Լրահոս
Օրվա լրահոսը

«Պապլավոկում», «Կազիրյոկում» ու «Սկվազնիչոկում» ձեւավորվեցին դեպի անկախություն տանող գաղափարները

Փետրվար 15,2018 21:33

Երեք սրճարաններում` «Պապլավոկում», «Կազիրյոկում» ու «Սկվազնիչոկում» ձեւավորվեցին անկախություն տանող գաղափարները: 70-ականներին այդտեղ էին հավաքվում գրողներ, գրականագետներ, բանաստեղծներ, որոնք հետագայում ձեւավորեցին 1988-ի պոռթկումը: Այսօր EVN Report-ի կազմակերպած «1988-ի Շարժումը. վերաիմաստավորելով Հրապարակը» հանրային քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց Ամերիկյան համալսարանի դասախոս Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

Ըստ նրա, 1988-ը թե՛ պոռթկում էր, թե՛ սկիզբ էր, թե՛ շարունակություն է: Միջոցառումը կազմակերպվել էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին ընդառաջ:

Ներկաները վերհիշեցին Լեռնային Ղարաբաղի եւ Խորհրդային Հայաստանի վերամիավորմանը կոչ անող 1988-ի զանգվածային ցույցերը: Միջոցառման կազմակերպիչները մտահոգություն հայտնեցին, որ նոր սերունդն այնքան էլ տեղեկացված չէ այդ շարժումից:

Վահրամ Տեր-Մաթեւոսյանն ասաց, որ 1988-ի շարժումը խորհրդային պատմության մեջ բողոքի ամենախոշոր շարժումներից էր:

Ըստ նրա, Զարթոնքը սկսվեց 60-ականներին, երբ`Ստալինի արձանն ապամոնտաժվեց, 67 թ-ին տեղադրվեց Մայր Հայաստանի արձանը: Կառուցվեց Մատենադարանի շենքը, Գրիգոր Տաթեւացու, Սասունցի Դավթի, Վարդան Մամիկոնյանի արձանները տեղադրվեցին. «Այդ ամենը հետք էին թողնում հանրային տրամադրությունների վրա: 70-ական թվականներին երիտասարդներն ավելի շատ սկսեցին հետաքրքրվել հոգեւոր երաժշտությամբ նաեւ սկսեցին եկեղեցով ամուսնանալ: Մի շարք գյուղերի անունները 70-ականներին հայիֆիկացվեցին:

Քննարկմանը ներկա ԵՊՀ դասախոս Հարություն Մարությանը ցիտեց Վլադիմիր Լենինի մտքերը` «Հեղափոխության համար բավարար չէ, որ ներքեւները չցանկանան առաջվա պես ապրել, դրա համար պահանջվում է նաեւ, որ վերեւները չկարողանան առաջվա պես կառավարել»: Ապա` անդրադարձավ հեղափոխությունների ժամանակ ցուցապաստառների դերին ու կարեւորությանը:

Ղարաբաղյան շարժման ժամանակ ծնված ցուցապաստառները, ըստ Հարություն Մարությանի, հսկայական տեղեկատվություն են պարունակում տվյալ ժամանակաշրջանի մասին.

«Ցուցապաստառներով հարմար է հետեւել հասարակական զարգացումների փուլերին: Ղարաբաղյան շարժման ընթացքում ստեղծված ցուցապաստառների յուրահատկությունն այն էր, որ դրանց ճնշող մեծամասնությունը ոչ այնքան առանձին կուսակցությունների կամ քաղաքական հոսանքների ծրագրային դրույթներն էին արտահայտում, որքան հաղորդում էին ժողովրդի մտահոգությունները, ցանկությունները, այս կամ այն իրականության գնահատականը»: Պարոն Մարությանը գտնում է, որ ցուցապաստառներն այդ ժամանակ իրենց վրա վերցրին ազատ մամուլի գործառույթը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728