Դիանա Ադամյանը նվագում է Ուրս Մեհլերից նվեր ստացած ջութակով
Երկու տարին մեկ անցկացվող Մենուհինի անվան երիտասարդ ջութակահարների միջազգային մրցույթը, որը հաճախ անվանում են «Ջութակահարների օլիմպիադա», այս տարի կանցկացվի Ժնեւում, ապրիլի 12-22-ը: Հայաստանը կներկայացնի մասնագետների եւ հանդիսատեսի շրջանում ճանաչված Դիանա Ադամյանը: Նա այսօր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ հանդես կգա ջութակի համար գրված համաշխարհային գրականության հայտնի ստեղծագործություններից մեկի՝ Բրուխի կոնցերտի մեկնաբանմամբ:
Երիտասարդ ջութակահարուհին ուսանել է Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում, պրոֆեսոր Պետրոս Հայկազյանի դասարանում, ներկայումս Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի առաջին կուրսում է, նրա ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանը:
Ֆիլհարմոնիկի հետ այսօր կայանալիք համերգի հայտագրի երեւալուն պես սկսեցին տարածվել խոսակցություններ, որոնց առանցքում հիմնականում շրջանառվում են ջութակահարուհու՝ ոչ միայն տաղանդավոր, այլեւ հաջողակ լինելու մասին փաստերը. ծնվել է երաժիշտների ընտանիքում, կրթություն ստացել ճանաչված մասնագետների մոտ, հանրապետական եւ միջազգային մրցույթներում գլխավոր մրցանակների արժանացել, մասնակցել վարպետության դասընթացների, ունի հովանավորներ, հայտնի «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում՝ նվիրված ցեղասպանության 100-րդ տարելիցին, Լոնդոնում աշխարհահռչակ Պինկաս Ցուկերմանի հետ «Ռոյալ» ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ հանդես է եկել Բախի Երկու ջութակի կոնցերտի կատարմամբ: Մեկ տարի առաջ էլ հենց Ցուկերմանի հրավերով մասնակցել է Օտտավայի Ազգային արվեստի կենտրոնի գալա համերգին եւ որպես մենակատար հանդես եկել անվանի երաժիշտների կողքին: Սա դեռ ամենը չէ: Երիտասարդ երաժիշտը նվագում է գերմանացի վարպետ Ուրս Մեհլերի նվիրած ջութակով:
«Առավոտի» հետ զրույցում Դիանա Ադամյանը ներկայացրեց Մանուհինի անվան մրցույթին մասնակցելու իր պատմությունը: «Մրցույթի կազմկոմիտեին նախօրոք ներկայացրել եմ ձայնագրություններ՝ Պագանինիի, Մոցարտի, Բրուխի, Բախի ստեղծագործություններից: Հետո տեղեկացա, որ մոտ 320 ջութակահարից ընտրվել են 22-ը: Ժյուրիի կազմում իսկապես մեծահամբավ ջութակահարներ են՝ նախագահն Ամերիկայից է՝ Պամելա Ֆրանկը, անդամներն են Մաքսիմ Վենգերովը, Իլյա Գրինգոլտսը, Յուջի Հատորին եւ ուրիշներ»,- ասաց մեր զրուցակիցը: Վստահ էլ հավելեց, թե մասնակցելու է մրցույթին միայն հաղթելու համար: Ինչ վերաբերում է գերմանացի վարպետից նվեր ստանալուն, ասաց. «Կար մի շրջան, որ հաճախում էի դասերի Հրաչյա Հարությունյանի մոտ եւ դա այն շրջանն էր, որ պետք է փոխվեր ջութակս: Նա ծանոթ լինելով Ուրս Մեհլերի հետ, վերջինիս խնդրեց Youtube-ով լսել իմ մեկ-երկու կատարում… Հետո վարպետը տրամադրեց իր ջութակներից մեկը անվճար, 2 տարի ժամկետով: Ապա դարձյալ Youtube-ով ծանոթանալով Լոնդոնի թագավորական նվագախմբի ընկերակցությամբ Ցուկերմանի եւ իմ ձայնագրությանը, նամակ էր հղել Հրաչյա Հարությունյանին, որով տեղեկացնում էր, թե 2 տարվա պայմանագիրը չեղյալ է համարում եւ հպարտ է, որ Դիանան նվագում է իր ջութակով»:
Մեզ հասած տեղեկությունները, թե երաժիշտը մոտ ժամանակներս ուսումը շարունակելու է Գերմանիայում, հաստատեց մեր զրուցակիցը. «Հոկտեմբերից ուսանելու եմ Մյունխենի կոնսերվատորիայում, անվանի ջութակահար ու մանկավարժ Անա Չումաչենկոյի մոտ, որի ղեկավարությամբ ժամանակին մասնակցել եմ վարպետության դասընթացների»:
Կեսկատակ-կեսլուրջ հարցին, թե ասում են, որ իր բախտը բերել է նաեւ հովանավորների հարցում, մեր զրուցակիցն ընդամենն ասաց. «Ինձ աջակցել են մշակույթի նախարարությունը, Հայ բարեգործական ընդհանուր միությունը, իսպանական DakApp կազմակերպությունը ու YerazArt ծրագիրը, որը ղեկավարում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ»
16.02.2018