Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդը կնպաստի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը և գետերի էկոհամակարգերի բարելավմանը

Փետրվար 16,2018 10:45

Հայաստանի Հանրապետության գետերի հիմնական մասն ունի գլխավորապես ձնհալքից սնում, և ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշման համաձայն, ուսումնասիրված գետավազանների հիդրոլոգիական դիտակետերի համար բնապահպանական թողքի արժեքը որոշելիս հիմք էր ընդունվում տարվա սեզոնային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքերը, իսկ չուսումնասիրված գետերի համար՝ անհրաժեշտ էր օգտվել հիդրոլոգիական ատլասում պատկերված բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի հոսքի մոդուլների քարտեզից: Համաձայն վերոնշյալ որոշման, բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ ստացվում էր մեկ արժեք ամբողջ տարվա համար, որի ժամանակ հաշվի չէր առնվում ջրակենսաբանական, ջրաերկրաբանական (այդ թվում՝ ջրաբանական տվյալները), ջրաֆիզիկական և ջրաքիմիական տարրերը, որոնք մեծ նշանակություն ունեն գետավազանի էկոհամակարգի պահպանման համար:

ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 9-ի նիստին ՀՀ վարչապետի կողմից տրվեց հանձնարարական՝ վերանայել ՀՀ կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-Ն որոշումը՝ բնապահպանական թողքերի մասով, հաշվի առնելով՝  գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները:

ՀՀ կառավարության 2011 թվականի N927-Ն որոշման վերանայումը՝ բնապահպանական թողքի մասով, ՀՀ բնապահպանության նախարարությունում քննարկվել է հանրապետության գիտնական-հիդրոլոգների հետ և առաջարկվել է բնապահպանական թողքի հաշվարկման նոր մեթոդիկա, որի հաշվարկման ժամանակ հաշվի է առնվելու գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները:

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 30-ի N 927-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծով, որն ընդունվել է սույն թվականի հունվարի 25-ի նիստում, սահմանվում է, որ ուսումնասիրված գետերի գործող հիդրոլոգիական դիտակետերի հատածքներում բնապահպանական թողքի արժեքն որոշվում է բազմամյա ձմեռային ժամանակաշրջանում առավել նվազագույն ելքեր ունեցող 10 իրար հաջորդող օրերի միջին ելքի արժեքին ավելացնելով տվյալ ամսվա բազմամյա բնական նվազագույն միջին ամսական ելքի արժեքի 1/3 մասը՝ 33%-ը որպես «անվտանգության գործոն», համաձայն ԵՄ Ջրի շրջանակային դիրեկտիվի պահանջների, քանի որ Հայաստանի Հանրապետության գետերում ջրակենսաբանական, ջրաերկրաբանական և ջրաքիմիական մոնիտորինգի տվյալները բացակայում են: «Անվտանգության գործոնը» ապահովում է գետի հիդրոմորֆոլոգիական, թթվածնային և ջերմային պայմանները, որոնք էլ ապահովում են ջրային օրգանիզմների գոյատևումը և վերարտադրությունը:

Ի տարբերություն նախկին մեթոդի, այս մեթոդով բնապահպանական թողքի հաշվարկման ժամանակ, հաշվի առնելով գետերի սնուցման և սեզոնային առանձնահատկությունները, բնապահպանական թողքը հաշվարկվում է ըստ ամիսների և ստացվում է 12 արժեք՝ տարվա կտրվածքով, նախկին մեկի փոխարեն: Վերոհիշյալ փոփոխությունները կնպաստեն գետավազանի էկոլոգիական հավասարակշռության պահպանմանը և գետերի էկոհամակարգերի բարելավմանը։

ՀՀ բնապահպանության նախարարություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728