Լրահոս
Օրվա լրահոսը

Սիրո փրկության բանաձեւը՝ բրենդավորված հարաբերությունների միջավայրում

Փետրվար 16,2018 13:30

Սիրո թեման անմահ եւ անսպառ է: Թերեւս ճիշտ է: Սակայն եթե անգամ հպանցիկ հայացքով դիտենք թեւանցուկ քայլող զույգերին, կթվա, որ սիրո դրսեւորման միակ միջավայրն արվեստի ստեղծագործություններն են, իսկ իրականը բրենդավորված հարաբերություններն են՝ անարժեք ու թանկագին:

Սա՞ է իրականությունը… Եթե ոչ, ապա ո՞ւր են իրական սիրո թեւերով ճախրողները, եթե այո, ապա ինչո՞ւ է սիրո թեման այսքան կենսական ու իրական արվեստում:
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի երիտասարդ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանը «երկու դերասանի թատրոն» ձեւաչափն է ընտրել իր ստեղծագործական որոնումներում եւ հանդիսատեսի դատին հանձնել երկու ներկայացում՝ բեւեռային տարբեր լուծումներով, բայց առանցքում սիրո փրկության թեման է: Մի դեպքում երեւակայական երազային իրականությունում ապրող սերն է, երբ սիրահարները փրկություն են փնտրում իրականում իրար գտնելու մեջ, մյուս դեպքում՝ սիրո փրկությունը իրականությունից փախուստն է, դեպի երեւակայական կերպավորմամբ փոխհարաբերութունների տիրույթ:

Գաբրիել Գարսիա Մարկեսի «Երկնագույն շան աչքերը» պատմվածքը Արսեն Միքայելյանի բեմականացմամբ դարձավ երիտասարդական փորձարարական ներկայացման նյութ՝ երազ-իրականություն հրավիրելով ամբողջ Գյումրիին:

Հարոլդ Փիթերի «Սիրեկանները» Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճի բեմում արտացոլվել էր «Սիրային խաղեր» խորագրով: Բեմում փորձառու, բայց երիտասարդ դերասաններ Տիգրան Գաբոյանն ու Դիաննա Մացոյանն են: Բեմանկարչական ձեւավորումն առաջին հայացքից պարզ կենցաղային է՝ սովորական ամուսնական զույգի ննջասենյակ, սակայն սիմվոլ է յուրաքանչյուր դետալ: Բեմի կենտրոնում դրված է շրջանաձեւ մահճակալ, որը զույգի փոխհարաբերությունների արտացոլքն է՝ կիսվելով ու աստիճանաբար հեռանալով վիզուալ ներկայացնում է հերոսների ներաշխարհը: Կիսալուսնաձեւ 2 սուրճի սեղաններն էլ են միավորվում ու հեռանում՝ շրջան կազմելով խորհրդանշում ընտանիքը, իսկ բաժանվելով՝ օտար անհատների, որոնք թեեւ ամուր կանգնած են, բայց եւ կիսատ են առանց մեկը մյուսի: Կատակերգականի լույսի ներքո ներկայացված է մի ընտանիքի պատմություն, որը նույնպես ինչ-որ իմաստով նմանատիպ հարաբերությունների պայմանական արտացոլքն է: Քիչ չեն զույգերը, որոնց սիրո պատմությունն ավարտվում է, երբ կենցաղը առաջնային նշանակություն է ստանում, «բարի լույս, սուրճ, աշխատանքի, տուն» ցիկլը մարդկանց վերածում է անիվի մեջ վազող սկյուռի, միանման օրերի շրջափուլը նաեւ այս զույգի սիրո կործանման համար էր պարարտ հող դարձել: Սակայն կանացի հնարամտությունը կենցաղային գորշությունը գունավորելու ճանապարհը գտավ, դեղին բարձրակրունկները դարձան խաղային իրականության մուտքի խորհրդանիշը՝ փրկելով սերն ու ընտանիքը:

Երազն է սիրո տունը, աննյութեղեն ու անգին իրականությունը: Ու երանի բրենդների մրցավազքում մարդը չկորցնի երազելու շնորհը, ու սերը միայն անմահ թեմա չլինի, այլ ապրի յուրաքանչյուրի կյանքում:

 

ՎԱՆՈՒՀԻ ՍԵԹՈՅԱՆ

«Առավոտ»

15.02.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728