Հանցավոր համագործակցություն ստեղծելու եւ ղեկավարելու, Ալավերդի քաղաքի բնակիչ Կամո Փիրուզյանի սպանությունը պատվիրելու մեղադրանքով կալանավորված Ալավերդցի Վահագն Աբգարյանի մայրը՝ Անահիտ Գեւորգյանը, մեր զրուցում հերքում է այն տեղեկությանը, թե իր որդին բարեկամից 3800 դոլար է թալանել։
Նա նաեւ պնդում է, որ սա որդու դեմ սարքած գործ է, ակցիա։
Ստորեւ ներկայացնում ենք Անահիտ Գեւորգյանի հետ զրույցը։
– Տիկին Գեւորգյան, մեզ հայտնել էին, որ ձեր որդին թալանել է ձեր բարեկամներից մեկին, տեղյա՞կ եք, թե ձեր որ բարեկամի մասին է խոսքը, այս դեպքից դուք անձամբ տեղյա՞կ եղել եք, թե՝ ոչ։
– Ձեր բերած փաստերը իրականությանը չեն համապատասխանում, ես ինչքանով որ տեղյակ եմ՝ մենք այդպիսի բարեկամ չունենք, որ այդքան մեծ գումար ունենա եւ որեւէ մեկին հատկացնի մի օրով։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ հնարավոր է մեկ օրով 3800 դոլար տալ։ Դա տրամաբանությունից դուրս է։
– Մեզ ահազանգած քաղաքացին ասաց, որ ձեր այդ բարեկամը խանութ է աշխատեցնում եւ այդ գումարը խանութինն է:
– Խանութի եկամուտները 3800 դոլա՞ր են կազմում, ես չգիտեմ, այստեղ անտրամաբանական բան կա, ես գտնում եմ, որ իրականությանը այս փաստը չի համապատասխանում եւ ես գտնում եմ, որ իմ որդին ընդունակ չէ այդպիսի բաների։ Հոդվածում նշված է, որ այդ գումարը ծառայել է գրքի շնորհանդեսին, դուք հավատո՞ւմ եք, որ մարդը կարող է գիրք տպել՝ մեկին խաբելու գնով։ Ուրիշ բան է գումար վերցնի, բժշկի, հիվանդի համար, չգիտեմ ինչի համար ու չկարողանա վերադարձնել, բայց գիրք տպելու համար մարդը այդպիսի բան կանի՞։ Դա նորմալ մարդու տրամաբանությունից դուրս է։
– Ըստ այդմ՝ ձեր բարեկամը մի քանի անգամ եկել է անձամբ ձեզ հետ խոսելու գումարը վերադարձնելու համար, սակայն պատասխանել եք, որ Վահագը պետք է իր ընկերներին հարցնի, քանի որ նա մենակ չէ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք։
– Դա նույնպես սուտ է, հնարավոր չէ, որեւէ մեկը գա ինձ այդ հարցով դիմի, ես չհիշեմ, դեռ այն տարիքում չեմ, որ հիշողությունս ինձ դավաճանի, այս ամենը սարքած գործ է։ Առաջին օրվանից իմ տղայի, նրա շրջապատի նկատմամբ արված բոլոր այս գործողությունները անտրամաբանական են եւ տարօրինակ, նա քրեական հեղինակություն չի, ինքը պարզապես քաղաքում հեղինակություն վայելող տղա է, եթե մեկը քաղաքում հեղինակություն ունի, ուրեմն դա քրեակա՞ն է։ Նրան կարող են հարգել ե՛ւ քրեականները, ե՛ւ ոչ քրեականները, ե՛ւ շատ արժեքավոր մարդիկ։
– Այդ կնոջ փոխանցմամբ՝ դուք ձեր բարեկամին սպառնացել եք ազդեցիկ մարդկանցով։
– Դա աբսուրդ է։ Ներկա մարդիկ բոլորը կրթված, լուրջ, գրականություն, արվեստ սիրող մարդիկ են, ես ինչպե՞ս թույլ կտամ այդպիսի սպառնալիքներ հնչեցնեմ։ Դա մեր ընտանիքի ոճը չի, հնարավոր բան չէ՝ մեկը մեր տուն հյուր գա, ես նրան սպառնալիքներ տամ։ Դա բացառվում է, մեծագույն սուտ է: Փորձում են վարկաբեկել Վահագին եւ նրա ընտանիքին, դա անհնար բան է։ Դուք գնացեք Լոռի, տեսեք՝ ով ինչ հեղինակություն ունի։ Էս ի՞նչ կամպանիա է իմ տղայի նկատմամբ։
– Ասացիք՝ սարքված գործ է, կասե՞ք ում կողմից եւ ի՞նչ նպատակով։
– Ես կամ մտածում եմ, որ անհրաժեշտ էր այսպիսի գործողություններ անել մի ծայրամասում, ես չգիտեմ ինչն է պատճառը, կամ էլ քաղաքում մարդիկ կան, որոնց խանգարում էր, տրամաբանության սահմաններից դուրս է, որ տուժած կողմին հանցագործության մեջ մեղադրեն։ Սեպտեմբերյան դեպքերը դեռ թարմ (նկատի ունի անցած տարի Թուֆենկյան հյուրանոցի մոտ հնչած կրակոցները, որից հրազենային վիրավորում էր ստացել նաեւ իր որդին՝ Վահագն Աբգարյանը,–հեղ.) փոխանակ սլաքը ուղղեն այն մարդկանց վրա, որոնք սպանություն են կատարել, կամ նրանց ետեւում գտնեն պատվիրատուներին… Մինչեւ այդ էլի երկու տղա զոհվեց, բավականին լավ, ազնիվ տղաներ (խոսքը Աբգարյանի մտերիմների՝ Վարդան Ավագյանի եւ
Էդուարդ Պողոսյանի մասին է,–հեղ.) ամեն մեկը երկու երեխա ուներ, երկու երեխա որբացավ։
– Իսկ Կամո Փիրուզյա՞նը։
– Ես չեմ ուզում մահացածի մասին բան ասել, Փիրուզյանի մասին ասվեց, որ բազմաթիվ անգամ դատված, քաղաքում ամեն ինչի ընդունակ, ոեկետների, գողությունների ընդունակ մեկն էր եւ կործանված նարկոման, բենզին սրսկվող։
– Այսինքն՝ կարելի էր սպանե՞լ։
– Ոչ, չէր կարելի սպանել, ես ցավում եմ դրա համար, նրա հետեւում ծնող կա, մայր կա։ Բայց ուզում եմ ասել, որ բոլոր սպանությունները թողած՝ էդ մի սպանության հետքերով հանցագործ խումբ են փնտրո՞ւմ, ով որ հանցանքը կատարել է, եկել հանձնվել է (նկատի ունի Կամո Փիրուզյանի սպանության մեջ մեղադրվող Վլադիմիր Դավթյանին,- Տ.Խ.) ասել է՝ ես եմ սպանել, չի փախել բոլոր մյուս մարդասպանների նման:
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում