Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդպես չհուզվեք, թե բյուջեում փող չկա, փող չկա՝ լավ չեք աշխատում». Բոստանջյանը՝ իշխանությանը

Փետրվար 16,2018 14:10

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ արտահերթ նիստում Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին «Ելք» խմբակցության նախագիծն է քննարկվում: Առաջարկվում է նախագծի երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում: ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը հարցրեց՝ դուք միշտ դեմ եք լինում, երբ 24 ժամում օրենք են ընդունում, բա դուք ինչո՞ւ եք ուզում 24 ժամում այն ընդունել, հիմնական զեկուցող Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ ոչ թե միշտ են դեմ եղել, այլ դեմ են եղել մի շարք դեպքերում, բայց այս հարցը արդեն մի քանի ամիս է՝ քննարկվում է: Բացի այդ, նա ասաց, որ թանկացումների հարցը հրատապ է, եւ գների իջեցումը ՀՀ քաղաքացիների մեծամասնության համար մի խնդիր է, որ պետք է լուծվի ժամ առաջ:

Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց իրենց առաջարկը: 

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը տեղեկացրեց պատգամավորներին, որ հանձնաժողովում նախագիծը բացասական եզրակացություն է ստացել:

Նա ասաց, որ սեղմված գազով մատուցվում են հիմնականում ուղեւորափոխադրումներ, մատուցվող ծառայությունների սակագները չեն փոխվել եւ չեն էլ փոխվելու, հետեւաբար սեղմված գազի գնի բարձրացումն իր հետեւից այլ թանկացումների չի բերի: Բենզինի գինը, այո, բարձրացել է, բայց դա, ըստ Հարությունյանի, անհատական մեքենաների օգտագործման համար է, հետեւաբար պարենային ապրանքների գների աճին այս թանկացումը չի բերելու: Գյուղացիական տնտեսությունների վրա դիզվառելիքի թանկացումը կազդի, բայց այդ մասով էլ կառավարությունը կոնկրետ քայլեր է անում՝ գյուղացիական տնտեսությունների համար խնդիրը կոմպենսացնելու. «Ես փորձեցի ներկայացնել իրական վիճակը, հետեւաբար Ակցիզային հարկի դրույքաչափերի բարձրացումը չէր կարող բերել առաջին անհրաժեշտության պարենային ապրանքների գների աճին, որի մասին խոսվում է»:

Խոսրով Հարությունյանն ասաց, որ «Ելքի» նախագծով այն քաղաքացիները, որոնք ցածր աշխատավարձ են ստանում, ընդամենը 3000 հազար դրամի օգուտ են ստանալու, իսկ բարձր եկամուտ ունեցողները՝ 9000 դրամի, արդյո՞ք սա արդարացված է:

«Ելք» խմբակցության անդամ Գեւորգ Գորգիսյանը հարցրեց՝ ասում եք, որ պետք է քաղաքացիների եկամուտներն ավելացնել եւ դա է միակ միջոցը՝ գնաճի դեմ պայքարելու, դուք ի՞նչ եք արել՝ քաղաքացիների եկամուտներն ավելացնելու ուղղությամբ՝ որպես քաղաքական մեծամասնություն, մենք եկամուտներն ավելացնելու նախագիծ ենք բերել, դուք մերժում եք, դուք ի՞նչ եք նախաձեռնել մենաշնորհների դեմ պայքարի հարցում: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ ցանկացած գնով քաղաքացիների եկամուտների ավելացումն անընդունելի է, այն պետք է բացառապես արտադրողականության աճով պայմանավորված լինի, արհեստական եկամուտների ավելացումը բերելու է գնաճի. «Ինչ վերաբերում է, թե ես ինչ եմ արել մենաշնորհների դեմ պայքարելու հարցում, դա ամենաբարդ խնդիրն է: Ամենամեծ խնդիրը ոչ թե մենաշնորհային շուկաներն են, այլ՝ հակամենաշնորհային համաձայնությունները միմյանց հետ»:

Գորգիսյանն էլ արձագանքեց, որ առանց աշխատավարձերը ավելացնելու հարկերը բարձրացնելն էլ սխալ մոտեցում է, չպետք է չոր, կացինով քաղաքացու եկամուտները կրճատեք ու ասեք, որ դա պետք է բերեք բյուջե:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ ապրանքների տեղափոխումը , բեռնափոխադրումը դիզվառելիքով է լինում, դա անդրադառնում է բեռնափոխադրվող ապրանքների վրա 20 տոկոսով, ինչու դրա մասին չեք խոսում, միայն գյուղատնտեսության համար եք ասում: Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ գյուղատնտեսության դեպքում ինքնարժեքի վրա է անդրադառնում: Նա ասաց, որ ֆինանսիստները դրան կանդրադառնան:

Փաշինյանն ասել էր, որ ապրանքները իրականում թանկացել են ոչ թե 2,6 տոկոսով, այլ՝ 21,9: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն ասաց, որ ինքը զուսպ սպառող է եւ թանկացումը զգում է, որ ոչ թե 21,9 տոկոս է, այլ՝ 40 եւ ավելի. «Հիմա վիճակը վատ է երկրում, ի՞նչ եք առաջարկում, ասում եք սոցիալական խավին աջակցենք, ինչո՞վ, 1000 դրամ տա՞նք: Դա ամենաողորմելի ինստիտուտն է, աջակցությունը վերջանում է 1000 դրամով: Ու այդպես չհուզվեք, թե բյուջեում փող չկա, փող չկա՝ լավ չեք աշխատում, ես էլ, դուք էլ, կարելի՞ է ժողովրդին սպանելով բերել իբր թե բյուջե լցնել՝ էլի ռացիոնալ չօգտագործելով»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ եթե գնաճը 40 տոկոս է, ուրեմն շատ գումար է պետք՝ դիմագրավելու, պետք է առաջնորդվել նախ պարենային ապրանքների զամբյուղում ներգրաված 11 անուն ապրանքների գներով: Ըստ նրա, այս խնդիրը կարճաժամկետ լուծում չունի, տնտեսության աճ պետք է լինի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728