն ասաց, որ եթե նա վարչապետ դառնա, ներքաղաքական իրավիճակի սրացման մեծ ներուժ կլինի, որովհետեւ դա նշանակում է ՀՀ քաղաքացիներին լկտիաբար խաբել:
Լրագրողները ասացին, որ ձեզ էլ հակադարձում են, որ ժամանակին, երբ Սահմանադրական փոփոխությունները լինում էին, չպայքարեցիք, ասացիք կեղծ օրակարգ է, ոչինչ չարեցիք, որ այդ վերարտադրվելու գործընթացն իրականություն չդառնա: Փաշինյանը պատասխանեց, որ երեւի կարիք կա իր ֆեյսբուքյան էջով հրապարակել այն ժամանակվա իր ելույթները. «Ես ինչ եմ ասել, որ այն Սահմանադրությամբ, որ 2015-ին գործում էր, այդ Սահմանադրությամբ Սերժ Սարգսյանը վերարտադրվելու որեւէ պրոբլեմ չունի եւ չի ունենալու նաեւ նոր Սահմանադրությամբ: Ցույց եմ տվել նաեւ դրա օրինակները: Հին Սահմանադրությամբ այն վարչապետը, որն ունի խորհրդարանական մեծամասնություն, ինքը շատ ավելի հզոր դեմք է, քան ՀՀ նախագահը: Հիմա 2018-ն է, նախագահական ընտրությունները, եթե ենթադրենք, որ տեղի են ունենում հին համակարգով, խորհրդարանական այս բաշխվածությամբ Արմեն Սարգսյանն ընտրվում է ՀՀ նախագահ, Սերժ Սարգսյանը վարչապետ, ո՞վ է երկրի իրական ղեկավարը լինելու դե ֆակտո եւ դե յուրե նույնպես: Հիմա էլ է գրված, որ ՀՀ նախագահը պետության գլուխն է: Ես սա եմ ասել եւ պնդում եմ, կարող եմ ցանկացածի ապացուցել: Դրա օրինակները ե՛ւ ՀՀ-ում են եղել, ե՛ւ ՌԴ-ում է եղել: Երբ որ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր խորհրդարանական մեծամասնությամբ, «Միասնության» դաշինքով մասնակցեցին, խորհրդարանական մեծամասնություն ստացան, Ռոբերտ Քոչարյանը, նաեւ Սերժ Սարգսյանը իրենց տեղերում կային այնքան ժամանակ, քանի դեռ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը հանդուրժում էին ինչ-ինչ պատճառներով: Որ պահին նրանք ուզենային, որ այնտեղ չլինեին, 5 րոպեից ավելի, ամենաբարդ սցենարով 24 ժամում չէին լինի»:
Հարցին՝ Սերժ Սարգսյանի վարչապետական ծրագրից ելք կա՞՝ նա պատասխանեց. «Քանի որ ես համարել եւ համարում եմ, որ Սահմանադրությունը չի որոշում երկրի առաջին դեմք, երկրորդ դեմք, երրորդ դեմք, այլ որոշում է ժողովուրդը, քաղաքացին: Եթե ՀՀ քաղաքացիները կամարտահայտություն ցուցաբերեն առաջիկա ժամանակաշրջանում, այդ հարցը կլուծվի. «Ո՞վ է ի վիճակի վերցնել իշխանությունը ՀՀԿ-ից՝ ժողովուրդը»:
Անդրադառնալով իշխանափոխությանը՝ Փաշինյանն ասաց. «Մարդիկ ասում են՝ իսկ քանի՞ հոգով կարելի է իշխանափոխություն անել: Կարելի է նաեւ 3 հոգով անել, ինչը ժամանակին Սերժ Սարգսյանն արել է: Բայց մենք ինչ ենք ուզում, այ որ ասում են համակարգային փոփոխություն, մեր պայքարը անձերի դեմ չի, այլ՝ համակարգի, մենք էս նկատի ունենք»:
Հարցին՝ հնարավո՞ր է այդ օրակարգով մարդկանց փողոց դուրս հանեք՝ Փաշինյանը պատասխանեց. «Ինչպես 2013 թվականին ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հնարավոր է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ