Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն Արցախում ընդդիմադիրներին չի հանդիպել

Փետրվար 16,2018 17:00

ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուից նեղացած չեն,
բայց կցանկանային նրա հետ զրուցել

Անցած հանգստյան օրերին ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն Արցախի Հանրապետությունում էր: Ինչպես եւ ինքն էր հայտարարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ՀՀ չորրորդ նախագահ դառնալու առաջարկն ընդունել-չընդունելու որոշումը կայացնելու համար հանդիպումներ է ունենալու, այդ թվում նաեւ Արցախի Հանրապետությունում: Մեկնեց: Հանդիպեց: Քննարկեցին, բնականաբար, հիմնականում Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ հարցեր: Դա լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը: Պաշտոնական Ստեփանակերտից էլ հայտարարություններ հնչեցին, որ դրական են համարում նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության առաջադրումը եւ կարծում են, որ ընտրվելու դեպքում նա կարող է մեծ օգուտ բերել Արցախյան կարգավորման հարցում։
Ուշագրավ է, սակայն, որ Արմեն Սարգսյանն Արցախում հանդիպել է բացառապես իշխանական շրջանակների հետ: Հանդիպմանը մասնակցել են «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար, պետնախարար Արայիկ Հարությունյանը, Արցախի Ժողովրդավարական կուսակցության ղեկավար, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը եւ ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԱԺ պատգամավոր` իշխանական խմբակցություններից: Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ներկա են եղել նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանը, ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը: Հանդիպումը եղել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ: Հանդիպմանը չեն հրավիրվել ընդդիմադիր պատգամավորներ, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը եւ «Շարժում-88» կուսակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:

«Առավոտի» հետ զրույցում «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը ասաց, որ չգիտի, թե ինչո՞ւ ՀՀԿ-ի նախագահի թեկնածուի հետ հանդիպմանն ընդդիմադիրները չեն հրավիրվել: «Կարծում եմ՝ հանդիպման մասնակիցների ցանկը Արմեն Սարգսյանը չէր որոշել, այլ Արցախի նախագահականը»,- ասաց նա: Հայկ Խանումյանին, բնականաբար, հետաքրքրում են պարոն Արմեն Սարգսյանի մոտեցումները` Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, բանակցային սեղանին դրված բոլոր կետերի վերաբերյալ նրա կարծիքը: Հնարավո՞ր է Արմեն Սարգսյանի տեսակետները կամ մոտեցումներում որոշ շեշտադրումներ տարբեր լինեն պաշտոնական Երեւանի եւ Ստեփանակերտի տեսակետից` Հայկ Խանումյանը չգիտի: Բայց փակ դռների ետեւում կցանկանար լսել Արմեն Սարգսյանի պատկերացումների մասին հենց Արմեն Սարգսյանից: «Նա կարծում է, եւ ամենակարեւորն այն է, որ հարցը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով եւ Արցախի ինքնորոշման իրավունքը հարգելու ճանապարհով»,- սա Արցախի նախագահի խոսնակի պատասխանն է մեր հարցին` Արմեն Սարգսյանի` Արցախի կարգավորման վերաբերյալ մոտեցումների մասով: Հարցի կարգավորման մասով այլ առաջարկներ եւ տեսլականներ ունե՞ր պարոն Սարգսյանը` Դավիթ Բաբայանը հորդորեց. «Իրենից հարցրեք»:

«Առավոտի» հետ զրույցում Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, պատասխանելով հարցին` ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները չեն հրավիրվել Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, պատասխանեց, որ հանդիպումն իրենք չեն կազմակերպել. «Արմեն Սարգսյանն ասել էր, որ հանդիպումներ է ունենալու Արցախի ղեկավարության հետ: Հետեւաբար հարցը մեզ չի ուղղված: Եթե Արցախում հանդիպումների այլ շարք նախատեսեր, երեւի կհանդիպեր: Մեկ օրով էր եկել, տարբեր տեղեր է այցելել: Այսինքն՝ իրեն հավանաբար պետք էր ծանոթանալ Արցախի զարգացումներին: Խնդիրն այն չէր, որ պետք է կուսակցությունների կամ քաղաքական ուժերի հետ հանդիպեր»: Դավիթ Բաբայանն ասում է, որ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումներին ներկա է եղել Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը` հիշեցնելով, որ նա «Շարժում 88»-ից է: Հիշեցնենք, սակայն, որ Վիտալի Բալասանյանը 2015 թվականի ընտրություններում գլխավորում էր «Շարժում 88»-ի ցուցակը, բայց այդ կուսակցությանը չի անդամակցել:

Այնուհանդերձ, Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը մասնակցել են նաեւ պատգամավորներ, հետաքրքրվեցինք` ինչո՞ւ չեն ընդգրկվել նաեւ ընդդիմադիր պատգամավորները, Արմեն Սարգսյանի գրասենյա՞կն է մասնակիցների ցանկը կազմել: Դավիթ Բաբայանը հակադարձեց. «Ի՞նչ կարեւոր է: Եթե կարծում եք, որ ինչ-որ մեկը թաքցրել է որեւէ մեկին, որ չհանդիպի, սխալվում եք: Մենք այդպիսի քաղաքականություն չունենք: Եթե լիներ ցանկություն` հանդիպել ցանկացած քաղաքական ուժի հետ, որեւէ անգամ պաշտոնական Ստեփանակերտը կամ որեւէ պաշտոնյա դա չէր արգելի: Դուք գիտե՞ք, որ նույնիսկ եթե Արցախի նախագահն այցելում է մեր տարբեր շրջաններ, նախագահի հետ միշտ այցելում են նույն այդ ընդդիմադիր պատգամավորները: Այսինքն՝ այստեղ մութ կողմեր ման գալն անթույլատրելի է: Դրան զուգահեռ՝ նաեւ այլ զարգացումներ պետք է նայել, որպեսզի նման հարցեր չառաջանան»:

«Շարժում 88» խմբակցության քարտուղար, Արցախի խորհրդարանի պատգամավոր Գագիկ Բաղունցն էլ «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ընդդիմադիրների չմասնակցությանը՝ ասաց. «Քանի որ ՀՀ նախագահ է ընտրվում, Արցախի բնակչության կարծիքը, իրավական տեսակետից, ընդհանրապես կարեւոր չէ: Այդ իմաստով միգուցե չի կարեւորվել Արցախի բնակչության եւ ընդդիմադիրների կարծիքը, ու պարտադրված չի զգացել, որ հանդիպի: Ընտրվում է ՀՀ նախագահ, եւ գտնում է, որ համագործակցելու է Արցախի իշխանությունների հետ, իրենց հետ էլ հարկ է համարել հանդիպել: Ինչ վերաբերում է անձնական հարաբերություններին, այլ հարց: Միգուցե մեր անձնական հարաբերություններն ավելի մտերմիկ են, կան եւ կլինեն, քան իշխանության ներկայացուցիչների հետ, դա այլ հարց է: Բայց ինքը հանդիպել է Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ, պետք է բավարարվել դրանով. դա իր իրավունքն է: Արմեն Սարգսյանը ոչ մի պարտավորություն չունի Արցախի բնակչության առջեւ՝ որպես ապագա նախագահ կամ էլ, դեռ զգուշորեն ասենք, նախագահի թեկնածու: Ես այնքան էլ ցավալի չեմ ընդունում դա, բայց կարծում եմ՝ հարցադրումը ճիշտ է. միգուցե պետք էր եւ մեզ հետ հանդիպել, որպեսզի ամբողջական պատկեր կազմեր»:

Գագիկ Բաղունցը չցանկացավ մանրամասնել` անձնական ի՞նչ հարաբերությունների մեջ է Արմեն Սարգսյանի հետ. «Այս պահին դա այդքան էլ կարեւոր չէ»: Չցանկացավ նաեւ որեւէ հետաքրքիր միջադեպ կամ պատմություն պատմել Արմեն Սարգսյանի հետ կապված: Հետաքրքրվեցինք` տեղյա՞կ է Արցախի հարցի վերաբերյալ Արմեն Սարգսյանի մոտեցումներից, միգուցե տարբերվող մոտեցումներ, նոր հայացք, նոր առաջարկներ ու պատկերացումնե՞ր ունի: «Վերջին տասը տարվա ընթացքում հնչեցված կարծիքին ես ծանոթ չեմ, բայց, կարծում եմ, Հայաստանի իշխանությունների կարծիքի հետ ինչ-որ տեղ համընկնում է: ՀՀԿ-ի կողմից նման առաջարկը նշանակում է, որ Արցախի հարցում կարծիքները համընկնում են: Չեմ պատկերացնում, որ ՀՀԿ-ն առաջարկի մի թեկնածուի, որի կարծիքն այդ կարեւորագույն հարցում իրենց կարծիքի հետ չհամընկնի»:

Հետաքրքրվեցինք` Արմեն Սարգսյանի հեղինակությունը, կապերը ինչ-որ կերպ կարո՞ղ են ազդել Արցախի հարցի` մեր պատկերացումներով հանգուցալուծման վրա: Գագիկ Բաղունցն ասում է` Արմեն Սարգսյանի նշանակում-ընտրությունն ինքը դիտարկում է ռուսամետ Կարեն Կարապետյանին հավասարակշռելու տեսանկյունից. «Թեկուզ թույլ լիազորություններով, բայց Արմեն Սարգսյանը, կարծում եմ, կհավասարակշռի արտաքին քաղաքականությունում Հայաստանի ուղղվածությունը: Այդ հավասարակշռությունը վաղուց պետք էր ստեղծել: Դա հնարավորություն կտա օգտագործել ե՛ւ Արեւմուտքի դրական վերաբերմունքը մեր նկատմամբ, ե՛ւ ՌԴ-ի»:

«Առավոտին» երեկ չհաջողվեց Արմեն Սարգսյանի գրասենյակից պարզաբանում ստանալ` ինչո՞ւ ընդդիմադիր պատգամավորները հանդիպման չեն հրավիրվել: Մեր հեռախոսազանգերին չպատասխանեցին:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728