Կամ՝ Արթուր Խուդոյանը կինոաշխարհի մասին
Դեռ դպրոցական տարիքից Արթուր Խուդոյանը դերասան Մհեր Մկրտչյանի մեծ երկրպագուն էր: Երեւի հենց դա էր պատճառը, որ այդ տարիքից երազում էր դերասան դառնալու մասին: «Մի օր ես եւ քույրս քայլում էինք «Կինո Երեւանի» մոտակայքում եւ ականատես եղանք, թե ինչպես է նկարահանվում «Հայրիկ» ֆիլմը: Առաջին անգամ ես տեսա կինոխցիկ, լուսարձակներ, մի խոսքով, հետեւում էինք նկարահանման ընթացքին: Հենց այդ պահից որոշեցի, որ հաստատ պիտի դերասան դառնամ»,- պատմում է Արթուր Խուդոյանը:
Դպրոցում Արթուր Խուդոյանը ստեղծում է թատերական խմբակ, բեմադրում մանրապատումներ, մնջախաղեր:
Դպրոցն ավարտելուց հետո ինստիտուտ ընդունվելու երկու անհաջող փորձից հասկանում է, որ հաջողության հասնելու համար շատ աշխատել ու պայքարել է հարկավոր: Այս ամենը տալիս է իր սպասված արդյունքը: Արթուր Խուդոյանն ընդունվում է Մանկավարժական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժին: Փոխելով դերասան դառնալու որոշումը, նա սիրահարվում է կինոռեժիսուրայի ոչ պակաս հետաքրքիր աշխարհին: Ինստիտուտն ավարտելուց հետո իր վարպետ Յուրի Երզնկյանն ընտրում է մի քանի լավ ուսանողների եւ ուղարկում «Հայֆիլմ» -ում աշխատելու: Ուսանողների մեջ էր նաեւ Արթուր Խուդոյանը: Նա աշխատել է նաեւ Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ ստեղծել է «Թղթապանակ համար…» հաղորդաշարը` բռնադատվածների մասին: «Հաղորդմանը հետաքրքիր մոտեցում ցուցաբերեցինք, հաղորդաշարի մեջ մտցրինք կինոյի լեզու»,- պատմում է ռեժիսոր Արթուր Խուդոյանը:
Մի քանի ֆիլմերում նա, այնուամենայնիվ, ներկայանում է որպես դերասան:
«Ջութակի համերգ նվագախմբի համար» ֆիլմը Արթուր Խուդոյանի առաջին նկարահանած ֆիլմն էր, որը ֆիլաֆոնիստների մասին է: Նրա 1991 թվականին նկարահանած «Սպիտակ գիշեր կույր սուրհանդակի համար» ֆիլմը, որի համահեղինակն է Է. Վիրապյանը, արժանացել է Հյուսթոնի միջազգային կինոփառատոնի էքսպերիմենտալ ժանրի հատուկ մրցանակի:
2010 թվականին նախաձեռնած իր նոր ծրագրի համար Արթուր Խուդոյանը որոշում է ֆոլկլորային երգեր հավաքել: Սկսում է հենց իր ծննդավայր Վայոց ձորից: Հետաքրքրվում եւ տեղեկանում է Եղեգիս գյուղում ապրող աշուղ Քոչարի մասին, որը ֆոլկլորային երգեր էր հավաքում: Եվ հենց նա էլ դառնում է Արթուր Խուդոյանի «Ինձ աշուղ են ասում» ֆիլմի հերոսը:
Արթուր Խուդոյանի սեղանին դրված սցենարներ շատ կան, ֆինանսն է միակ պատճառը, որ դրանք դեռ ֆիլմեր չեն դարձել:
Այժմ աշխատում է «Եվ՛ հայր, եւ՛ որդի» խաղարկային ֆիլմի սցենարի վրա, որն իր կարծիքով՝ մարտին վերջնական պատրաստ կլինի: Մեր զրուցակիցը հույս ունի, որ կգտնվեն հովանավորներ, որոնք պատրաստակամություն կհայտնեն ֆինանսավորման հարցում:
ՄԱՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«Առավոտ»
15.02.2018