Զբոսաշրջությունը Լոռու մարզը զարգացնող ճյուղերից մեկն է դառնալու, այս կարծիքին է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը: Մարզպետարանի տվյալներով 2016 թվականի համեմատությամբ, 2017 թվականին մարզ է այցելած զբոսաշրջիկների թիվը կրկնապատկվել է, կազմելով 200.000 մարդ:
Այս տարի մարզի Շահումյան համայնքում՝ Մայմեխ լեռան ստորոտում նախատեսվում է կառուցել տարածաշրջանում նմանը չունեցող ճոպանուղի, որի շնորհիվ մարզում զբոսաշրջիկների թիվն ավելի կմեծանա. «Այդ շղթայական ծրագիրը զարգացնելու է հատկապես Վանաձորը եւ Գուգարքի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքները: Այդ հզորությամբ ճոպանուղի տարածաշրջանում չի լինելու, ինքն իր հզորությամբ լինելու է եզակի: Բոլոր հնարավոր պայմանները ստեղծելու է ենթակառուցվածքները եւ ընդհանուր տնտեսական շարժը զարգացնելու եւ ապահովելու համար»:
Արթուր Նալբանդյանը վստահեցրեց, մարզի զարգացման համար կան ռեալ ներդրողներ: Նրա խոսքով արդեն իսկ մասնավորի կողմից իրականացվում են նախագծման աշխատանքներ: Իսկ առաջիկայում կիրականացվի ներդրումային ծրագիրը. «Ռեալ ներդրողը լուրջ մասնագետների միջոցով փորձեց ուսումնասիրություններ կատարել Մայմեխի ստորոտում, թե որ հատվածն է ավելի նպատակահարմար, որպեսզի ճոպանուղին կառուցվի: Եւ մասնագետները եկան այն եզրակացության, որ այն հատվածում, որտեղ դեռ խորհրդային տարիներից կա կիսակառույց, այդքան էլ նպատակահարմար չէ, որովհետև ձյան տեւողությունն այստեղ ավելի կարճ է, քան Շահումյան համայնքում՝ Մայմեխի հատվածում: Դրա համար որոշում կայացվեց, որ ճոպանուղին այդ տարածքում կառուցվի»:
Հրավիրված այս տարվա առաջին ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների այն հարցին, որ մարզում տուրիզմը զարգացնելուն զուգահեռ, Վանաձորում շարունակում են անբարեկարգ մնալ փողոցներ ու այգիները, Արթուր Նալբանդյանն ասաց, որ շուտով Վանաձորը կրկին ձեռք է բերելու իր նախկին՝ կանաչ եւ բարեկարգ քաղաքի համբավը. «Այս տարվանից սկսած Վանաձորի զարգացման ծրագիրը մտնելու է իր գործողությունների մեջ, եւ օգոստոս- սեպտեմբեր ամիսներին Ասիական բանկի այն ծրագիրը, որը վերաբերում է 25 միլիոն դոլարին, պետք է մեկնարկը տրվի:
Եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ Վանաձորի հիմնական բոլոր փողոցները, հրապարակները բարեկարգվելու են, այգիները կանաչապատվելու եւ բարեկարգվելու են: Եւ Վանաձորը վերադառնալու է իր նախկին համբավին, որպես կանաչ եւ բարեկարգ քաղաք: Վանաձորի քաղաքապետարանն արդեն իսկ մշակել է նախնական նախագծեր եւ ներկայացրել տարածքային կառավարման նախարարություն: Մի քանի փոփոխություններից հետո 25 միլիոն դոլարի ներդրումային ծրագիրը մտնելու է Վանաձոր»:
Մարզպետի խոսքով մարզի հեռանկարային ու կարեւորագույն ոլորտներից է համարվում նաեւ ՏՏ ոլորտը: 10 համայնքների 17 դպրոցներում կառուցվել են Սմարթ դասասենյակներ: Նախատեսվում է, որ մինչեւ այս տարվա կես համայնքներում կստեղծվեն եւս 7 նման դասասենյակներ:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ