ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը, ինչպես տեղեկացրել ենք, այդ պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել, քանի որ ՍԴ անդամի պաշտոնի համար իր թեկնածությունն է ներկայացվել: Հայտնի է, որ շուտով ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մարտի 23-ին, տարիքը լրանում է, դառնում է 70 տարեկան, իսկ ՍԴ նախագահ դառնալու համար պետք է նախ լինել ՍԴ անդամ, ուստի Հրայր Թովմասյանի պաշտոնի փոփոխությունը դիտարկվում է այդ տեսանկյունից:
Այսօր ԱԺ-ում ՀՀԿ-ական Արայիկ Գրիգորյանի սենյակում «մինի կերուխում» էր կազմակերպվել՝ Հրայր Թովմասյանի համար, կոնյակով նշում էին, մասնակցում էր նաեւ ՍԱՍ-ի Արտակը՝ Արտակ Սարգսյանը, աշխատասենյակ տարան կոնյակի բաժակները, իսկ ներսում ալկոհոլի հոտն էր տարածվել: Ուստի լրագրողները Հրայր Թովմասյանին հարցրեցին, թե ինչո՞ւ էին խմում, նշում: Հրայր Թովմասյանը պատասխանեց, որ ինքն ընդհանրապես չի խմում, ալկոհոլ չի օգտագործում. «Ինչ-որ մի փուլ կար, օգտագործում էի, հիմա ընդհանրապես չեմ օգտագործում: Կերուխում չի եղել, մենք ընդամենը սուրճ ենք խմել»:
Դիտարկմանը, որ շատ խորհրդանշանակ է, երբ ՍԴ անդամի նոր պաշտոնը նշում եք, ասենք, Արտակ Սարգսյանի հետ, որի շուրջ բոլոր ընտրություններին աղմուկ է բարձրանում, աղմկահարույց ձայնագրություններ են լինում՝ Թովմասյանը պատասխանեց. «Դուք մարդկային, ընկերական հարաբերությունները մի շփոթեք, մի խառնեք երբեք ինչ-որ երանգներ դրանց: Անկախ ամեն ինչից, կան մարդկային հարաբերություններ, կա փոխադարձ հարգանք»: Իսկ ընտրակեղծարարության մասով նա ասաց. «Չեմ կիսում ձեր գնահատականը, այսինքն, Արայիկ Գրիգորյանին ճանաչում եմ երեւի 20 տարուց ավելի, Արտակ Սարգսյանին մի փոքր ավելի քիչ»: Նա ասաց, որ Արտակ Սարգսյանի ձայնագրությունների հետ կապված լրագրողները կարող են ասել, դիտարկումներ անել, բայց ինքը ձեռնպահ կմնա դա անել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ