Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քթի վիրահատությունը հարկային դաշտ մտցնել ուզող ուժը դրա ծանր հետեւանքները կզգա». Փաշինյանը՝ կառավարությանը. (Տեսանյութ)

Փետրվար 15,2018 19:20

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվում էր «Ելքի» նախագիծը՝ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին:

Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն ասաց, որ Հարկային օրենսգրքով կառավարությունը ձեռներեցությանը աջակցության լայն գործիքակազմ է առաջարկել: 55 հազար անհատ ձեռնարկատերերի հարկային բեռը իջնելու է, դա արդեն զգալի ծանրաբեռնվածություն է պետբյուջեի նկատմամբ եւ ակցիզային հարկի բարձրացումը նպատակ ուներ դա մեղմելու:

Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նրան հարցրեց՝ արդյոք պետական ապարատը կրճատման լուրջ ռեսուրս չունի՞, չե՞ք կարող օպտիմալացնել ծախսերը: Անանյանը պատասխանեց. «Իհարկե, ունի»: Այնուամենայնիվ, նա հորդորեց դրական եզրակացություն չտալ նախագծին, քանի որ այն, ըստ իրենց, խոցելի է, չի առաջարկվում, թե բացասական հետեւանքները ինչպես են փոխհատուցվելու:

«Ելք» խմբակցության անդամ Արամ Սարգսյանն ասաց, որ բազմաթիվ տեղեր կան, բյուջեի ծախսերը կրճատելու,ՀՀ-ի ռեսուրսները պետք է ճիշտ կառավարել: Նա ասաց, որ «Ֆորբս»-ը ՀՀ-ում բիզնես ծավալելու գործունեության ազատությունների սանդղակ հրապարակեց, մենք Ադրբեջանից էլ հետ ենք, տարածաշրջանում ամենավերջին տեղում ենք:

Նախագիծը ներկայացնող Նիկոլ Փաշինյանն իր ամփոփիչ ելույթում ասաց. «ՀՀ-ում երկար ժամանակ է խոսում են, որ պետք է հարկումը տեղափոխեն սպառման դաշտ: Հարակից զեկուցողն էլ ասաց դա: Ըստ էության, գործող Հարկային օրենսգիրքը այս կոնցեպտի արտահայտումն է: 150 հազար դրամ ստացող քաղաքացու եկամտահարկը կրճատվել է մոտ 7 տոկոսով, նրա կողմից սպառվող գազի ակցիզային հարկը բարձրացել է 200 տոկոսով: Ասում է՝ բա այն 33 մլրդ-ը, որ պետք է կրճատվի, որտեղի՞ց հատուցենք: Ես շատ հստակ ասացի՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը 0.6 տոկոսային կետով իջել է, մտել է ստվեր: 2017-ը նախընտրական տարի է, այդ տարում ընտրակաշառքի ձեւով ստվերային գումարներ են ծախսվել եւ այդ գումարները պետք է հետ վերադառնան»:

Փաշինյանն ասաց, որ մինչեւ հունվարի 1-ն էլ բենզինի գինը 18 տոկոսով բարձրացել էր, բա այդ ժամանակ ինչի՞ է բարձրացել, ո՞ւր է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

Խոսրով Հարությունյանը միջամտեց՝ ասելով, որ ՏՄՊՊՀ-ի մասով նոր նախագիծ է մշակվում եւ նոր գործիքակազմ են տալու այդ հանձնաժողովին:Փաշինյան էլ հեգնեց. «Հանձնաժողովը հիմա էլ լուրջ գործիքակազմ ունի, ուղղակի ասում է՝ քաղաքացի դատավոր, նա չի կարող նստել, ի՞նչ պիտի անի իր գործիքակազմով, գլխավոր դատախազությունը ԱԱԾ-ն չունի՞ գործիքակազմ, կառավարությունը չունի՞, մեռանք ամեն ինչ գործիքակազմի վրա գցել»:

Խոսրով Հարությունյանն ասել էր, որ եթե քաղաքացին 10 մլդ-ի ծախս ունի, մենք իրեն 6 մլրդ ենք տալիս, մեկ է, դա իրեն պետք չի: Փաշինյանն արձագանքեց. «էլի վերադարձանք կարտոֆիլի կոնցեպցիային»:

Խոսրով Հարությունյանը պատասխանեց. «Ես նորից սխալ հասկացվեցի հավանաբար: Իմ հարցադրումը դա չէր, որ չարժի 3000 կամ 5000 բարձրացնել եւ զուգահեռներ անցկացնել հայտի իմ ասած ֆրազի հետ, մի անգամ ասացիք ինովացիոն, ոչ մի ինովացիա էլ չկար այդտեղ, լրատվամիջոցները ինչքան կարողացան՝ խեղեցին: Ես ոչ թե ասում եմ սոցիալապես անապահովին չաջակցենք, ես ասում եմ դրա գինը որն է, մյուս ծայրում էլ այդ պրոբլեմն է»:

Կառավարության ներկայացուցիչն ասել էր, որ «Ելքը» չի ցույց տալիս, թե հարկային բեռը մի տեղ նվազեցնելով՝ որտեղի՞ց այդ գումարները հավաքեն, եթե գոնե առաջարկեր, որ էսթետիկ վիրաբուժությունը չի հարկվում, թող հարկվի, էլի հասկանալի կլիներ: Փաշինյանը պատասխանեց. «Երբ կառավարությունն առաջարկում է, որ պլաստիկ վիրահատությունները մենք հարկենք, կարող է մի պահ տպավորություն լինել, թե կառավարության ներկայացուցիչը որոշել է ընդդիմությանը լավ միտք հուշել, բայց ՀՀ-ում, որտեղ բնակչության 90 տոկոսը հայեր են, քթի վիրահատությունը հարկային դաշտ մտցնել ուզող ուժը, համոզված եմ, դրա ծանր հետեւանքները կզգա, հետեւաբար այդ առաջարկը ես վերադարձնում եմ կառավարությանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց նախագծին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728