Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն բանի պետք չէ-3

Փետրվար 16,2018 16:30

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը տեղեկացնում է, որ տնտեսվարողների համար մշակել է ուղեցույցներ, որոնք պարունակում են արդիական եւ համապարփակ տեղեկատվություն արտահանման հետաքրքրություն ներկայացնող շուկայի, ներմուծման կարգավորման, պայմանագրային հարաբերությունների, առկա սահմանափակումների եւ առանձնահատկությունների վերաբերյալ՝ սեփական արտադրանքը եւ արտադրական գործընթացն արտաքին շուկաների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով: Ընտրվել է 5 թիրախային շուկա՝ 5 երկիր` Արաբական Միացյալ Էմիրություններ, Չինաստան, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Իրան, Կատար։ Այս երկրներից ոչ մեկը Եվրասիական տնտեսական միության անդամ չէ՝ ի տարբերություն Հայաստանի:

2017-ի օգոստոսին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության առաջարկով կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի զարգացման նպատակով երկրների թիրախավորման տնտեսական չափանիշները, թիրախային երկրների ցանկը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների տնտեսական գործունեության կատարողականի գնահատման չափանիշները: Թիրախային երկրների ցանկում կար 14 պետություն, որոնցից միայն մեկն էր ԵԱՏՄ անդամ՝ Ռուսաստանը: Մենք էլ արձանագրեցինք. ՀՀ ԱԳՆ-ում կարծում են, որ ԵԱՏՄ անդամ չորս երկրներից՝ Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, միայն վերջինի հետ կարելի է տնտեսական ծրագրեր իրականացնել, գոնե տեսանելի ապագայում: Բայց այս չորսի հետ մենք Եվրասիական տնտեսական միություն անունով կազմակերպության մեջ ենք: Հետեւաբար, ՀՀ ԱԳՆ կարծիքով, ԵԱՏՄ-ն բանի պետք չէ:

Նաեւ հարցրեցինք՝ եթե քո պետության զարգացման քաղաքականության տնտեսական բաղադրիչում չես տեսնում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի հետ տնտեսական համագործակցություն, եթե քո սահմանած չափանիշներով նրանք պիտանի չեն քո տնտեսական զարգացման հարթությունում, եթե քո առաջարկած ապրանքներն ու ծառայությունները նրանց չեն գրավում, ինչպե՞ս ես նրանց հետ միավորվել տնտեսական միության մեջ: Պետական ոչ մի կառույց չպատասխանեց: Հիմա նույն հարցերն ուղղում ենք ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը՝ հավելելով եւս մեկ հարց. եթե քո երկրում արտադրվող ապրանքի համար հետաքրքրություն ներկայացնող արտահանման շուկա չեն Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, ինչպե՞ս ես նրանց հետ միավորվել տնտեսական միության մեջ:

2017-ի նոյեմբերին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության արտաքին առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 4,3675 միլիարդ դոլար:

Հայաստանի խոշորագույն առեւտրային գործընկեր երկրների լավագույն տասնյակում ԵԱՏՄ-ից միայն Ռուսաստանն է: Պաշտոնական այս հաղորդագրությունից հետո էլ արձանագրեցինք՝ պաշտոնական վիճակագրության համաձայն էլ՝ ԵԱՏՄ-ն բանի պետք չէ:
Ու հիմա էլ պետական երրորդ կառույցի՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության մշակած փաստաթուղթն է ապացուցում, որ ԵԱՏՄ-ում մենք անելիք չունենք, այս տիրույթում հետաքրքիր չեն մեր ապրանքներն ու ծառայությունները: Հետեւաբար ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կարծիքով էլ` ԵԱՏՄ-ն բանի պետք չէ:

Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728