«Իջեւանում տեղի էին ունենում վոլեյբոլի մրցումներ, Իջեւանի թիմն էր մրցում ու սպորտդպրոցի դահլիճը լիքն էր մարդկանցով: Եթե չեմ սխալվում, Սիսիանի թիմի հետ եզրափակիչ խաղն էինք խաղում: Ես այն ժամանակ 13 տարեկան էի: Հիշում եմ, որ ինչ-որ նոր երկրպագու եկավ ու կողքիններին ասաց՝ չեք պատկերացնի Երեւանում ինչ է կատարվում՝ ցույցեր են, հազարավոր մարդիկ ցույց են անում: Ասինք՝ ինչի՞ համար են ցույց անում, ասեց՝ Ղարաբաղի: Սա իմ առաջին տպավորությունն է՝ Ղարաբաղի շարժումից: Դրանից հետո շատ արագ ես դարձա այդ շարժման ակտիվիստներից մեկը»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կիսվեց ղարաբաղյան շարժման հետ կապված իր հիշողություններով, թե ինչ մասնակցություն է ունեցել, ինչ տպավորություններ ունի եւ առհասարակ ինչպես է 30 տարի անց գնահատում այդ շարժումը:
Նրա խոսքով՝ «Այդ շարժումն այնպիսին էր, որ հանրության բոլոր շերտերին ներառում էր, այդ թվում՝ աշակերտներին: Իջեւանում ձեւավորվեց աշակերտական շարժում, ես այդ աշակերտական շարժման ղեկավար կազմի մեջ էի: Մենք այն ժամանակ կազմակերպում էինք դասադուլներ, կազմակերպում էինք, որ կոմերիտականները հրաժարվում էին կոմերիտմիությունից, նրանք, ովքեր պիտի ընդունվեին, հրաժարվում էին ընդունվելուց, երթեր, ցույցեր էինք անում»:
Թե ինչ ստացանք ղարաբաղյան շարժման արդյունքում՝ Փաշինյանը պատասխանեց. «Ես շատ բարձր եմ գնահատում Ղարաբաղյան շարժումը, որովհետեւ, կարծում եմ, մենք շատ ուշադիր չենք այն հարցում, թե մենք ինչ ենք ստացել: Մենք ստացել ենք պետություն, ընդ որում, ստացել ենք ունիտար պետություն՝ բառիս ոչ միայն դե յուրե, այլեւ դե ֆակտո իմաստով: Սա մեզ համար շատ մեծ հնարավորություն էր, որպեսզի կարողանանք մեր ժողովրդի գոյամարտ կենսավիճակը փոխարինել ապրելու, արարելու, ազատ լինելու, երջանիկ լինելու կենսակերպին: Սա հնարավորություն է: Այդ հնարավորությունը կար հենց առաջին օրից, այդ հնարավորությունները տեղ-տեղ օգտագործվել են, տեղ-տեղ չեն օգտագործվել, բայց այդ հնարավորությունը կա նաեւ այսօր: Քանի դեռ ՀՀ-ն որպես պետություն գոյություն ունի, սա առաջին հերթին այդ շարժման արդյունքն է ու հաղթանակը: Այն, որ մենք այսօր ունենք քաղաքացիություն, ունենք պետություն, այն, որ մենք այսօր ունենք ապագա, իսկ մենք ունենք ապագա, այդ շարժման շնորհիվ է»:
Փաշինյանը չցանկացավ խոսել շարժման թերությունների, բացթողումների մասին. «Ես չեմ ուզենա այդ իրադարձության եւ տարեդարձի կապակցությամբ որեւէ բացասական բան ասել, որովհետեւ դա նույնն է, թե հոբելյարի ծննդյան օրը գնաս, ասես՝ գիտես, հա, շնորհավորում եմ քո ծնունդը, բայց դու սենց-նենց…եւ այլն: Ոչ թե այն պատճառով, որ մեր հոբելյարը շատ վատն է, մեր հոբելյարը շատ լավն է: Բուն շարժումը անթերի է եղել, որովհետեւ հանգեցրել է պետականության, հանգեցրել է Ղարաբաղի պատերազմում հաղթանակի, այն ժամանակ, երբ շարժումը դադարել է եւ ուրիշ տրանսֆորմացիաներ են սկսվել, մուտացիաները սկսել են այն ժամանակից: Իրականում ղարաբաղյան շարժումն անթերի է եղել…Ղարաբաղյան շարժումը եղել է ոչ բռնի, ցիվիլ, էմոցիոնալ, բայց մյուս կողմից եւ ռացիոնալ, եղել է ռոմանտիկ եւ պրագմատիկ, այսինքն, ղարաբաղյան շարժումն անթերի քաղաքական պրոցես էր: Մենք կարող ենք թերություններ գտնել շարժման արդյունքում ձեւավորված նոր իրողությունների կառավարման մեջ: Շարժումը, որ 88-ին սկսվել է, ավարտը կարելի է համարել 90-ի օգոստոսը, երբ շարժման քաղաքական թիմը ստանձնեց Հայաստանի քաղաքական կառավարումը, ընդ որում՝ ե՛ւ որպես իշխանություն, ե՛ւ որպես ընդդիմություն: Մենք մոռանում ենք, որ այդ շարժումը եւ ընդդիմություն, ե՛ւ իշխանություն է եղել: Շարժմանը ոչ մի պրիտենզիա չկա: Կա շարժման հետագա իներցիայի խնդիրը՝ ինչքանով ճիշտ կառավարվեց, քանի տոկոսով, բայց այդտեղ էլ ունենք կոնկրետ արդյունքներ՝ դա պատերազմի հաղթանակն է, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովումն է, Հայաստանի պետականությունը, ՀՀ պետականության լինելիությունը, որը նաեւ այդ իներցիայի դրական կողմն է: Մենք 26 տարի ՀՀ անկախ պետություն ունենք եւ եթե ժամանակակից աշխարհի տեմպը հաշվի առնենք, ըստ էության մենք սեփական մի քանի ռեկորդներ արդեն խփել ենք, բայց մեր խնդիրը մեր պետության հավերժությունն ապահովելն է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ