Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մաքսային բրոքերի արարքում հանցակազմ չգտան

Փետրվար 16,2018 16:00

«Այդ մաքսակետում ժուլիկներ են աշխատում» «Առավոտի»՝ հունվարի 18-ի հրապարակումից հետո ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունը՝ 6-րդ վարչությունը, որոշել էր պարզել իրողությունը, նյութեր էր պատրաստում: Շատ կարճ ժամանակահատվածում այս վարչությունը նյութերը հավաքեց, պարզեց՝ ինչն ինչոց է, ու որոշումն էլ ուղարկեց «Առավոտ» օրաթերթի խմբագրություն:
Մինչ որոշումը ներկայացնելը, հիշեցնենք՝ ՀՀ քաղաքացի Տիգրան Գրիգորյանը Ամանորից առաջ Վրաստանից մանդարին էր բերել՝ Հայաստանում վաճառելու: Գրիգորյանը ընդամենը 500 կգ մանդարին էր գնել Մառնեուլի շուկայից, յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց վճարել է 73 թեթրի՝ 171 դրամ: Սակայն Բագրատաշենի մաքսակետում մեր մաքսավորները, ինչպես Գրիգորյանն է վստահեցրել, յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց 140 դրամ են գանձել: Արդյունքում Գրիգորյանի ձեռք բերված 171 դրամանոց մանդարինի կիլոգրամը դարձել է 271 դրամ, գումարած նաեւ ճանապարհածախսը, այս մանդարինի 1 կգ-ն Գրիգորյանի վրա 300 դրամ է նստել, ինչը Հայաստանի շուկայում մրցունակ գին չէր կարող լինել, քանի որ այդ օրերին այդ մանր մանդարինը շուկայում, ըստ Գրիգորյանի, 250 դրամ էր:

Գրիգորյանը քանի որ մանդարինը ձեռք էր բերել շուկայից, հետեւաբար ֆիտոսանիտարական փաստաթուղթ չուներ: Բագրատաշենի մաքսավորն այդ մասին իմանալուց հետո Գրիգորյանին հորդորել է սպասել անգարում եւ տեղեկացրել՝ ձեզ մի մարդ կմոտենա ու ինչ պետք է՝ կանի: Հետո Գրիգորյանին մոտեցել է մաքսավորի ասած այդ «մի մարդը», որը չի ներկայացել, թե ով է: Ենթադրվում էր՝ նա մաքսային բրոքեր է եղել: Այս անձը իր մոտ եղած փաստաթղթում ստուգելով Գրիգորյանի մեքենայի պետհամարանիշն ու բեռի ծավալը՝ ասել է. «Ամեն կիլոգրամի համար 140 դրամ պիտի մուծես, ընդհանուր՝ 70 հազար դրամ»: Թե դա ինչ գումար է, որ ծառայության կամ ինչ հարկման ձեւ է, ենթադրյալ բրոքերն ասել է. «Բա ուզում ես ձրի անցկացնե՞ս»:
Գրիգորյանը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ պատրաստ է համագործակցել ՊԵԿ-ի հետ, եթե վերջինս որոշի անաչառ զբաղվել գործի նյութերով ու պարզել եղելությունը: Սակայն ՊԵԿ-ի՝ մեզ տված պարզաբանումից հետո Գրիգորյանը հրաժարվեց համագործակցել թե՛ ՊԵԿ-ի եւ թե՛ իրավապահ մարմինների հետ, քանի որ կարծում է՝ ՊԵԿ-ը մտադիր չէ իրականությունը բացահայտել:

«Իրենք (ՊԵԿ-ը) շեշտում են, որ օրինական ճանապարհով ներկրման մաքսային արժեքը 72 դրամ է: Այսինքն՝ եթե ես 140 դրամ եմ վճարել, ուրեմն կոռուպցիան այն 70 դրամն է: Այսինքն՝ սա կոռուպցիոն մեխանիզմ է, որով իրենք այդ 70 դրամն աշխատում են»,- «Առավոտին» ՊԵԿ-ի պարզաբանման վերաբերյալ իր վրդովմունքն էր հայտնել Տիգրան Գրիգորյանը: Նա իրավապահ մարմիններին էլ ցուցմունք տալուց հրաժարվել էր՝ պնդելով, որ իր ներկայացրած խնդիրը համատարած է, եւ այս դեպքը միայն իր հետ չի կատարվել, եւ այս դեպքում եթե վարչապետն ու ՊԵԿ ղեկավարը ոչինչ չեն ուզում անել, ապա 1-2 շարքային աշխատակցի պատժելը մի քանի հոգու ականջը կտրելու խնդիր է լուծելու. «Ես անձամբ մեկի դեմ բողոք չեմ գրի: Քավության նոխազներն ինձ համար օտար են»:
Իսկ 6-րդ վարչությունն էլ պարզել է, որ Գրիգորյանի՝ «Առավոտին» ներկայացրած գործողություններում հանցակազմ չկա, նրա ներկրած 500 կգ մանդարինի մաքսազերծման հարցում վերջինիս աջակցել է Ա/Ձ Ալբերտ Վաչիկի Նադիրյանի կողմից տրված լիազորագրի հիման վրա գործունեություն ծավալող վերջինիս եղբայրը՝ Արմեն Վաչիկի Նադիրյանը, իսկ մաքսային միջնորդական՝ բրոքերական ծառայությունները մատուցել է «Մաքս բորդեր» ՍՊԸ-ի մեկ աշխատակից՝ Էդմար Շամիրյանը։ Նադիրյանը բացատրել է, որ տարիներ շարունակ զբաղվում են Վրաստանից մրգերի ներմուծմամբ եւ մեծածախ վաճառքով, լինում են դեպքեր, երբ Բագրատաշենի մաքսակետում իրեն դիմում են քաղաքացիներ իրենց կողմից ներկրված մրգերի մաքսազերծման գործընթացում օգնելու համար:

Ըստ 6-րդ վարչության պարզաբանման՝ «Ինչպես մյուս դեպքերում, այս անգամ եւս Նադիրյանին դիմել են քաղաքացիներ եւ օգնություն խնդրել՝ պատճառաբանելով, որ չունեն ֆիտոսանիտարիայի փաստաթուղթ։ Նադիրյանը կազմակերպել է քաղաքացիների կողմից ներկրված մանդարինի մաքսազերծման գործընթացը՝ յուրաքանչյուր կիլոգրամի համար պահանջելով եւ ստանալով 140-ական դրամ, որից 72,4-ական ՀՀ դրամը վճարել է «Արարատբանկ»-ի մասնաճյուղում մաքսազերծման համար, իսկ մնացած 67,6-ական դրամը պահել է իրեն, քանի որ Վրաստանի տարածքում արդեն իսկ կատարած է եղել արտահանման հետ կապված մաքսային որոշակի օրինական վճարումներ: Նադիրյանը հայտնել է, որ նշված գումարներից մաքսային ծառայության աշխատակիցներին կամ մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերության աշխատակցին, այլ անձանց գումար չի տվել, եւ նման անհրաժշտություն չի եղել։

Այսպիսով, նախապատրաստված նյութերով հիմնավորվել է, որ Տ. Գրիգորյանի կողմից ներկրված 500 կգ մանդարինի մաքսազերծման համար 1 կիլոգրամի դիմաց 140-ական ՀՀ դրամ գումարը վճարվել է ոչ թե մաքսազերծման ծառայություններ մատուցած մաքսային ծառայության աշխատակցին կամ մաքսային միջնորդական ծառայություններ մատուցած ընկերության աշխատակցին, այլ վճարվել է մասնավոր կարգով Տ. Գրիգորյանին ծառայություններ մատուցած Նադիրյանին, որն էլ կատարել է իր ստանձնած պարտավորությունները, ուստի նրանց միջեւ ծագած հարաբերությունները կրում են քաղաքացիաիրավական բնույթ, այսինքն՝ Ա. Նադիրյանի արարքում բացակայում է խարդախությամբ գումար հափշտակելու հանցակազմը»:

Տիգրան Գրիգորյանն էլ արձագանքելով իրավապահների բացահայտմանը՝ մեզ հետ զրույցում ասաց. «Եթե մաքսակետում ֆիտոսանիտարիայի սերտիֆիկատ ստանալն անհնար է կամ շատ թանկ, ուրեմն ամեն ինչ արված է, որ «շարքային» քաղաքացին նշված 68 դրամ հավելավճարը չտալու դեպքում ընկնի խնդիրների մեջ»։

 

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728