Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի 6 դպրոցներում ձևավորվել են անգլերեն լեզվի ակումբներ

Փետրվար 16,2018 15:31

Ավարտվել է անգլերեն լեզվի ուսուցման ակումբների ձևավորման ծրագիրը, որն իրականացվում էր ՀՀ կառավարության հանրակրթական ուսումնական հաստատություններում օտար լեզուների զարգացման համատեքստում Բրիտանական խորհրդի կողմից՝ Միացյալ Թագավորության Կառավարության հովանավորությամբ «Փոփոխության սերունդ» կրթական նախաձեռնության շրջանակում: ՀՀ ԿԳՆ առաջարկությամբ տարբեր համայնքներում ընտրված թվով 6 դպրոցներում բացվել են անգլերեն լեզվի պարապմունքների ակումբներ՝ նախատեսված 9-16 տարեկան երեխաների համար: Ծրագրում ընդգրկված դպրոցներից 4-ում՝ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 , Աշտարակի Սմբատ Շահազիզի թիվ 2, Արարատի թիվ 3 և Հրազդանի թիվ 8 հիմնական դպրոցներում հիմնադրվել են երկուական, իսկ Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 և Վանաձորի Հ. Թումանյանի անվան հիմնական դպրոցներում կահավորվել են մեկական անգլերենի ուսուցման կաբինետներ, որոնք ապահովված են անգլալեզու գրականությամբ, էլեկտրոնային ռեսուրսներով, սմարթ գրատախտակներով և նոր կահավորմամբ: Ընդհանուր առմամբ կահավորվել է 10 անգլերենի ուսուցման դասարան՝ ապահովված ժամանակակից կրթական միջավայրով: Նորաբաց անգլերենի խմբակներում ընդգրկված է 800 երեխա՝ յուրաքանչյուր խմբում առավելագույնը 20 սովորող:

Ծրագրի շրջանակում նշված դպրոցների անգլերենի ուսուցիչները մասնագիտական զարգացման վերապատրաստման կուրսեր են անցել Բրիտանական խորհրդում, ինչպես նաև հունվարի 28-ից փետրվարի 2-ը մասնակցել վերապատրաստման դասընթացների Միացյալ Թագավորության Էդինբուրգի քոլեջում: Միաժամանակ ստեղծվել է մենթոր ուսուցիչների աշխատանքային խումբ, որոնք նպատակ ունեն քննարկել դասավանդման մեթոդների, նյութերի ընտրության և անգլերենի արտադասարանական կրթական ծրագրին առնչվող հարցեր՝ հետագայում փորձի տարածումն ապահովելու նպատակով:

Ծրագրում ընդգրկված վերջին դպրոցը, որտեղ տեղի է ունեցել անգլերենի ակումբի բացման հանդիսավոր արարողություն, Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցն էր: Արարողությանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի ներկայացուցիչներ: Շնորհավորելով դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին՝ ԿԳ նախարարի տեղակալն ընդգծել է, որ արագ փոփոխվող աշխարհում, երբ աշխատատեղի կանխատեսումը դարձել է գրեթե անհնար, կրթության կազմակերպումը լուրջ դժվարությունների է բախվում. «Այսօրվա աշակերտներից շատերը աշխատելու են մասնագիտություններով, որոնք դեռ չեն հորինվել: Այսօր կրթությունը կանգնած է ապագա չունեցող մասնագիտությունների ցանկի ճշգրտման խնդրի առջև:

Օրինակ՝ կանխատեսվում է, որ հաշվապահությունը ապագա չունի, բժշկության ոլորտում 70 տոկոս ավտոմատացում կարող է տեղի ունենալ, հետևաբար այս ոլորտներում մարդկանց փոխարեն կսկսեն աշխատել ռոբոտները կամ ավտոմատ սարքավորումները: Նման պայմաններում կրթության դերը դառնում է գերկարևոր. եթե նախկինում կրթությունը սպասարկում էր տնտեսությանը և աշխատաշուկային, ապա այսօր աշխարհում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կրթությունն է որոշում, թե ինչպիսի աշխատատեղեր են լինելու ապագայում: Այս մարտահրավերներով պայմանավորված՝ ստեղծագործ և քննադատաբար մտածելու հմտությունը, որի հիմքում գիտելիքի հիմնարար պաշարն է ընկած, առաջնային նշանակություն ունեն: Այս համատեքստում հատկապես փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է կարևոր նշանակություն ունի օտար լեզուների կրթությունը. 3 լեզվի իմացությունը մեզ համար պարտադիր է: Լեզվի իմացությունը ոչ միայն կրթությունը, ապագան և բիզնեսը կառուցելու հնարավորություն է, այլ նաև մեր ազգային մշակույթը աշխարհին ներկայացնելու, հասանելի դարձնելու և այլ մշակույթների համար բաց լինելու միջոց»,- նշել է Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ անգլերենի ակումբները աշակերտների համար լրացուցիչ քայլ են դեպի կայուն ապագա:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին, Միացյալ Թագավորության կառավարությանը, դպրոցի մանկավարժներին՝ ծրագրի իրականացման համար:

Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսեն Չիկն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ արդյունավետ համագործակցության համար: Նշելով, որ տարբեր լեզուներով հաղորդակցվելը տեխնոլոգիաների զարգացման արդի ժամանակաշրջանում կարևոր առաքելություն է՝ փոխդեսպանը հույս է հայտնել, որ անգլերենի նորաբաց ակումբները կնպաստեն անգլերենի ուսուցման բարելավմանը և անգլերեն սովորելու նոր, ավելի դյուրին մեթոդի մշակմանը. «Անգլերենի ակումբներ ստեղծելու ծրագիրը մշակելիս՝ մեզ համար կարևոր է եղել ինչպես սովորել և ինչպես սովորեցնել հարցը»,- նշել է փոխդեսպանը:

Նշենք, որ Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 հիմնական դպրոցն անգլերենի ակումբի խմբակներում 5-6-րդ դասարաններում սովորող շուրջ 120 երեխա է ընդգրկված: Դպրոցում իրականացվում է նաև երրորդ օտար լեզվի և ներառական կրթության ծրագիր:

 ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728