Ըստ The Tobacco Atlas կազմակերպության հետազոտությունների՝ կանոնավոր ծխողների մեծամասնությունը առաջին անգամ ծխախոտ է փորձել մինչեւ ավագ դպրոցն ավարտելը։ Aravot.am-ը հարցում անցկացրեց՝ պարզելու, թե Հայաստանում դեռահասները որքանով են հակված ծխելուն: Հարցմանը մասնակցել է 300 հոգի, որոնցից 61%-ը (183 հոգի) առաջին անգամ ծխախոտ է փորձել մինչև չափահաս դառնալը:
Aravot.am-ի հետ զրույցում դեռահասները պատմում են.
-Դա ուղղակի ինձ օգնում էր ավելի ինքնավստահ լինել։ Ինձ թվում էր՝ եթե ես չծխեի, իմ դասընկերներին ինձ չէին հարգի։ Արդեն մեկ տարի է՝ ծխում եմ: Բայց սկզբում ես ատում էի ծխախոտի համը։ Հիմա փորձում եմ թողնել ծխելը, բայց չի ստացվում:- ասում է 15-ամյա Ա-ն Սիսիանից։
-Ինձ համոզել են ծխել 13 տարեկանում: Այն շրջապատում, ուր հիմա ես եմ, բոլոր տղաները ծխում են, դե ես էլ պետք է ինչ-որ կերպ մտնեմ իրենց շարքերը: Սկզբում վախենում էի ծնողներիցս, հրաժարվում էի ծխախոտից, իսկ հիմա արդեն սովորել եմ՝ ինչպես անցկացնել դրա հոտը վրայիցս,- պատմում է 14-ամյա Գ-ն Երևանից:
-Ես ինքս եմ ուզել ծխել, ինձ վրա ճնշում չի եղել: Ուղղակի հետաքրքիր էր, թե ինչ է դա: Հիմա չեմ փոշմանել, որ սկսել եմ ծխել. կյանքիս մասնիկն է դարձել,- պատասխանում է 16-ամյա Ս-ն:
Դեռահաս աղջիկներից մեկը նույնպես կիսվեց իր պատմությամբ։
– Իմ բոլոր լավ ընկերներն էլ փորձել են ծխել։ Ես ավելի շատ տղա ընկերներ ունեմ և սկսել եմ ծխել, որ իրենց շրջապատում ինձ ավելի հարմար զգամ։ Իմ ծնողները տեղյակ չեն։ Եթե իմանան, շատ կբարկանան։ Բայց ինձ թվում է՝ ես արդեն մեծ եմ, ու կարող եմ անել՝ ինչ ուզում եմ։ Արդեն կես տարի է՝ ծխում եմ։ Ծխախոտ ես չեմ գնում, մենք ուղղակի մեր ընկերական շրջապատում կիսում ենք ամեն ինչ, – ասում է 16-ամյա Մ-ն Երևանից։
-Ես էլ առաջին անգամ ծխախոտ փորձեցի, որ սիրածս տղային ավելի դուր գամ: Հիմա թողել եմ, չեմ ծխում, բայց այդ ժամանակներն էլ հաճույքով չեմ հիշում, – պատմում է 17-ամյա մի աղջիկ:
Դեռահասները ծխախոտ գնում են խանութներից ու կրպակներից: Լինում է, որ հրաժարվում են իրենց ծխախոտ վաճառել, այդ դեպքում ուրիշ կրպակ են գնում: Կրպակներից մեկի վաճառողը պատմում է.
-Օրը 3-4 երեխա է գալիս, ծխախոտ ուզում: Մեզ արգելված է դեռահասներին ծխախոտ վաճառելը, բայց եթե մեզնից էլ չգնեն, ուրիշ տեղերից գնում են: Միայն վաճառում եմ այն երեխաներին, ում ծնողներին հաստատ գիտեմ, ովքեր նախօրոք զգուշացնում են, որ իրենց երեխան կարող է գալ՝ ծխախոտ գնելու: Թե չէ ինչպե՞ս կարող եմ դեռահասին թույն վաճառել:
Օրենքով՝ 18 տարեկանը չլրացած ցանկացած անձի արգելվում է վաճառել ծխախոտ:
Ըստ «Երեխաների և դեռահասների սոցիալ-առողջապահական աջակցության կենտրոն» ՀԿ-ի, դեռահասների ծխել սկսելու պատճառները տարբեր են. նրանք կարող են սկսել ծխելը, քանի որ կարծում են, թե դա նորաձև է, իրենց ընկերներն էլ ծխում են։ Դեռահասը կարող է իր ընկերներին կորցնելու սպառնալիք զգալ, եթե չսկսի ծխել։ Նրանք նաև ցանկություն ունեն նոր բան փորձելու, և ծխելը հասանելի տարբերակ է։ Ավագ դպրոցում սովորող կանոնավոր ծխողների չորսից երեքն արդեն փորձել են հրաժարվել դրանից, բայց չեն կարողացել։ Ծնողների ծխող լինելը նույնպես ազդում է։
Կանոնավոր ծխող ծնողներից մեկը հարցազրույցում ասաց, որ կարծում է՝ երեխան ինքն է որոշում ծխել, թե ոչ: Միջավայրը ամենամեծ ազդեցությունն ունի: Կան ծխող շատ ծնողներ, ում երեխաները չեն ծխում, և հակառակը: Օրինակ, ինքը ծխում է, իսկ իր որդին՝ ոչ:
Ըստ վիճակագրության՝ ամեն օր մոտավորապես 88 դեռահաս ծխում է մեկ տուփից ավելի ծխախոտ, իսկ երիտասարդ տարիքում ակտիվ ծխելը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների, ինչպիսիք են սրտային և թոքային անբավարարությունը, թոքերի քաղցկեղը:
Զարինե ԳՐԻԳՈՐՅԱՆ