Լրահոս
Օրվա լրահոսը

«Իգլա»-ի գործով կարեւոր անձը հաստատեց՝ զենքը չի բերվել Վրաստանից, այլ եղել է Էջմիածնի իր տանը

Փետրվար 16,2018 14:01

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր Հայաստան «Իգլա» բերելու եւ փողերի լվացման համար 6 տարվա ազատազրկման դատապարտված ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննության ժամանակ հարցաքննվեց Էջմիածնի նախկին քաղաքապետի որդի Ռոբերտ Աղվանյանը, որն ըստ գործի նյութերի՝ «Իգլա»-ն վաճառողն է, սակայն նա ձերբակալվել էր Վրաստանում եւ դատավճռի հրապարակումից հետո միայն հանձնվել հայկական կողմին: Այդ պատճառով նա մինչ օրս դատարանում ցուցմունք չէր տվել, թեեւ այս գործով առանցքային մեղադրյալ է համարվում:

Նա դատարանին պատմեց, թե ինչ առնչություն ունի «Իգլա» ձեռք բերելու եւ ինչ-որ մեկին այն հանձնելու գործընթացի հետ: «Հանձնել եմ Մայիլյան  Հրաչին: Այդքանում է կայանում իմ գործունեությունը: Պատերազմի ժամանակ հայրս մեծ օգնություն է ցուցաբերել…այն ժամանակվանից մնացել էր «Իգլա»-ն՝ Էջմիածնի իմ տանը: 2010 թ. տունս վաճառելու ժամանակ եմ դա հայտնաբերել: Նախորդ տարվա ապրիլին էլ զենիթահրթիռային համալիր բանակին եմ նվիրել:  Ոչ Սամվել Բաբայանին եմ ճանաչում, ոչ Սանասար Գաբրիելյանին»:

Ռոբերտ Աղվանյանը տեղեկացրեց, որ Հրաչյա Մայիլյանին Թբիլիսիում պատահական է հանդիպել. «Նրա հետ զենքի ձեռքբերման խոսակցություն չի եղել, այլ ի սկզբանե այդ խոսակցությունը եղել է Ռուստամի հետ: Առաջարկել եմ նրան տալ «Իգլա»-ն, որ քրդերին փոխանցի՝ թուրքերի հերն անիծելու համար: Դրանից հետո տվել եմ Մայիլյանին, թե նա ինչ է արել այն, հարցերն ուղղեք իրան»:

Ապա Աղվանյանը վստահեցրեց. «Վրաստանից Հայաստան «Իգլա» չի բերվել»: Հիշեցնենք՝ Սամվել Բաբայանը եւ Սանասար Գաբրիելյանը պնդում էին, որ Հրաչյա Մայիլյանն ԱԱԾ գործակալ է, որի ցուցմունքով իրենց վրա «սարքել» են «Իգլա» բերելու մեղադրանքը: Բաբայանը վստահեցնում էր, որ զենքն ի սկզբանե Հայաստանում է գտնվել:

Դատարանը շարունակում է քննել Բաբայանի բողոքը, որով նա պահանջում է բեկանել առաջին ատյանի դատարանի՝ իր հանդեպ կայացրած մեղավորության դատավճիռը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728