Լրահոս
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյանը՝ իր նոր պաշտոնի մասին

Փետրվար 16,2018 13:04

ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, ինչպես տեղեկացրել ենք, այդ պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ ՍԴ անդամի պաշտոնի համար իր թեկնածությունն է ներկայացվել:

Այսօր լրագրողների հետ զրույցում Հրայր Թովմասյանը հիշեցրեց, որ նա իր իրավաբանական գործունեությունը սկսել է 96-ին հենց ՍԴ-ում. «Իմ փորձը բավարար է, ես համապատասխանում եմ ՍԴ դատավորին ներկայացվող պահանջներին»: Հարցին՝ նախագահի պահանջներին բավարարո՞ւմ եք՝ նա պատասխանեց՝ դրանք չեն տարբերվում:

Թովմասյանն ասաց, որ բավական բարձր է գնահատում ՍԴ որոշումները, դրանք կանխորոշել են մեր օրենսդրության մի շարք ոլորտների քաղաքական ուղղվածությունը եւ այդ լավ ավանդույթները պատրաստվում է պահել, եթե լինի ՍԴ անդամ:

Aravot.am-ը հարցրեց՝ ընդդիմադիրները դժգոհում են, որ երբ ընտրությունների արդյունքները վիճարկում են ՍԴ-ում, Սահմանադրական դատարանը, ինչ փաստեր էլ իրենք ներկայացնեն ընտրակեղծարարության մասին, ինչպիսի տվյալներ էլ բերեն, դակում է իշխանության որոշումները, Դուք հիմա գնաք ՍԴ, մենք ավելի հետընթա՞ց ենք արձանագրելու այս առումով, թե՞ ինչ-որ չափով կարող է այլ որոշումներ էլ լինեն: Թովմասյանը պատասխանեց, որ ՍԴ-ն մի շարք դեպքերում անվավեր է ճանաչել ընտրությունների արդյունքը. «ՍԴ-ն իր գործիքակազմով չի կարող փոխարինել վարչական մարմինների ողջ համակարգին և ընդհանուր իրավասության դատարանի ողջ համակարգին: Սահմանադրական փոփոխություններով արձանագրվեց, որ ՍԴ-ն ոչ թե լուծում է ընտրության արդյունքների վեճերը, այլ լուծում է ընտրության արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճեր, սրանք միանգամայն այլ բաներ են: Սդ-ն գնահատում է, թե այդ որոշումն ընդունելու ժամանակ ԿԸՀ-ի տիրապետության տակ եղած փաստերով արդյոք պե՞տք էր այլ որոշում ընդուներ, թե՞ ոչ: Նոր ապացույցներ գնահատել, ապացույցներ հավաքել, այս ամբողջի համար ՍԴ-ն կառուցված չի, այն իրավունքի դատարան է: Իրեն ոչ բնորոշ դեպքեր են, միջազգային ստանդարտներ չեն, որ լուծում են նաեւ ընտրության վեճերը: Ես չեմ հաստատում, որ եղել են խախտումներ, հիշում եմ ընդամենը մի դեպք, երբ կողմերից մեկը դատարանում հայտարարեց, որ այսքան մահացած մարդ մասնակցել է քվեարկությանը, հետո հաստատվեց, որ դրանց 90 տոկոսը մահացած չի, այդ մարդիկ կենդանի են: Դա ՍԴ-ում հաստատվեց, քաղաքական պրոցեսներում կարող են հնչել հայտարարություններ, որոնք հետագայում չեն ապացուցվելու, դա իրավականից դրանով է տարբերվում»:

Նա ասաց, որ դա միայն տպավորություն է, որ այսքան ապացույցներ բերեցին, ՍԴ-ն մերժեց:

Հրայր Թովմասյանը հարցին՝ ՍԴ-ի հեղինակությունը կբարձրանա՞ իր գնալով՝ ասաց, որ այդ հեղինակությունն այսօր էլ բարձր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728