«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում խիստ զայրացած են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վրա՝ ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Մեր աղբյուրների պնդմամբ՝ ՀՀԿ-ում համոզված են, որ Տարոն Մարգարյանը ճիշտ չի պահել իրեն՝ վախենալով «Երկիր Ծիրանի»-ի կանանցից եւ իր աշխատակիցներին հրահանգելով՝ «Դեմն առե՛ք, դեմն առե՛ք, շուտ», սադրել է ողջ միջադեպը։ ՀՀԿ-ում հատկապես տեսանյութերը դիտելուց հետո ասել են, որ եթե Մարգարյանը խուճապի չմատնվեր, ապա այսքան իրարանցում չէր լինի. «Երկիր Ծիրանի»-ի անդամ Մարինա Խաչատրյանը պարզապես կհանձներ «Նուբարաշեն» ՔԿՀ տարածքի բնակիչների «նվերը» քաղաքապետին ու կզբաղեցներ իր տեղը։ Ավելին՝ եթե նրանք ուզենային Մարգարյանի վրա լցնել տարայի մեջ եղած զանգվածը, ապա կանեին հեռվից։ Ի դեպ, երեկ նման պնդում արել է նաեւ «Երկիր Ծիրանիի» ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
ՀՀԿ-ում Մարգարյանի նկատմամբ դժգոհության առիթ է հանդիսացել հատկապես մեկ այլ հանգամանք. խայտառակ միջադեպը տեղի ունեցավ քաղաքական թեժ շրջանում, երբ հաշված օրեր են մնացել նախագահի եւ վարչապետի ընտրություններին։ Այս փուլում հաստատ Հանրապետականին բոլորովին ձեռնտու չէր նոր բիծ ավելացնել իրենց՝ առանց այն էլ բծավոր անվանը։ Հակառակը, նրանք պետք է ամեն կերպ փորձեին ցույց տալ, որ իրենք հանդուրժող քաղաքական ուժն են, լուծում են բնակչության խնդիրները եւ արժանի են 20 տարուց ավելի իշխանության ղեկին մնալուն։ Մինչդեռ օրը ցերեկով քաղաքապետարանում տեղի ունեցած անպատվաբեր ու ամբողջ երկրում քննադատության, սարկազմի ու տհաճության առիթ դարձած միջադեպը Հանրապետականի համար տհաճ անակնկալ դարձավ։ Չի բացառվում, որ առաջիկայում Տարոն Մարգարյանը կրկին պատիվ ունենա լսելու Սերժ Սարգսյանի հայտնի խոսքը. «Տարոն ջան, սիրուն չի»:
Մերի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Արման ԳԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում