Կան երկրներ, որտեղ նախապես հայտարարված արտիստների կամ խմբերի հյուրախաղերը իշխանությունները չեղյալ են հայտարարում: Օրինակ, Մալայզիայի իշխանությունները ժամանակին հրաժարվել են ընդունել ամերիկացի ճանաչված երգչուհի Էրիկա Բադին միայն այն պատճառով, որ մամուլում հայտնվել են նրա լուսանկարները, որտեղ երգչուհու մարմինը «գեղեցկացնող» դաջվածքների կողքին եղել է «Ալլահ» գրառումը: Կամ՝ դարձյալ Մալայզիայում չի կայացել Սինգապուրի Պարի թատրոնի Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետային ներկայացումը՝ արտիստների բաց հագուստների պատճառով:
Օրերս Մալայզիա կատարած հյուրախաղերից վերադարձել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը: «Առավոտի» զրուցակիցը՝ ճանաչված պարուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մերի Հովհաննիսյանը հայտնեց, որ հանդես են եկել մայրաքաղաք Կուալա Լումպուրում, վեց համերգով, ներկայացնելով հատվածներ Խաչատրյանի «Սպարտակ», «Գայանե», Չայկովսկու «Շչելկունչիկ», «Կարապի լիճ» բալետներից: Արվեստագետը նշեց, որ մենապարերով հանդես են եկել ՀՀ վաստակավոր արտիստներ Սյուզի Փիրումյանը, Ռուբեն Մուրադյանը, Սեւակ Ավետիսյանը եւ Եվրոպայից հրավիրված Արման Գրիգորյանը: Վերջինս շուրջ 15 տարի հանդիսացել է Ցյուրիխ-բալետի մենապարող, այժմ ստեղծագործում է ազատ արվեստագետի կարգավիճակով: Հատուկ շեշտեց կորդեբալետի արտիստների ներկայանալի ընկերակցությունը:
«Նախապատրաստական մեծ աշխատանք էր տարվել խորեոգրաֆ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի եւ փորձավար, ՀՀ վաստակավոր արտիստ Սոնա Առուստամյանի ղեկավարությամբ: Նվագախումբը ղեկավարում էր ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը: Զգացվեց, որ Մալայզիայում պատրաստված ու խստապահանջ հանդիսատես կա: Կային համարներ, որ ընդունվում էին հոտնկայս ծափողջույններով: Իմիջիայլոց, «Շչելկունչիկ», «Կարապի լիճ» բալետները բացակայում են մեր թատրոնի խաղացանկից»,- ասաց Մերի Հովհաննիսյանը: Ժպտալով հավելեց, որ իր դեպքում նույնիսկ պրեմիերա է եղել՝ նկատի ունենալով Ֆրիգիայի դերապարը «Սպարտակում»: Նշենք, որ արվեստագետին մշտապես հանդիպել ենք հիշյալ ներկայացման մեջ Էգինիայի կերպարով: Մեր զրուցակցին հիշեցրինք դարձյալ Երեւանի օպերային թատրոնի բալետային խմբով Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում 2013թ. հյուրախաղը եւ Ռուբեն Մուրադյանի հետ 2016թ. Կիրգիզիայի Աբդիլաս Մալդիբաեւի անվան օպերայի եւ բալետի թատրոնի բալետային խմբի ընկերակցությամբ Ադանի «Ժիզելում» (Ժիզել եւ Ալբերտ) ելույթը՝ կարեւորելով հյուրախաղի անհրաժեշտությունը յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործական կյանքում:
Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում դասական արվեստի ոլորտում մենեջերների բացակայությանը, ինչի առիթով Մերի Հովհաննիսյանը, ինչպես իր գործընկերները, ափսոսանք հայտնեց:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Մերի Հովհաննիսյանը՝ «Կարապի լիճ» ներկայացումից առաջ:
«Առավոտ»
15.02.2018